Armenian ARMSCII Armenian
Կ-264-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը եւ կազմավորման կարգը:

Հոդված 2. Պետական կառավարման համակարգի մարմինները

1. Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինները:

2. Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը կարող է սահմանվել Կառավարության որոշմամբ։

Հոդված 3. Նախարարությունը

1. Նախարարությունը մշակում եւ իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունների ցանկը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 4. Կառավարությանը ենթակա մարմինը

1. Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաեւ աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կառավարությանը ենթակա մարմիններն են՝

1) Պետական եկամուտների կոմիտեն.

2) Քաղաքաշինության կոմիտեն.

3) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.

4) Վիճակագրական կոմիտեն.

5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն.

6) Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը.

7) Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը.

8) Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը.

9) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

10) Կրթության տեսչական մարմինը.

11) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Հոդված 5. Վարչապետին ենթակա մարմինները

1. Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության եւ պետական վերահսկողության ոլորտներում:

2. Վարչապետին ենթակա մարմիններն են՝

1) Ազգային անվտանգության ծառայությունը.

2) Ոստիկանությունը.

3) Պետական պահպանության ծառայությունը.

4) Պետական վերահսկողական ծառայությունը:

Հոդված 6. Նախարարությանը ենթակա մարմինը

1. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում եւ ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:

2. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.

2) Քրեակատարողական ծառայությունը.

3) Պրոբացիայի ծառայությունը.

4) Փրկարար ծառայությունը.

5) Սոցիալական ապահովության ծառայությունը.

6) Պետական արարողակարգի ծառայությունը.

7) Միգրացիոն ծառայությունը.

8) Ջրային կոմիտեն.

9) Գիտության կոմիտեն.

10) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

11) Զբոսաշրջության կոմիտեն.

12) Զինված ուժերի գլխավոր շտաբը.

13) Ռազմարդյունաբերության կոմիտեն.

14) Պետական գույքի կառավարման կոմիտեն.

15) Բարձրագույն որակավորման կոմիտեն.

16) Անտառային կոմիտեն.

17) Լեզվի կոմիտեն:

3. Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 7. Պետական կառավարման համակարգի մարմնի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը

1. Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում եւ դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

2. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Կառավարությունը՝ բացառությամբ տեսչական մարմինների:

3. Տեսչական մարմնի ղեկավարին Տեսչական մարմնի կառավարման խորհրդի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

4. Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

5. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է համապատասխան նախարարը:

9. Նախարարության, ինչպես նաեւ նախարարությանը ենթակա մարմնի աշխատողների թվաքանակը, համապատասխան նախարարի առաջարկությամբ, սահմանում է վարչապետը: Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների աշխատողների թվաքանակը սահմանում է վարչապետը:

10. Նախարարության կանոնադրությունը հաստատում է վարչապետը՝ համապատասխան նախարարի առաջարկությամբ:

11. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում է վարչապետը:

12. Նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունը հաստատում համապատասխան նախարարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

13. Նախարարության հաստիքացուցակը հաստատում է համապատասխան նախարարը:

14. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմնի հաստիքացուցակը հաստատում է տվյալ մարմնի ղեկավարը:

15. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը տվյալ մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համապատասխան նախարարը:

16. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրությունը, ի թիվս այլնի, ներառում է պետական կառավարման համակարգի մարմնի՝

1) անվանումը եւ գտնվելու վայրը.

2) գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.

3) կառավարման եւ ղեկավարման կազմակերպումը.

4) կառուցվածքը:

17. Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված Կառավարությունը մեկամսյա ժամկետում սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝

1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.

2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.

3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.

4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.

5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Անշարժ գույքի կադաստրի կոմիտե.

6) Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.

7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.

8) Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Պետական պահպանության ծառայություն.

9) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարման ծառայություն.

10) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.

11) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.

12) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

13) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.

14) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.

15) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.

16) տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.

17) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.

18) բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Անտառային կոմիտե.

19) կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.

20) կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.

21) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.

22) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.

23) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.

24) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.

25) կրթության եւ գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորմանկոմիտե:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում հաստատվում են սույն օրենքի 4-6-րդ հոդվածներում թվարկված պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների կանոնադրությունները եւ սահմանվում աշխատողների թվաքանակը: Մինչ այդ շարունակում են գործել սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված մարմինների կանոնադրությունը եւ աշխատողների թվաքանակը սահմանող իրավական ակտերը՝ այնքանով, որքանով չեն հակասում օրենքին:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված մարմինների կամ նրանց ղեկավարների կողմից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը մինչեւ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը:

6. Սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել:

7. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալը նշանակվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: