Armenian ARMSCII Armenian
Կ-26435-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի» բառերը փոխարինել «Միգրացիոն ծառայության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «անվտանգության հարցերով» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի պետական մարմնի» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության ծառայության» բառերով, իսկ «հանցավորության եւ հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի  եւ հասարակական կարգի պահպանման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` Ոստիկանություն)» բառերը փոխարինել «Ոստիկանության» բառով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման եւ սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`

1) Կառավարությունը.

2) լիազոր մարմինը.

3) Ազգային անվտանգության ծառայությունը,

4) Ոստիկանությունը.

5) արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).

6) աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին).

7) կրթության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).

8) առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).

9) խնամակալության եւ հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).

10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները).

11) այլ իրավասու պետական մարմինները (այսուհետ` այլ մարմիններ):»:

Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 34. Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը

1.  Միգրացիայի հարցերով լիազոր մարմինը նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

2.  Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, որին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է վարչապետը:

3.  Լիազոր մարմնի ղեկավարն ունի տեղակալ, որին լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

4. Լիազոր մարմինը`

1) քննարկում է օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման մասին դիմումները, նրանց տրամադրում է իրավական, սոցիալական եւ այլ բնույթի օժանդակություն.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ եւ իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.

3) իրականացնում է ապաստանի դիմումին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը եւ ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.

4) դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կիրառմանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հարցով.

5) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերով լիազոր մարմիններ, ինչպես նաեւ Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.

6) սույն օրենքով սահմանված կարգով ապաստանի դիմումների վերաբերյալ ընդունված վերջնական որոշումների մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը.

7) իր իրավասության լիարժեք իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների եւ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.

8) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների եւ ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաեւ հաշվառման վերցված ապաստան հայցողների եւ փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների եւ փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.

9) առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի եւ ընտանիքից անջատված անչափահաս եւ հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.

10) իրականացնում է փախստականի կարգավիճակ ստացած անձանց հասարակության մեջ ինտեգրմանն ուղղված միջոցառումներ (լեզվի եւքաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն եւ այլն).

11) աջակցում է ապաստանի հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների աշխատողների համար անհրաժեշտ վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը.

12) առաջարկություններ է ներկայացնում հանրապետության բնակչության վերաբնակեցման, բնակչության ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ.

13) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով.

14) աջակցում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման, կրթական, առողջապահական, իրավական օգնության եւ այլ հարցերում.

15) մասնակցում է միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակմանը.

16) իր իրավասության սահմաններում մասնակցում է անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:»:

Հոդված 5. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: