Armenian ARMSCII Armenian
Կ-26448-12.02.2018,06.03.2018-ՊԻՄԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ հոդվածով.

«Հոդված 6. Լեզվի կոմիտեն

1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Լեզվի կոմիտեն`

1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը եւ ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը:

2) ապահովում է `

ա. սույն օրենքի պահանջների կատարումը եւ լեզվական քաղաքականության պետական ծրագրի  իրականացումը.

բ. հայերենի կանոնարկումը եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը.

գ.ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.

3)  աջակցում է`

ա. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը.

բ. հեռուստառադիոընկերությունների` մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական եւ մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.

4) իրականացնում է  լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ,  վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաեւ  կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ,  սեմինարներ, ասուլիսներ.

5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման եւ կիրառման, անձնանունների, հայրանունների եւ ազգանունների, աշխարհագրական տեղանունների ինչպես նաեւ առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ:

6) նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց  լեզվի պահպանմանը, տարածմանը եւ զարգացմանը.

բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: