Armenian ARMSCII Armenian
Կ-2482-31.01.2018,19.03.2018-ՏՏԳԲ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը

1.  Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝   նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով.

1) սույն հոդվածով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

2. Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից ու աղբավայրերից դուրս՝

1) մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.

2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.

4) խոշոր եզրաչափի աղբ (երկու եւ ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային եւ ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝  տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

6) մինչեւ 5 հատ անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը), առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.

7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը)` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.

8) մինչեւ մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.

9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից  ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.

10)  կենսաբանական  թափոններ (կենդանական  ծագման պարենային եւ ոչ պարենային հումքի վերամշակման արդյունքում ստացված թափոններ, ինչպես նաեւ անասնապահական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության արդյունքում առաջացած թափոններ) թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

3. Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը եւ փոխադրումն առաջացնում է տուգանք' նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

4. Շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:

5. Տրանսպորտային միջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

6. Հիսուն տոննա եւ ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

7. Աղբավայրերի եւ թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

8. Սույն հոդվածի 2-ից 7-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:

9. Սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող եւ/կամ մշակութային եւ բնության ժառանգության տարածքներում կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով,  իսկ նշված վարչական իրավախախտումը կրկին անգամ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի քառապատիկի չափով:

10. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-ից 6-րդ, 8-ից 10-րդ եւ 13-ից 15-րդ կետերում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական  իրավախախտումը կատարած անձին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 81.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «եւ շինարարական աղբի» եւ  «կամ համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը» բառակապակցությունները:

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աղբ կամ այլ» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 15-րդ մասից հանել « ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 219.1-րդ  հոդվածի՝

1. 1-ին մասում «43.1-րդ հոդվածի» բառերից հետո «1-ին, 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 7-րդ մասերով» բառերով:

2. 2-րդ մասում «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ  եւ 10-րդ մասերով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ  հոդվածի`

1. 1-ին մասում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.1-րդ հոդվածի 5-րդ մասով,» բառերը:

2. 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «43.1-րդ հոդվածի 5-րդ մասով,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը հաջորդող օրվանից: