Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1150-02.05.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Պարտապանի  գույքի գնահատումը եւ իրացումը

1. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը կատարվում են սույն օրենքով եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքերում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո եռօրյա ժամկետում:»:

Հոդված  2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածը սահմանում է, որ պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` օրենք/ 30-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողի կողմից պարտապանին եւ պարտատիրոջը ծանուցումն ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո հարկադիր կատարողի կողմից` հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում: Նմանատիպ արհեստականորեն երկարաձգված ժամկետներ նախատեսված են նաեւ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում: Այսպես. օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով չկայացած հարկադիր աճուրդից հետո կրկնակի աճուրդի անցկացման համար նախատեսված է երեսունօրյա ժամկետ, իսկ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նախատեսված են պարտապանի եւ պահանջատիրոջ կողմից գրավոր առաջարկություններ ներկայացնելու 5 օրյա, իսկ երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն 7 օր առաջ հրապարակային ծանուցում կատարելու ժամկետներ: Նշված ժամկետները նպաստում են հանրային վաճառքի իրականացման ընթացակարգերի արհեստական բարդեցմանը եւ կոռուպցիոն ռիսկ են պարունակում:

Առաջարկվող լուծումները.

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածում` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքերում դրա վերաբերյալ որոշման կայացման ժամկետ սահմանելով գույքի գնահատումից հետո եռօրյա ժամկետը: Իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված աճուրդի ներկայացված լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողի կողմից պարտապանին եւ պարտատիրոջը ծանուցումն ուղարկելու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո հարկադիր կատարողի կողմից` հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշման կայացման ժամկետ սահմանել երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը: Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով չկայացած հարկադիր աճուրդից հետո կրկնակի աճուրդի անցկացման համար նախատեսված է երեսունօրյա ժամկետ: Ընթացակարգի հնարավորինս կրճատման նպատակով առաջարկում ենք երեսունօրյա ժամկետը փոխարինել տասնօրյա ժամկետով, իսկ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում պարտապանի եւ պահանջատիրոջ կողմից գրավոր առաջարկություններ ներկայացնելու 5 օրյա ու երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն 7 օր առաջ հրապարակային ծանուցում կատարելու ժամկետները նվազեցնել` սահմանելով համապատասխանաբար 3 եւ 5 օրյա ժամկետները:

Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխարգելել գույքի հանրային վաճառքի վիճակագրության վարման ընթացքում ի հայտ եկող հնարավոր թերացումները, պարզեցնել հանրային վաճառքի իրականացման ընթացակարգերը, ինչն իր հերթին կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: