Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3192-16.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 137.2 -րդ հոդվածի 7-րդ մասում «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնելու իրավունք վերապահված է նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: Օրենսդիրը վերջիններիս պետական տուրքը վճարելու հնարավորություն է տվել ոչ միայն տարեկան, այլեւ եռամսյակային կամ ամսական կտրվածքով:

Իր հերթին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսում պետական տուրքի վճարումն ուշացնելու համար: Մասնավորապես` հիշյալ հոդվածի երրորդ պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին»:

Պետական տուրքի չվճարման համար տույժը կիրառվում է դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար: Ընդ որում, կասեցման ամբողջ ժամանակահատվածում հաշվարկվում է տույժ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Իսկ լիցենզիայի գործողությունը մնում է կասեցված մինչեւ պետական տուրքի վճարումը:

Խնդիրը նրանում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հնարավորություն այն դեպքում, երբ տեւական կասեցումից հետո լիցենզավորված անձը չի կատարումը իր պարտականությունը, եւ բացակայում է վերջինիս կողմից լիցենզիան պահպանելու որեւէ շահագրգռվածություն: Նման իրավակարգավորման պայմաններում լիցենզիայի գործողությունը մնում է կասեցված երկարատեւ եւ անորոշ ժամանակահատվածում, իսկ լիազոր մարմինը պարտավոր է այդ ժամանակահատվածի համար հաշվարկել պետական տուրքի չվճարման համար նախատեսված տույժի գումարները:

Միաժամանակ, կասեցման ժամանակահատվածում պետական տուրքի չվճարման համար տույժի նախատեսումը էական ֆինանսական բեռ է հանդիսանում ինչպես ուղեւորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց, այնպես էլ տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտների համար: Վերջիններիս կողմից պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժի գումարների վճարման անկարողությունը հաճախ խոչընդոտում է շարունակելու հետագա գործունեությունը:

Իր հերթին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը լիցենզիայի գործողությունը կասեցնելու հնարավորություն նախատեսում է միայն տարեկան պետական տուրքը չվճարելու պարագայում: Մինչդեռ ներկայումս տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատսվում է ոչ միայն տարեկան, այլեւ ամսական եւ եռամսյակային պետական տուրք, որոնք ժամանակին չվճարելը եւս պետք է հիմք հանդիսանա լիցենզիայի գործողությունը կասեցնելու համար:

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար նախատեսում է վարչական տույժ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, որը հաճախ բավարար չի լինում նշված իրավախախտումները կանխարգելելու համար:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավակարգավորումներով նախատեսվում է տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմք, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո վեց ամսվա ընթացքում կասեցման հիմք հանդիսացող խախտումը չի վերացվել, այսինքն` պետական տուրքը չի վճարվել: Նշված հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց առնվազն մեկ ամիս առաջ անձը տեղեկացվում է լիցենզիայի գործողությունը դադարեցվելու հնարավորության մասին: Պետական տուրքի չվճարման հիմքով լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ` առանց դատական կարգի:

Միաժամանակ, ինչպես մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, այնպես էլ  տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից: Այս դրույթը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական տուրքի չվճարման համար տույժի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա, իսկ արդեն վճարված տույժի գումարները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպան լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման պարտավորությունների հաշվին:

Տրանսպորտի բնագավառում օրենքով սահմանված դեպքերում առանց լիցենզայի գործունեություն իրականացնելու դեպքերի կանխագելման նպատակով խստացվել է վարչական պատասխանատվությունը` նախատեսված տուգանքը սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Խնդիրը նրանում է, որ նշված իրավախախտման համար սահմանված տուգանքների չափերը փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Նախատեսվող իրավակարգավորումը հնարավոր իրավախախտներին հնարավորություն կտա օրենքի խախտման եւ ֆինանսական օգուտ ստանալու հնարավորությունների միջեւ ընտրություն կատարելիս խուսափել օրենքը խախտելու գայթակղությունից:
Միաժամանակ, առաջարկվում է վերացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձանց կողմից պետական տուրքը ժամանակին չգանձելու հետեւանքով նախատեսված պատասխանատվությունը: Պատասխանատվությունից ազատվում են նաեւ մինչեւ  նշված օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի` սահմանված ժամկետում չգանձման համար տույժի վճարման պարտավորություն ունեցող անձանց վրա:

Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող իրավակարգավորմամբ հնարավորություն կստեղծվի դադարեցնել այն ֆիզիկական անձանց լիցենզիայի գործողությունը, որոնք տեւականորեն չեն կատարում պետական տուրքի վճարման իրենց պարտականությունը եւ կասեցման ժամանակահատվածում որեւէ շահագրգռվածություն չեն ցուցաբերում լիցենզիայի գործողությունը պահպանելու համար` կամովին դիմում չներկայացնելով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ: Արդյունքում կթեթեւանա վարչական բեռը, լիազոր մարմինը հարկադրված չի լինի հաշվարկել պետական տուրքի եւ դրա չվճարման համար տույժի գումարներ եւ միջոցներ ձեռնարկել դրանք բռնագանձելու ուղղությամբ այն դեպքում, երբ լիցենզիայի իրավատերը փաստացի չի օգտվում լիցենզիայից:

Մյուս կողմից, տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող սուբյեկտները տույժի վճարման պարտավորությունից ազատելով` բարենպաստ պայմաններ կստեղծվեն վերջիններիս հետագա գործունեության իրականացման համար` որպես անհրաժեշտ նախապայման դիտարկելով միայն օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պարտականության կատարումը:

Առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար վարչական պատասխանատվության խստացումը հնարավորություն կտա կրճատել այս ոլորտում իրավախախտումների թիվը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
       ՊԱՐՈՆ  ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


 
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԲԱԲԼՈՅԱՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նախագծերին կից ներկայացվում են՝
 
ա) նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Խոսրով Հարությունյան),
 
բ) օրենքների  ընդունման հիմնավորումը,
 
գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:   
 

Պատգամավորներ՝  Խոսրով Հարությունյան
Վահրամ Բաղդասարյան
Գագիկ Մելիքյան