Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-355-16.08.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2003 թվականի ապրիլի 18-ի քրեկան օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը՝  շարադրել նոր խմբագրությամբ. «պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կարեւորագույն խնդիրներից է  ապօրինի ծառահատումների  դեմ  պայքարը: Ըստ ՀՀ ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ քր.օր-ի 296 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 2016 թվականին գրանցվել է 16, 2017 թվականին՝ 35, 2018 թվականի առաջին կիսամյակում՝ 27 հանցագործություններ, ինչը վկայում է նշված  հանցագործությունների աճի դինամիկայի մասին: Գործող  ՀՀ   քրեական  օրենսգրքի    296-րդ հոդվածի 1-ին  մասի  համաձայն՝  Անտառային   ֆոնդի   տարածքներում, ինչպես նաեւ   անտառային  ֆոնդի  մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը  հատելու  կամ  ոչնչացնելու,  պետական  կամ մասնավոր  սեփականություն  համարվող  բուսածածկը  ոչնչացնելու  կամ մինչեւ աճի դադարեցման  աստիճանի  վնասելու  համար, որպես  պատիժ  նախատեսում  է տուգանք՝ կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, որը  անհամեմատ փոքր պատժաչափ է  նման  հանցագործությունների   համար: Հարկ   եմ  համարում  նշել,  որ  նման  իրավիճակը  չի  զսպում վանդալներին զերծ  մնալու նման հանցագործություններ իրականացնելուց: Արդյունքում  հատվում են անտառները,  ծառերը  եւ  դրա   հետեւանքով  մեծ  վնաս  է  հասցվում  շրջակա միջավայրին՝ բնությանը: Նման  հանցագործությունների   դեպքում   գրեթե  իննսուն  կամ  հարյուր   տոկոսով,   որպես   պատիժ   կիրառվում  է  տուգանքը, կամ  կալանքը, որի  արդյունքում  հանցագործություն կատարած  անձինք ազատվում  են  ավելի  խիստ  պատժի  ենթարկվելուց  եւ  նման  հանգամանքը  չի  կարող  իր  ազդեցությունը  չունենալ  նշված հանցագործության դեմ պայաքարում:

Ուստի, առաջարկում եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը  խստացնել եւ երկամսյա կալանքը փոխարինել առավելագույնը երկու տարվա ազատազրկմամբ: Արդյունքում տվյալ հանցագործությունների համար նախատեսված պատիժի խստացումը  կզսպի եւ զերծ կպահի իրականացնել նմանատիպ  ապօրինի գործողություններ: 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Հարգելի պարոն Բաբլոյան.

Համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Կանխավ շնորհակալ ենք։
 

Ազգային ժողովի պատգամավոր`  Նաիրա Զոհրաբյան