Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-358-24.08.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետում «գործունեությամբ» բառից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «բացառությամբ տոտալիզատորի, որի կազմակերպիչն իրավունք ունի զբաղվելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով։» բառերը:

Հոդված 2. Օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» կետով.
«ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ.»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 - 5.3 - րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով` մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների (այդ թվում ինտերնետ տոտալիզատորների) բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների կողմից կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

«Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները

1. Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ/կամ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ (ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատոր) կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի: Նշված հաշիվները համալրվում են եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն ՀՀ եւ ՀՀ տարածքից դուրս գործող վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի խախտման դեպքում կիրառվում են սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցները:»:

«Հոդված 5.3. Հանրային նշանակության օբյեկտներում վիճակախաղերի կազմակերպիչների պաշտոնական կայքերի հասանելիության արգելափակումը.

1. Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը:
2. Սույն հոդվածով սահմանված պահանջի խախտումը առաջին անգամ առաջացնում է տուգանք մեկ միլիոն ՀՀ դրամի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար։ Առաջին խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը հայտնաբերելու դեպքում առաջացնում է տուգանք երեք միլիոն ՀՀ դրամի չափով՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար, իսկ առաջին անգամ խախտումը հայտնաբերելու օրվանից երկու տարվա ընթացքում երրորդ անգամ՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ միլիոն ՀՀ դրամի չափով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե2» կետով.
«ե2) խախտել է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամի չափով.»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: Սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից երեք ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է խաղասրահ մուտք գործել եւ ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը եւ սույն օրենքի 5?1 հոդվածի 1-ին կետով սահմանված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

Ներկայումս անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ խաղասրահի միջոցով տոտալիզատորների գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` տոտալիզատորով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Նախագիծը մշակվել է՝ ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից: Նախագիծը սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն վիճակախաղերի (տոտալիզատորի) եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով կազմակերպվող վիճակախաղի կազմակերպման կլաստերներ` աջակցելով տվյալ համայնքների զարգացմանը: Համայնքներն ընտրվել են զբոսաշրջային եւ հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով:

Թեեւ վիճակախաղի կազմակերպումը Եվրոպական Միության կողմից ճանաչված է որպես տնտեսական գործունեության տեսակ եւ ինքնին վիճահարույց չէ օրինականության տեսանկյունից, այնուամենայնիվ, այն որոշակիորեն զգայուն ոլորտ է՝ հատկապես ՀՀ բնակչության սոցիալական վիճակը հաշվի առնելով:

Վիճակախաղով հրապուրված անձանց կողմից հնարավոր են դեպքեր, որ այդպիսի անձիք իրենց եւ իրենց ընտանիքներին հասցնեն նյութական ծանր դրության:

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը:

Հենց այդ պատճառով անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումն արգելվում է ՀՀ ողջ տարածքում, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի քաղաքների:

Նույն նկատառումով սահմանվում է նաեւ տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ վերոգրյալ համայնքներում խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման դեպքերի:

Սրա արդյունքում տոտալիզատորին մասնակցելու համար քաղաքացին մի կողմից պետք է կատարի որոշակի գործողություններ՝ համացանցի միջոցով բացի խաղային հաշիվ, վճարահաշվարկային համակարգի միջոցով լիցքավորի հաշիվը, որն ավելի ժամանակատար գործընթաց է եւ հնարավորություն է տալիս, որպեսզի անձը, վիճակախաղին մասնակցելուց առաջ, ավելի երկար մտորի իր որոշման եւ դրա հետեւանքների մասին:

Մյուս կողմից, պահի ազդեցության տակ վիճակախաղին մասնակցելու շարժառիթն այլեւս վերանում է: Օրինակ՝ անձը, ով ֆինանսական դժվարություններ ունի, կարող էր պահի ազդեցության տակ որոշել մասնակցել վիճակախաղին շահելու ակնկալիքով եւ, ինչը պակաս կարեւոր չէ, անմիջականորեն խաղասրահում վիճակախաղին մասնակցելու դեպքում շահումը անմիջապես կանխիկացնելու հնարավորությունը հաշվի առնելով: Այդպիսի հնարավորությունն այլեւս հասանելի չի լինի, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի համայնքների:

Դրանից բացի, նախագծով սահմանվում է այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով:

Այդ նպատակով նախագիծը սահմանում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին, որը վճիռը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է ՀՀ տարածքում գործող տոտալիզատորների բոլոր կազմակերպիչներին, որպեսզի կազմակերպիչներն արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այսպիսով՝ ստուգելով խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաեւ, թե նա կա՞ արդյոք այն անձանց ցուցակում, ում մուտքը խաղասրահ վերոնշյալ հիմքերով պետք է արգելվի:

Այդ նպատակով լիազոր մարմինը սահմանում է նաեւ խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը եւ խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչների կողմից չպահպանելու դեպքում:

Նախագծով առաջարկվում է նաեւ հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:

Վերջին շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը հանգեցրել է հասարակության լայն շերտերի ներգրավմանը նախկինում ոչ այնքան հասանելի ոլորտներ, ինչպիսին է վիճակախաղի ոլորտը։ Դա առաջ է բերում պետական վերահսկողական լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտություն։

Հանրային նշանակության օբյեկտները, մեծամասամբ ապահովված լինելով այցելուների օգտագործման համար նախատեսված ինտերնետ կապի միջոցներով, անուղղակի կերպով նպաստում են վիճակախաղի տարածմանը եւ զարգացմանը:

Ներկա պայմաններում, հաշվի առնելով հասարակության բավականին լայն շերտերի, հատկապես անչափահասների շարժը նմանատիպ՝ հիմնականում ժամանցային օբյեկտներ, առաջանում է քաղաքացու եւ հատկապես անչափահասների՝ որպես առավել խոցելի խմբի՝ վիճակախաղերով հրապուրվելու ռիսկը չեզոքացնելու խնդիր:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արա Բաբլոյանին

Մեծարգո՜ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարակն նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Օրենքների ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը :

Խնդրում ենք օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Պատգամավորներ՝  Ալեն Սիմոնյան
Նաիրա Զոհրաբյան