Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3731-26.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3.1-րդ կետով՝

«3.1) հավաքն անցկացվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող տարածքներում, եկեղեցիներում, վանքերում եւ այլ սրբավայրերում.»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական  պահպանության օբյեկտների շարքին դասելու, ինչպես նաեւ որոշ դրույթների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անբեկանելի այն դրույթի պահպանման, հստակեցման եւ տարընթերցումների բացառման անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց որոշ խմբեր, յուրովի մեկնաբանելով ժողովրդավարական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները, կարող են այդ ազատությունների իրացման մեխանիզմները (այդ թվում` նաեւ հավաքների ազատության իրավունքը) օգտագործել այնպիսի տարածքներում եւ այնպիսի գործողությունների իրականացման նպատակով, որոնք ակնհայտորեն վտանգում են մեծամասնության իրավունքները, խաթարում են հասարակության բարոյական, կրոնական եւ հոգեւոր նորմերը, ինչպես նաեւ Սահմանադրության համաձայն` բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու բարի համբավն ու անունը, առաջարկվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով արգելել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող տարածքներում, եկեղեցիներում, վանքերում եւ այլ սրբավայրերում հավաքների անցկացումը` իրավական հիմքեր ստեղծելով նշված տարածքներում հավաքների ազատության անվան տակ սադրիչ գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ իրավական հիմքեր ստեղծել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական  պահպանությունն իրականացնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն նախագահ,

ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, հիմնական զեկուցող՝ Կարինե Աճեմյան:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

1) նախագծերի փաթեթը,

2) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

3) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ