Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-375-28.09.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 336-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 336. Անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը

1. Քննիչի կամ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, եթե տվյալ պահին ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

4) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

5) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

6) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությայամբ 336.1-ին հոդվածով.

«Հոդված 3361 . Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը

1. Դատավորի կողմից անձին ազատազրկման դատապարտելը եթե ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտելով,

4) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

5) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»

Հոդված 3. Օրենսգրքի 348-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 348.Ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ չազատելը

1. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ ձերբակալված անձին ակնհայտ ապօրինի չազատելը՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ակնհայտ ապօրինի կալանավորելը, կալանավորված անձին ակնհայտ ապօրինի չազատելը կամ կալանքի ժամկետը ակնհայտ ապօրինի երկարացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

4) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»։

Հոդված 4. Օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին մասը «կայացնելը» բառից հետո լրացնել «եւ եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 3361 -րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը հանցագործություն է համարում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը:

Ընդ որում, հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանությունից հետեւում է, որ նշված արարքը կարող է վերագրվել մինչդատական վարույթում մեղադրական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձանց՝ քննիչին կամ դատախազին, քանի որ կարող է զուգորդվել անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ կամ մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:

336-րդ հոդվածը ՀՀ քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 01.08.2003 թվականից հետո որեւէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել: Միեւնույն ժամանակ, այն մեծ նմանությամբ վերարտադրում է 1961 թվականի քրեական օրենսգրքի 190 հոդվածը՝ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից շահադիտական, կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը): Մինչդեռ այդ օրենսգրքում առկա նման ձեւակերպումը պայմանավորված էր մեկ այլ հանգամանքով՝ նույն 1961 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումներով:

Մասնավորապես, այդ օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում էր, որ մեղադրյալ է համարվում այն անձը, որի նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացված նրան որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ 135-րդ հոդվածը (որպես մեղադրյալ պատասխանատվության ենթարկելը) սահմանում էր, որ հանցագործության կատարման մեջ մեղադրանք առաջադրելու համար հիմք տվող բավարար ապացույցների առկայության դեպքում քննիչը պատճառաբանված որոշում է կայացնում տվյալ անձին որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:

Ճիշտ է, 1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը հրաժարվեց «որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկել» ձեւակերպումից եւ այն փոխարինեց «որպես մեղադրյալ ներգրավել» հասկացությամբ (202-րդ հոդված): Սակայն վերը նշված հիմնավորումները վկայում են այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը ձեւակերպելիս օրենսդրի կամքը հանգել է հենց որպես մեղադրյալ ակնհայտ ապօրինի ներգրավելը քրեականացնելուն:

Մասնագիտական գրականության մեջ առկա մոտեցումը եւս վկայում է այն մասին, որ տվյալ հանցագործության հատուկ սուբյեկտ են հանդիսանում են քննիչը եւ դատախազը, իսկ անձին քրեական պատասխանատվության ենթարկելն իրականացվում է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելով (Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք. Հատուկ մաս, դասագիրք ԲՈՒՀ-երի համար, Երեւան 2006թ., 886-887 էջեր):

Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջանում 336-րդ հոդվածում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել օրենսդրի բուն կամքին, այն է՝ նոր տերմինաբանությամբ, որպես մեղադրյալ ակնհայտ ապօրինի ներգրավելը քրեականացնելու կամքին:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 336-րդ հոդվածում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել օրենսդրի բուն կամքին, հստակեցնել  տվյալ հանցակազմի սուբյեկտը եւ օբյեկտիվ կողմը, ինչպես նաեւ ավելի որոշակիացնել ու կանխատեսելի դարձնել ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու տարրերը: Միաժամանակ իրավական որոշակիության սկզբունքի իրացումն ապահովելու եւ գործնականում «ծանր հետեւանքներ» հասկացության տարամեկնաբանություններից խուսափելու նպատակով առաջարկվում է հրաժարվել նշված հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից:

Դրա հետ մեկտեղ առաջարկվում է հոդվածի 4-րդ մասում ընդլայնել արարքի կատարումը ծանրացնող հանգամանքների շրջանակը եւ դրանցում ներառել արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ շահադիտական դրդումներով կատարելը, ինչպես նաեւ այնպիսի ծանր հետեւանքներ առաջացնելը, ինչպիսին են անզգուշությամբ անձի մահվան կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի հանգեցնելը: Ընդսմին՝ 336-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում առկա սանկցիաները նույնությամբ պահպանվել են:

Քրեական արդարադատության համակարգը հանցավոր ոտնձգություններից առավել համակողմանի եւ համալիր պաշտպանելու նպատակով առաջարկվում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել նոր՝ 336.1-ին հոդված, որը քրեական պատասխանատվություն կսահմանի անձին ապօրինի ազատազրկման դատապարտելու համար եւ դրանով կամբողջականացնի քրեական ընթացակարգերում ապօրինի ներգրավված անձի իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանությունը:

Առաջարկվող նոր հոդվածը 336-րդ հոդդվածի օրգանական ու տրամաբանական շարունակությունն է եւ անձին պաշտպանում է արդեն դատական վարույթի շրջանակներում սպառնացող հնարավոր հանցավոր ոտնձգություններից: Այն դատավորի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն անձին ապօրինի ազատազրկման դատապարտելու համար՝ նույն պայմաններով, որոնք անհրաժեշտ են 336-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության համար:

Այս եղանակով քրեական վարույթի տարբեր փուլերում ապահովվում է անձի համար առանցքային եւ շրջադարձային ապօրինի որոշումներ կայացնող պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության միասնականությունը:

Միաժամանակ այս հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածի առնչությամբ ունի հատուկ բնույթ, ուստի գործնականում արարքի որակման հնարավոր դժվարություններից խուսափելու համար նշված հոդվածում առաջարկվում է անել վերապահում՝ «եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 336.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները։»:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին առավել համահունչ կարգավորումներ ունենալու նկատառումից ելնելով, նախատեսվում է կատարելագործել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածն այն հաշվով, որպեսզի դրա ազդեցության տիրույթում գտնվեն ոչ միայն անձին ազատությունից զրկելու իրավասության ունեցող հատուկ սուբյեկտները (օրինակ՝ քննիչը կամ դատավորը), այլեւ այն պաշտոնատար անձինք, ովքեր օրենքով պարտավոր են ազատել առանց օրինական հիմքերի կամ առանց անհրաժեշտության անազատության մեջ պահվող անձանց: Մասնավորապես՝ դրանց թվին են դասվում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական գործառույթ իրականացնող դատախազը, ինչպես նաեւ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազի ղեկավարը:

Այս հոդվածում եւս իրավական որոշակիության սկզբունքի իրացումն ապահովելու նպատակով խմբագրվել է արարքը որակյալ դարձնող 3-րդ մասը եւ «ծանր հետեւանքների» փոխարեն նախատեսվել են արարքի կատարումը ծանրացնող մի շարք հանգամանքներ՝ արարքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ շահադիտական դրդումներով կատարելը, ինչպես նաեւ այնպիսի ծանր հետեւանքներ, ինչպիսին են անզգուշությամբ անձի մահվան կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի հանգեցնելը: Այս դեպքում եւս հոդվածով նախատեսված սանկցիաները պահպանվել են:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում վերոնշյալ հանցակազմերի օրենսդրական ձեւակերպումները կհամապատասխանեցվեն դեռեւս 2003թվականին դրսեւորված օրենսդրի կամքին, կհստակեցվի դրանց սուբյեկտային շրջանակը, կորոշակիացվեն դրանցով նախատեսվող օբյեկտիվ կողմի դրսեւորումները, ինչպես նաեւ կամբողջականացվեն քրեական արդարադատության ոլորտ ներգրավված անձի իրավունքների եւ իրավաչափ շահերի պաշտպանության քրեաիրավական կառուցակարգերը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ