Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-378-01.10.2018-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «է.1) կետով».

«է.1) տալիս է օտարերկրյա քաղաքացուն, կամ այլ երկրում միջազգային նմուշի վարորդական իրավունքի վկայական ստացած քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում վարորդական իրավունքի վկայական՝ առանց զրկելու, դակելու, վնասելու եւ անվավեր դարձնելու՝ պահպանելով այլ պետություններում ստացած, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ գործող օրենքում, օտարերկրյա քաղաքացիներին ազգային վարորդական վկայական տրամադրելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելուն եւ հստակեցնելուն:

Առկա իրավիճակ: Ներկայումս Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացու այլ երկրի միջազգային նմուշի վարորդական իրավունքը դակվում կամ որեւէ այլ միջոցով անվավեր է դարձվում՝ առաջացնելով անբարենպաստ իրավական հետեւանքներ՝ վարորդական իրավունքը հաստատող փաստաթղթի հետագա օգտագործումը դարձնելով անհնարին: Քաղաքացին ճամփորդում կամ ժամանակավոր բնակության է տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն, ուր նախատեսում է վարել տրանսպորտային միջոց: Ստանալով ՀՀ ազգային վարորդական վկայական՝ քաղաքացին զրկվում է միջազգային նմուշի վարորդական իրավունքի հետագա օգտագործման իրավական հնարավորությունից՝ այն դակելու հետեւանքով։

Ակնկալվող արդյունք: Սույն նախագծով կարգավորման առարկա է դարձվում միջազգային նմուշի վարորդական իրավունքի վնասման եւ վերադարձման հետ կապված իրավահարաբերությունները՝ տալով դրանց հստակ կարգավորում:

Այսպիսով, նախագծի ընդունմամբ կարգավորվում է քաղաքացու՝ այլ պետություններում ստացած վարորդական իրավունքի վկայականի հետագա պիտանելիության հիմնախնդիրը:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


28 սեպտեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

պարոն Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Տիգրան Ուրիխանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը։

Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ։



Ազգային ժողովի պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյան /065/