Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-380-01.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) հավաքն անցկացվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող վանքերից, եկեղեցիներից, պաշտամունքային այլ շինություններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն կարող է սպառնալ դրանց բնականոն գործունեությանը, եւ հավաքն ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգեւորականների, ծիսակարգի կամ դավանանքի դեմ կամ նպատակ ունի կազմալուծել վերջինների բնականոն գործունեությունը»:

2) 3-րդ մասում «կամ 2-րդ» բառերը փոխարինել , «2-րդ կամ 5-րդ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող փոփոխությունների (այսուհետ՝ նաեւ Փաթեթ) սոցիալական անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերապահված կարգավիճակով եւ այդ կարգավիճակին համապատասխանող օրենսդրական երաշխիքների ամրագրման հրամայականով:

Սահմանադրության նշված հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Սահմանադրության նշյալ հոդվածի համատեքստում հանրային իշխանությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նորմերի կիրարկման եւ կիրառման հիմնական երաշխավոր, պետք է կրի որոշակի պոզիտիվ պարտականություններ սահմանադրական եւ ազգային-հոգեւոր ինստիտուտի կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անվտանգության եւ Սահմանադրությամբ նախատեսված դերի եւ գործառույթների բնականոն իրացման ապահովման համար: Հատկապես վերջին շրջանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ սոցիալական որոշ խմբերի կողմից սկիզբ առած գործողությունները, որոնք դրսեւորվում են հանրահավաքների, երթերի, ցույցերի ձեւով,  վտանգում են Եկեղեցու սոցիալական եւ ազգային-հոգեւոր բացառիկ կարգավիճակը եւ պարունակում են Եկեղեցու նկատմամբ հանրային բացասական վերաբերմունք ձեւավորելու ներուժ: Մինչդեռ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրոնական եւ ազգային-բարոյական արժեքների պահպանմանն ու վերարտադրմանը նպատակաուղղված բացառիկ առաքելությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ հանրային համերաշխության լրջագույն կռվաններից մեկն է եւ հանդիսանում է Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով սահմանված պետության ինքնիշխանության սկզբունքի իրացման երաշխիքների համակարգի կարեւոր տարրերից մեկը:

Հարկ է նշել, որ ներկայիս օրենսդրությունը սույն խնդրին անդրադարձել է, սակայն՝ հատվածաբար: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրապնդվել են Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը եւ դրանից բխող հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, սահմանվել են այն ոլորտները, որոնց շրջանակներում պետությունը ճանաչում է Եկեղեցու իրավասությունը՝ կրոն, ազգային ավանդույթներ, կրթություն, բարեխնամ գործունեություն, հոգեւոր մշակույթ եւ այլն:

Բացի այդ, «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի  17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը՝ (…) գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը:

Վերոնշյալ իրավադրույթների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ պետությունը, ճանաչելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ազգային-հոգեւոր կարգավիճակը եւ համապատասխան օրենսդրական ակտերի միջոցով պայմաններ ստեղծելով, Եկեղեցու գերակա գործառույթ հանդիսացող հանրային բարոյականության կատարելագործման ոլորտում հոգեւոր-բարոյական գործունեություն իրականացնելու համար, ճանաչում է Եկեղեցու դավանաբանության բարոյական կանխադրույթների իրավաչափությունը հասարակության եւ դրա անդամների կենսագործունեության կանոնակարգման հարցում:

Միեւնույն ժամանակ հանրային իշխանության՝ վերը թվարկված հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ, այն է՝ միտված են սահմանադրել այն շրջանակները, որոնցում Եկեղեցին ունի ինքնավարություն եւ պետք է զերծ մնա պետության միջամտությունից: Մինչդեռ, իր հոգեւոր եւ ազգային իրավասության շրջանակներում Եկեղեցու բնականոն եւ անվտանգ գործառնման ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը ոչ միայն ինքնին խնդրահարույց է, այլեւ պարարտ հող է ստեղծում Եկեղեցու անվտանգության եւ հանրային կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների համար՝ վկայակոչելով խոսքի, հավաքների եւ խղճի ազատության իրավունքները:

Փաթեթով նախատեսվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Եկեղեցու անվտանգությունն ու իր սահմանադրական գործառույթներերի բնականոն իրացումն ապահովելու ուղղությամբ: Որպես այս պարտականության գործնական դրսեւորում առաջարկվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հստակորեն սահմանել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում եւ դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել եւ անցկացնել Եկեղեցու եւ նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ:

Ավելին՝  նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով տուգանք սահմանել ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ անհատապես այն անձանց նկատմամբ, ովքեր կիրականացնեն Հայ Առաքելական Եկեղեցու, նրա ծիսակարգի, սրբապատկերների, հոգեւոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական եւ վիրավորական գործողություններ՝ ներառյալ եկեղեցական պատարագների եւ այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Վարչական պատասխանատվության սահմանումը նշված արարքների համար Եկեղեցու հանդեպ պետության վերը նկարագրված սահմանադրական պարտականության կառուցակարգը կդարձնի առավել գործնական եւ լիարժեք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության  41, 42 եւ 44 հոդվածներով սահմանված, համապատասխանաբար, խղճի եւ կրոնի, խոսքի եւ հավաքների ազատության իրավունքները բացարձակ չեն եւ նշված հոդվածներին համապատասխան՝ ենթակա են սահմանափակման գերակա շահ համարվող պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով՝ սույն պարագայում հանրային իշխանության իրավական միջամտությունը նշյալ իրավունքների իրացմանն արդարացվում  եւ հիմնավորվում է պետական անվտանգության եւ հանրային բարոյականության պաշտպանության իրավաչափ նպատակով: Հետաեւաբար, առաջարկվող փոփոխությունը որեւէ կերպ չի խախտում վերը մատնանշված իրավունքները:

Առաջարկվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկային: Մասնավորապես, ըստ Սուրբ Աթոռի եւ Իտալիայի միջեւ 1884թ. կնքված Լաթերանյան համաձայնագրի՝ Հռոմի Պապի անձը  համարվում է սրբազան եւ անձեռնմխելի, իսկ նրա դեմ ցանկացած ոտնձգություն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բանավոր եւ գրավոր խոսքի միջոցով, պատժելի է, եւ Իտալիայի կառավարությունն իրավասու է միջամտել եւ պատասխանատվության ենթարկել իրավախախտ անձին: Խոսքը վերաբերում է նաեւ Հռոմի Պապի դեմ բողոքի այլեւայլ ցույցերին:

Համապատասխանաբար, ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցու հանրային հեղինակությունը նսեմացնող եւ հավատացյալների կրոնական զգացումքները վիրավորող արարքների համար բավականին խիստ իրավական կառուցակարգեր են գործում նաեւ Ռուսաստանում եւ Լեհաստանում: Առկա են նաեւ տվյալ պետությունում հատուկ կարգավիճակ ունեցող եկեղեցուն վերաբերող պաշտպանական կառուցակարգերի գործողության այլ օրինակներ եւս:

Առաջարկվող Փաթեթի ընդունման պարագայում կհստակեցվեն Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության ուղղությամբ, եւ իրավական կառուցակարգեր կձեւավորվեն՝ հակազդելու Եկեղեցու նկատմամբ հանրորեն վնասակար գործողություններին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ