Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4051-25.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի (1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված) անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ինց հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Միաժամանակ,  մինչդեռ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռեւս ավարտված չէ: Հայտարարված մրցույթի իրականացման եւ հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռեւս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, ուստի նպատակահարմար է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել: Այն թույլ կտա առանց խոչընդոտների ապահովել  մրցույթի կայացումից հետո նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր բլանկների ձեռքբերման, համակարգի ամբողջական գործարկման եւ լիարժեք սպասարկման աշխատանքները?

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացված օրինագծերով «ՀՀ քաղաքացի անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվում է կատարել փոփոխություններ նպատակ ունենալով ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:

Փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ կենսաչափական անձնագրերի  համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնել ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիր մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի  համակարգի շահագործումը նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք իրականացնելը ապահովելով ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 20-ի N 1085 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

Հարգանքով`         ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ