Armenian ARMSCII Armenian
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 6-րդ մասի.

1. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների:» :

2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ: Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձեւակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:



ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Կրթության մասին Հայաստանի Հանրապետութան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի ընդունման հիմնավորումը,

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում փոփոխվող հոդվածները:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր` 6 (վեց) էջ:

Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/