Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-011-08.02.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Աշխատանքային օրենսգըքի 113-րդ հոդվածը, սահմանելով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, ներառում է նաեւ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալը, այսինքն՝ եթե աշխատողն առանց հարգելի պատճառի փաստացի աշխատանքի վայր չի ներկայանում աշխատանքային օրվա (հերթափոխի) ամբողջ ընթացքում, ապա գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Լինում են դեպքեր, երբ աշխատողը, ներկայանալով աշխատանքի վայր (աշխատատեղ) եւ գտնվելով աշխատանքի վայրում, չի կատարում աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ որոշված պարտականությունները: Քանի որ Աշխատանքային օրենսգրքում նախատեսված չէ աշխատանքային պարտականությունների փաստացի կատարմանը չանցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, դրա հետեւանքով գործատուն ստիպված է լինում սպասել, որ այդ երեւույթը կրի պարբերական բնույթ, եւ մեկ տարվա ընթացքում աշխատանքային կարգապահության խախտման համար երկու կարգապահական տույժի առկայության դեպքում նոր միայն երրորդ խախտումը հիմք ընդունի աշխատանքային պայմանագիրը լուծելու համար:

Առաջարկվող նախագծի նպատակն է՝ ապահովել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբող աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում: Ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են, եւ օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա այդ դրսեւորումների նկատմամբ:

Քանի որ աշխատանքի ներկայանալու նպատակը գործատուի համար, նրա կողմից իրավաչափորեն ակնկալվող արդյունքի ստեղծումն է (աշխատանքի կատարումը, ծառայության մատուցումը), ապա ակնկալվող արդյունքը չստեղծվելու դեպքում ոչ մի նշանակություն չունի աշխատողը եկել էր աշխատանքի վայր եւ հրաժարվել էր այն կատարելուց, թե ընդհանրապես չէր ներկայացել աշխատանքի:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պրն. Արարատ Միրզոյանին


Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պետրոսյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորներ՝

Գեւորգ Պետրոսյան /096/

Իվետա Տոնոյան/095/

Նորա Առուստամյան /106/