Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-013-12.02.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ կետերով.

15) Խաղասրահ՝ շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում եւ անց- կացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցել վիճակախաղին:».

16) Բուքմեքերային գրասենյակ- վայր, որտեղ Կազմակերպիչը իր աշխատակիցների անմիջական մասնակծությամբ հնարավորություն է ընձեռնում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «,բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի» բառերը:

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:

Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) եւ տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» եւ/կամ «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:»:

Հոդված 3. 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ը» կետում «միայն» բառից հետո լրացնել «համապատասխան լիցենզիայի հիման վրա ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման (ներառյալ շահման գործակիցների որոշման եւ իրացման ծառայությունները) եւ դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար եւ խաղասրահներում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաեւ:» բառերով:

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» կետով.

«ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը.»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1. մասով.

«1.1 Կազմակերպիչը ապահովում է հինգ հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է վիճակախաղերի կամակերպման գործունեության ողջ ընթացքը եւ ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան` վիճակախաղի շահող մասնակիցների եւ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նպատակով:

Սույն օրենքի իմաստով ֆինանսական երաշխիք է համարվում բանկի կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված երաշխիքը:»

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 5.1-ին եւ 5.2-րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով` մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների կողմից կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

«Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները

1. Բուքմեքերային գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեքերային գրասենյակի միջոցով: Նշված հաշիվները համալրվում են եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ «ե1» կետով.

«ե1) խախտել է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամի չափով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում

1) «կետերով» բառից հետո լրացնել «կամ 1.1-րդ մասով» բառերը:

2) լրացնել նոր «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2 հոդվածով սահմանված պահանջները:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 5.2-րդ հոդվածի 1-ին մասով բուքմեքերային գրասենյակին կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպմանը ներկայացվող պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 1-ից:

Սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է խաղասրահ մուտք գործել եւ ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը եւ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում:

Ներկայումս անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորի եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում:

Այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով:

Նախագիծը մշակվել է՝ ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից: Նախագիծը սահմանում է այն վայրերը, որտեղ կստեղծվեն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման կլաստերներ: Համայնքներն ընտրվել են զբոսաշրջային եւ հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով:

Դրանից բացի, անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Ընդհանուր առմամբ՝ անմիջականորեն (խաղասրահների միջոցով) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ 1000 (մեկ հազար) աշխատատեղի կրճատման եւ 300 (երեք հարյուր) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման:

Թեեւ տոտալիզատորի կազմակերպումը Եվրոպական Միության կողմից ճանաչված է որպես տնտեսական գործունեության տեսակ եւ ինքնին վիճահարույց չէ օրինականության տեսանկյունից, այնուամենայնիվ, այն որոշակիորեն զգայուն ոլորտ է՝ հատկապես ՀՀ բնակչության սոցիալական վիճակը հաշվի առնելով:

Վիճակախաղով հրապուրված անձանց կողմից հնարավոր են դեպքեր, որ այդպիսի անձինք իրենց եւ իրենց ընտանիքներին հասցնեն նյութական ծանր դրության:

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով (տոտալիզատորով) տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը:

Հենց այդ պատճառով անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպումն արգելվում է ՀՀ ողջ տարածքում, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի քաղաքների, իսկ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումը ընդանրապես:

Նույն նկատառումով սահմանվում է նաեւ տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ վերոգրյալ համայնքներում անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքերի:

Սրա արդյունքում տոտալիզատորին մասնակցելու համար քաղաքացին մի կողմից պետք է կատարի որոշակի գործողություններ՝ համացանցի միջոցով բացի խաղային հաշիվ, վճարահաշվարկային համակարգի միջոցով լիցքավորի հաշիվը, որն ավելի ժամանակատար գործընթաց է եւ հնարավորություն է տալիս, որպեսզի անձը, տոտալիզատորին մասնակցելուց առաջ, ավելի երկար մտորի իր որոշման եւ դրա հետեւանքների մասին:

Մյուս կողմից, պահի ազդեցության տակ տոտալիզատորին մասնակցելու շարժառիթն այլեւս վերանում է: Օրինակ՝ անձը, ով ֆինանսական դժվարություններ ունի, կարող էր պահի ազդեցության տակ որոշել մասնակցել տոտալիզատորին շահելու ակնկալիքով եւ, ինչը պակաս կարեւոր չէ, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորին մասնակցելու դեպքում շահումն անմիջապես կանխիկացնելու հնարավորությունը հաշվի առնելով: Այդպիսի հնարավորությունն այլեւս հասանելի չի լինի, բացառությամբ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի համայնքների:

Դրանից բացի, նախագծով սահմանվում է այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով:

Այդ նպատակով նախագիծը սահմանում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին, որը վճիռը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է ՀՀ տարածքում գործող տոտալիզատորների եւ ինտերնետ տոտալիզատորների բոլոր կազմակերպիչներին, որպեսզի կազմակերպիչներն արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, իսկ ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչները՝ արգելեն անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորին մասնակցությունը, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք, բացառությամբ տոտալիզատորի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն 21 տարեկանը լրացած անձինք, ինչն ինքնին նշանակում է, որ խաղասրահ մուտք գործելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այսպիսով՝ ստուգելով խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի տարիքը, ստուգվում է նաեւ, թե նա կա՞ արդյոք այն անձանց ցուցակում, ում մուտքը խաղասրահ վերոնշյալ հիմքերով պետք է արգելվի:

Այդ նպատակով լիազոր մարմինը սահմանում է նաեւ խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը եւ խաղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելվում է, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչների կողմից չպահպանելու դեպքում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արարատ Միրզոյանին

Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարակն նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Օրենքների ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը :

Խնդրում ենք օրենքի նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Պատգամավոր՝ Ալեն Սիմոնյան