Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-029-26.02.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը եւ վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաեւ դրանցից բխող, սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները (այսուհետ՝ ՔԿԱԳ տարածքային մարմին):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կառավարության սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները իրականցվում են նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումների կողմից: Երեւան քաղաքում մահվան պետական գրացումը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանման կողմից:

4. Օտարերկրյա պետություններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգովե:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում՝ քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու եւ այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու միջոցովե:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագտրությամբ՝

«Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը

1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա եւ դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են նաեւ փաստաթղթային կրիչի վրա:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմնի կողմից տրվում է քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու հետ միաժամանակ, իսկ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը՝ ՔԿԱԳ տարածքային մարմիններին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարող, ինչպես նաեւ վկայական կամ տեղեկանք տրամադրող համապատասխան մարմնի կնիքով եւ ղեկավարի ստորագրությամբ:

4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը եւ արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը:

5. Քաղաքացական կացության ակտի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կարող է կատարվել սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձեւանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները, ինչպես նաեւ դրանց ոչնչացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի եւ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա, այն մարմնի կողմից ում վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվելե:

2) Լրացնել նոր 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1.Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենեքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններին՝ անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրիցե:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը եւ ժամկետներ սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարըե:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 23-րդ, 30-րդ, 38-րդ, 43-րդ, 56-րդ, 62-րդ, 68-րդ հոդվածներըե:

Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է տնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկա իրավիճակ

Դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարեւորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձեւավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը, որի արդյունքում կստեղծվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների համար, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:

Սակայն մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կամ դրանցից բխող գործառույթների իրականացումը պայմանավորված է վարչատարածքային պատկանելիությամբ, ինչը շարունակում է ձեւավորել ՔԿԱԳ մարմինների գործունեության մենաշնորհ, պայմանավորված սպասարկման տարածքով, ինչը չի կարող չազդել ծառայությունների մատուցման որակի վրա, որի մասին վկայում է ՔԿԱԳ տարածքային մարմիններ դիմող անձանց բողոքները եւ առաջարկությունները:

Ի տարբերություն վերը ներկայացվածի, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, այսօր ծառայությունների մատուցումը, ի շնորհիվ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի, հնարավորություն տվեցին բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկման որակը:

Միաժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրվող փաստաթղթերի իսկության ստուգումը, մասնավորապես՝ Նախարարության կողմից դրված ապոստիլի եւ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների իսկության ստուգումը կարելի է իրականացնել համացանցի միջոցով՝ համապատասխան պաշտոնական կայքում մուտքագրելով փաստաթղթերի վրա զետեղված ծածկագրերը կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այն ստուգել QR կոդի միջոցով: Մինչդեռ ՔԿԱԳ վկայականների եւ տարածքային մարմինների կողմից տրված այլ փաստաթղթերի իսկության հարցումները, որոնք ուղղվում են համաձայն միջազգային պայմանգրերի Նախարարությանը, բազմաթիվ են եւ արդյունքների տրամադրման ժամկետների տեսանկյունից խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար:

Նախագիծը նաեւ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 10-րդ կետի 1-ին ենթակետից, որի համաձայն «1) մինչեւ 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ եւ ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակներին».

Առաջարկվող լուծումները

2017 թվականին ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրով քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի զարգացման նպատակով սահմանված բացարձակ նոր քաղաքականությունը, այն է,

մինչեւ՝ 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ եւ ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակների (ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 10-րդ կետ, 1-ին ենթակետ):

Այս պարտավորության կատարումը, հաշվի առնելով ընդհանուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի ամբողջական փոփոխությունը, չի կարող իրականցվել մեկ փուլով: Այդ կապակցությամբ Նախարարության կողմից ներկայացված սույն Նախագիծը նպատակ ունի նախապատրաստելու եւԲ ՔԿԱԳ տարածքային մարմինները եւԲ նրանց դիմող անձանց «մեկ պատուհան» ծառայության ներդրմանը՝ հնարավորություն ընձեռելով ստանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակներ այն մարմինների կողմից, որտեղ անձին առավելապես հարմար է դիմելը:

Այս առումով ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ դրական փորձ է ձեռք բերել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաեւ այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները եւ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1181- Ն որոշման շրջանակներում գործող լիազորված օպերատորներին տրամադրելով լիազորություն՝ ընդունելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների համար դիմումներ եւ տրամադրել հայցվող փաստաթղթերը: Այսօր այդ սպասարկումը իրականցվում է «Հայ փոստ» ՓԲ ընկերության 40-ից ավել գրասենյակներում, ինչպես նաեւ բանկերում: Քաղաքացիները այլեւս պարտավոր չեն ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք՝ համապատասխան ծառայություններից օգտվելու նպատակով: Միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների եւ տեղեկանքների տրամադրման ոլորտը ենթադրում է որոշակի գիտելիքների առկայություն, առաջին փուլում ընտրվեց ճանապարհ՝ փոխանցել վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման, ինչպես նաեւ որոշակի գործառույթների իրականացման իրավասությունը ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման, ով պրակտիկայում կիրառելով «մեկ պատուհան» ծառայությունը եւ հանդիսանալով նախագծերի մշակող, հնարավորություն կունենա վերհանել բոլոր խնդիրները եւ դրանց համար գտնել լուծումներ, մինչեւ համակարգի ամբողջական փոխումը: Միեւնույն ժամանակ, Նախագիծը հնարվորություն է տալիս քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար դիմել ցանկացած ՔԿԱԳ տարածքային մարմին:

2018 թվականի մարտին նաեւ իրականցվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակացումը էլեկտրոնային հյուպատոս համակարգին, որի շրջանակներում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում: Նրանք հնարավորություն կունենան նաեւ մուտք գործելու միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որը իր հերթին ենթադրում է վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրում անմիջապես գրանցամատյանից, ի տարբերություն ներկայիս գործող ընթացակարգին, որը նախատեսում է մեկ ամսից ավել ժամկետ ՀՀ քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու համար:

Ակնկալվող արդյունքներ

Նախագծի ընդունման դեպքում, կձեւավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջեւ, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա, մասնավորապես՝

Նախագծի ընդունմամբ սահմանվում է.

Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համակարգող եւ վերահսկող գերատեսչությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային համակարգի ամբողջական փոփոխության ուղղված նախագծերի նախապատրաստումը կհիմնի խնդիրների պրակտիկ լուծման վրա:

Սույն նախագծով նաեւ նախատեսվում է լուծել մի քանի տեխնիկական խնդիրներ, օրինակ սահմանել Օրենքով նաեւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մասին տեղեկանքի հասկացությունը, որը մինչ այսօր սահմանված չի եղել:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ հետեւյալ իրավական ակտերում.

1) ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները եւ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձեւաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 469-Ն որոշում,

2) ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձեւաթղթերի նմուշները, այդ ձեւաթղթերի լրացման կարգը, ինչպես նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձեւաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 492-Ն որոշում,

3) ՀՀ արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների եւ տեղեկանքների տրամադրման կարգը եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձեւերը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրաման,

4) ՀՀ արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 97-Ն հրաման:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

15 նոյեմբերի 2018 թվականի N 1301 - Ա

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 21
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1301-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ