Armenian ARMSCII Armenian
Կ-027-26.02.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-իՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք).

1. 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը  լրացնել «է.» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«է. «Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում եւ արտադրություն, համակարգչային գրաֆիկայի եւ խաղերի ստեղծում, ինչպես նաեւ ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում:»:

2. 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 11-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

11) Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր` համարվում են այն ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության  առնվազն 70%-ը ձեւավորվել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող կամ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ «Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապեության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապեության կառավարությունը» բառերը փոխարինել «Ծրագիրը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապեության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով, իսկ «Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 8. Հավաստագրվող եւ հավաստագրված տնտեսավարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Հավաստագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

2. Հավաստագրման համար կարող են դիմել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ տնտեսական ընկերակցությունների, սույն մասի 3-րդ կետով սահմանված պահանջներին չբավարարող դուստր ընկերությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը.

3) Հավաստագրման համար դիմելու պահից առնվազն հինգ տարի առաջ օտարերկրյա պետություններում գրանցված եւ այդ ընթացքում համապատասխան բնագավառում գործունեություն ծավալած իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում հիմնադրված եւ պետական գրանցում ստացած դուստր ընկերությունները՝ պահպանելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը:

3. Հավաստագրման համար դիմող տնտեսավարող սուբյեկտները պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին.

1) ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով.

2) չեն ստեղծվել այլ տնտեսավարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում.

3) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսացել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

4) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը չի հանդիսանում սույն օրենքի պահանջներին համապատասխան հավաստագրված այլ ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ անհատ ձեռնարկատեր.

5) բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.

6) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը նախորդ երեք տարվա ընթացքում հանդիսացել է

եւ (կամ) դիմելու պահին հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած (իրականացնող) այլ կազմակերպության բաժնետեր կամ մասնակից, բացառությամբ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի.

7) աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.

8) հավաստագրման համար չի կարող դիմել այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ երեք տարվա ընթացքում հանդիսացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր.

9) հավաստագրման համար չեն կարող դիմել այն կազմակերպությունները, որոնց բաժնետերերի 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպոթյանը կամ որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկին պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այլ կազմակերպոթյանը 20 եւ ավելի տոկոս բաժնեմասը:

4. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաեւ համատեղ գործունեության պայմանագրի կնքումը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 7)-րդ կետով սահմանված աշխատողների թիվը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 30-ը:

6. Հավաստագրված անձինք՝

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 3-ից 5-րդ մասերում նշված պահանջները.

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «8-րդ հոդվածի 2-րդ մասում» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 6)-րդ կետում «դուստր ընկերություն չէ.» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3)-րդ կետով սահմանված դուստր ընկերությունների, որոնք պարտավոր են ներկայացնել ՀՀ կառավարության կողից սահմանված տեղեկություններ:» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1.1-րդ մասում «հանդիսանալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4)-րդ, 5)-րդ, 6)-րդ, 8)-րդ, 9)-րդ կետերով նախատեսված դեպքերի՝» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում «8-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «2017» թիվը փոխարինել «2022» թվով, եւ 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»

Հոդված 8. Անցումային դրույթներ՝

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխված Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4)-րդ, 6)-րդ, 8)-րդ, 9)-րդ կետերի պահանջները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հավաստագրվող տնտեսավարող սուբյեկտների վրա:

2. 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, պետական գրանցում ստացած (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտները կարող են հավաստագրման համար դիմել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու եւ կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով եւ հարկային մուտքերի ավելացմամբ, մասնավորապես, եթե մինչեւ օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսեւորել է կայուն աճի միտում, 2015 թվականին ստեղծվել եւ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը:

2015-2017թթ. ընթացքում հավաստագրված կազմակերպությունների կողմից պետական բյուջե մուտքագրվել է 611 մլն. դրամի հարկային վճար: Նշված գումարի չափը ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Միեւնույն ժամանակ առկա է օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բացը, որի լրացումից ակնկալվում է նաեւ կայացած միջազգային ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների ներգրավման խնդիրը, որը եւ նախատեսվում է կարգավորել սույն օրենքի փոփոխությամբ:

Միաժամանակ, օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշություն է ծագել ՏՏ ոլորտի կազմակերպության կամ ԱՁ հասկացության հստակեցման: Մասնավորապե, օրենքով արգելվում է հավաստագրված տնտեսվարող սուբյեկտին օտարել իր գործունեության արդյունքը (արտադրանքը) այլ ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտի, սակայն օրենքը չի սահմանում, թե որն է այն:

Սույն օրենքով նախատեսվում է կարգավորել նաեւ ՏՏ սկսնակ կազմակերպություններին տրամադրվող հավաստագրման գործընթացի ռիսկերը, գործունեության   ծավալի մասնաբաժինը, ինչպես նաեւ սահմանվում է լիազոր մարմնի կողմից ՏՏ ոլորտի ծրագրերի ընդունման եւ իրականացման  պատասխանատվությունը:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը եւ կարեւորելով Օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների գործունեության ուղղության համար հավասար պայմանների ստեղծման հնարավությունը, որը իր հերթին կբերի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով` անհրաժեշտ ենք համարում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը եւ կանոնակարգմանը, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելուն եւ միջազգային ընկերություների կողմից ներդրումների ներգրավմանը:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեության ռիսկերը, ինչպես նաեւ կսահմանվի օրենքի շրջանակում պետական լիազոր մարմնի գործառույթները:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից, հավասար պայմաններ կստեղծվեն  օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ոլորտի գրավչության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը ու կանոնակարգմանը եւ ՏՏ ոլորտի զարգացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

22 նոյեմբերի 2018 թվականի  N  1318     - Ա
 

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ 
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 23
         Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի -ի N -Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1318-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանայնը:
 
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ