Armenian ARMSCII Armenian
Կ-03212-28.02.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական  գործունեության  մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քրեական պատասխանատվությունից խուսափող, անհայտ կորած անձանց, ինչպես նաեւ պարտապանների հետախուզման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները վարում են օպերատիվ հաշվառման գործեր: Օպերատիվ հաշվառման գործերում կուտակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերի, դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների, տվյալների ստուգման, համակարգման, վերլուծության, ինչպես նաեւ ընդունվող որոշումների վերաբերյալ օպերատիվ-ծառայողական փաստաթղթերը:

Օպերատիվ հաշվառման գործերի ցանկը, գործերը վարելու, դրանցով անցնող անձանց հաշվառման կարգը սահմանվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: