Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-038-06.03.2019-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նույնացման հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են:»

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցել իրավասու որեւէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:»,

2. 3-րդ մասում «մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող» բառերից հետո լրացնել «ենթադրյալ» բառը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով,

2) 10-րդ մասում «անդամները» բառից հետո լրացնել «եւ քարտուղարը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 10-րդ կետում եւ 12-րդ մասի առաջին նախադասությունում «հիմնական» բառը փոխարինել «օրենքով սահմանված պարտադիր» բառերով:

2) 16-րդ մասում «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր 4.1 եւ 4.2 մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ:»

«4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:»

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը, ինչպես նաեւ աջակցության եւ պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» 1-ին բաժնի 1-ին նպատակի պահանջների եւ պայմանավորված է ոլորտի օրենսդրության եւ առկա մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությամբ: Նախագիծը նպատակաուղղված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների եւ հանձնարարականների կատարմանը, մասնավորապես, ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը, եւ գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Միեւնույն ժամանակ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված եւ շտկման կարիք ունեցող որոշակի թյուրըմբռնումները, անճշտությունները եւ հակասությունները, ինչպես նաեւ այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները վերացնելու համար:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումները առնչվում են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլեւ կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության եւ օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության եւ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ եւ արդյունավետ կազմակերպելու համար:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունումը հիմք կստեղծի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների ձեւավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավման, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման գորընթացը սահմանելու համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ եւ կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական եւ բազմամասնագիտական համագործակցությունը:

Նախագծում առաջարկված փոփոխությունները կվերացնեն օրենքի կիրարկման հետ կապված տարընկալումները, կհստակեցնեն աջակցության տրամադրման պայմանները, իսկ առանձին դեպքերում նաեւ աջակցության տեսակների տրամադրման հաջորդականությունը: Կստեղծվեն երեխաների ուղղորդման մեխանիզմներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 փետրվարի 2019 թվականի N 105 - Ա

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. փետրվարի 19
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 105-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ