Armenian ARMSCII Armenian
Կ-042-06.03.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ- 528-Ն քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 2261 -րդ հոդվածով.

«Հոդված 2261 . Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

1. Սույն օրենսգրքի 217-րդ, 2171 -րդ կամ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերը, այդ հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե առաջացել է նշված հանցանքերը կատարելու իրական վտանգ՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, իսկ 385-րդ հոդվածը՝ ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի համար:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 2251 հոդվածի 2-րդ մասում քրեական պատասխանատվություն է նախատեսվում համապատասխանաբար զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի եւ հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի համար:

Ահաբեկչության հետ կապված հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երեւույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաեւ պետության վրա դրված կոնվենցիոն պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքներով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ գլխում կատարել լրացում՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 2171 -րդ կամ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե առաջացրել է այդ հանցաները կատարելու իրական վտանգ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ աշխարհի շատ երկրների քրեական օրենսգրքերում քրեական պատասխանատվություն է նախատեսված ահաբեկչական կամ էքստրեմիստական գործունեության կատարմանն ուղղված կոչերի համար:

Այսպես, Իսրայելի քրեական օրենսգրքի 144.2-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում բռնություն կամ տեռորիստական գործողություններ կատարելու կոչերի համար, որի համաձայն՝ անձը, ով տարածում է  բռնության կամ տեռորիստական գործունեության վերաբերյալ կոչեր, եթե փառաբանում, համակրանք է տածում նման գործունեության նկատմամբ կամ արտահայտում է աջակցություն կամ համաձայնություն նման գործունեությանը եւ առկա է իրական վտանգ, որ դա կարող է հանգեցնել բռնության կամ տեռորիստական գործունեության իրականացմանը, պատժվում է...:

Լատվիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 88.2 հոդվածի համաձայն՝ անձը, ով իրականացնում է հրապարակային կոչեր՝ ուղղված տեռորիստական գործունեության կատարմանը կամ սպառնում է իրականացնել տեռորիստական ակտ, եթե կան հիմքեր ենթադրելու, որ դա կարող է տեղի ունենալ, ենթակա է պատժի...:

Սերբիայի  Հանրապետության քրեական օրենսգրքի 391-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում տեռորիստական գործունություն իրականացնելու համար, որի 1-8 կետերը բացահայտում են, թե ինչպիսի արարքներով այն կարող է արտահայտվել, իսկ 391. Ա հոդվածը նշում է. «անձը, ով հրապարակայնորեն արտահայտում կամ տարածում է գաղափարներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված են 391-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հրահրմանը, պատժվում է...»:

Ընդ որում, ահաբեկչական գործողությունների կատարմանն ուղղված հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմեր ունենալու պետությունների որդեգրած հիշյալ քաղաքականությունը բխում է նաեւ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի՝ սույն Կոնվենցիայի նպատակներով «հանրությանը՝ ահաբեկչական հանցագործություններ կատարել հրահրելը» նշանակում է՝ հանրության շրջանում ահաբեկչական հանցագործությունների կատարմանը դրդելուն ուղղված տեղեկատվության տարածում կամ այլ միջոցներով ուղերձը հանրությանը մատչելի դարձնել՝ այն դեպքում, երբ նման գործողությունները, անմիջականորեն կամ ինքնաբերաբար պաշտպանելով ահաբեկչական հանցագործությունները, մեկ կամ ավելի նման հանցագործությունների կատարման վտանգ են առաջացնում:

Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 1-ին կետում նշված՝ ապօրինի եւ միտումնավոր ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանքը իր ազգային օրենսդրությամբ քրեական իրավախախտում ճանաչելու համար:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման եւ միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը եւ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանա:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

4  հոկտեմբերի 2018 թվականի  N  1102- Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. հոկտեմբերի 10
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ Ն
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի   4-ի N 1102-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`          ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ