Armenian ARMSCII Armenian
Կ-052-11.03.2019-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի (ՊՄԳ ծրագրեր) մշակմանը եւ իրականացմանն առնչվող կանոնները եւ ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները եւ ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր:

Հոդված 2.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) արդյունքի վրա հիմնված վճարումներ՝ մասնավոր գործընկերոջ կողմից վաճառված ապրանքների եւ մատուցված ծառայությունների դիմաց հաճախորդների եւ (կամ) հանրային գործընկերոջ կողմից մասնավոր գործընկերոջը կատարվող վճարումներ,

2) զուտ ներկա արժեք (NPV)՝ գնահատվող ծրագրի իրականացման ընթացքում դրամական միջոցների ներհոսքի եւ արտահոսքի ներկա արժեքների տարբերություն, որի հաշվարկման ընթացքում օգտագործվող դիսկոնտավորման տոկոսադրույքը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգերով,

3) իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարություն, պետական կառավարման համակարգի մարմին, որը պետական կառավարման որոշակի ոլորտում մշակում եւ իրականացնում է քաղաքականություն,

4) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին,

5) հայտատու` մրցույթին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում,

6) հանրային գործընկեր՝ իրավասու մարմինը, որը ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի հետ,

7) հանրային ենթակառուցվածք` հանրային հետաքրքրություն կամ շահ ներկայացնող հիմնական միջոց (շենքեր, կառուցվածքներ, սարքավորումներ) եւ (կամ) ոչ նյութական ակտիվ, որն օգտագործվում է հանրային ծառայությունների մատուցման նպատակով (կամ դրա առնչությամբ) եւ որի շահագործումը եւ (կամ) կառուցումը եւ (կամ) բարելավումը եւ (կամ) տեխնիկական սպասարկումն ապահովվում է մասնավոր գործընկերոջ կողմից՝ ՊՄԳ պայմանագրի համաձայն,

8) հանրային ծառայություն` հանրային շահերից բխող գործունեություն, որը սովորաբար իրականացվում է պետական մարմինների կողմից եւ (կամ) վերջիններիս անունից եւ (կամ) որի համար հիմնական պատասխանատվությունը կրում է պետական մարմինը, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի ցանկացած ծառայություն կամ գործունեություն,

9) հասանելիության վճարներ՝ մասնավոր գործընկերոջը կատարվող պարբերական վճարումներ, որոնք հիմնված են ՊՄԳ պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշներին (KPI) համապատասխանող հանրային ենթակառուցվածքի հասանելիության վրա,

10) մասնավոր գործընկեր` Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված եւ գործող մասնավոր իրավաբանական անձ, որի հետ հանրային գործընկերը կնքել է ՊՄԳ պայմանագիր,

11) պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանում կամ ՊՄԳ ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված միավոր, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները,

12) ՊՄԳ՝ պետություն-մասնավոր գործընկերություն,

13) ՊՄԳ ծրագիր՝ ծրագիր, որը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածում սահմանված չափանիշներին համապատասխանող, ՊՄԳ պայմանագրի վրա հիմնված համագործակցային փոխհարաբերություններ հանրային գործընկերոջ եւ մասնավոր գործընկերոջ միջեւ,

14) ՊՄԳ ընթացակարգեր՝ ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգեր եւ կանոններ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ,

15) ՊՄԳ պայմանագիր՝ ՊՄԳ ծրագրի իրականացման նպատակով հանրային գործընկերոջ եւ մասնավոր գործընկերոջ միջեւ սույն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր, այդ թվում` կոնցեսիայի պայմանագիր,

16) ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ընդհանուր առավելագույն սահմանաչափ?  Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման եւ գնահատման մեթոդաբանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության  կառավարությունը,

17) կոնսորցիում՝ հայտատու իրավաբանական անձինք, որոնք մրցույթին մասնակցում են համատեղ գործունեության կարգով,

18) վարկատու՝ մասնավոր ֆինանսական կազմակերպություն, որը ՊՄԳ պայմանագրի առնչությամբ մասնավոր գործընկերոջը տրամադրում է վարկ,

19) վերջնական սպառողներ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ներառյալ` օգտագործողներ, գնորդներ, սպառողներ, որոնց մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի պայմանների համաձայն մատուցում է հանրային ծառայություններ կամ մատակարարում հասարակական հետաքրքրություն կամ շահ ներկայացնող ապրանքներ,

20) տնտեսական շահութաբերության ներքին դրույք (EIRR)՝ տնտեսական պլանավորման համար օգտագործվող չափիչ` պոտենցիալ ներդրումների հասարակության համար զուտ օգուտները գնահատելու համար: Տնտեսական շահութաբերության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի բոլոր տնտեսական օգուտների եւ ծախսերի զուտ ներկա արժեքը  հավասարվում է զրոյի,

21) ֆինանսական շահութաբերության ներքին դրույք (FIRR)` կապիտալ բյուջետավորման համար օգտագործվող չափիչ՝ պոտենցիալ ներդրումների շահութաբերությունը գնահատելու համար: Ֆինանսական շահութաբեության ներքին դրույքը զեղչման այն դրույքն է, որի դեպքում գնահատվող ծրագրի  ֆինանսական եկամուտների եւ ծախսերի զուտ դրամական հոսքերի զուտ ներկա արժեքը հավասարվում է զրոյի,

22) ուղիղ պայմանագիր՝ հանրային գործընկերոջ, մասնավոր գործընկերոջ եւ  վարկատու(ներ)ի միջեւ կնքված պայմանագիր, որով սահմանվում են այն պայմանները,  որոնց հիման վրա վարկատուները կարող են իրավասու լինել իրականացնելու   միջամտության իրավունքները,

23) փողի դիմաց արժեք (value for money) կամ ՓդԱ (VfM)՝ համանման կամ համեմատելի հանրային ենթակառուցվածք կամ հանրային ծառայություն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով իրականացված  լավագույն նմանատիպ ծրագրի արժեքի եւ գնահատվող ծրագրի իրականացման ծախսերի տարբերություն, որի հաշվարկման մեթոդաբանությունը կսահմանվի ՊՄԳ ընթացակարգերով,

24)մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգեր՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրերի նկատմամբ կիրառելի ընթացակարգեր,

25)քաղաքականություն մշակող մարմին` ՊՄԳ  քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմին,

26)ֆիսկալ առումով մատչելի (fiscally affordable)՝ ՊՄԳ  ծրագիրը չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընդհանուր պայմանական պարտավորությունների առավելագույն սահմանաչափի գերազանցմանը՝ սահմանված լինելու դեպքում:

Հոդված 3.  ՊՄԳ նպատակները

1. ՊՄԳ-ի` որպես հանրային ենթակառուցվածքի եւ հանրային ծառայության ապահովման եւ կառավարման նպատակները ներառում են.

1) հանրային ենթակառուցվածքների կենսապարբերաշրջանի ընթացքում անհրաժեշտ ծախսերի կրճատում եւ դրանց կառուցման, բարելավման, շինարարության, շահագործման եւ պահպանման որակի բարելավում,

2) ակտիվի շահագործման ժամկետի ընթացքում դրա պատշաճ եւ ժամանակին պահպանման ապահովում,

3) հանրային ենթակառուցվածքների եւ ծառայությունների հասանելիության բարձրացում,

4) մասնավոր հատվածի փորձից, ռեսուրսներից, տեխնոլոգիաներից, արդյունավետությունից եւ նորարարության հետ կապված կարողություններից բխող օգուտների ստացում,

5) հանրային ենթակառուցվածքների եւ հանրային ծառայությունների ոլորտում հանրության նկատմամբ հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացում,

6) Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ ծրագրերի շրջանակներում ներգրավված հանրային ենթակառուցվածքների եւ հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավում,

7) անհրաժեշտության դեպքում նոր հանրային ենթակառուցվածքների համար ներդրումների ներգրավումը:

Հոդված 4.  ՊՄԳ ծրագրի չափանիշները

1. ՊՄԳ ծրագիրը պետք է համապատասխանի հետեւյալ բոլոր չափանիշներին.

1) ՊՄԳ պայմանագրի համաձայն ունենա առնվազն հինգ տարվա տեւողություն, որը սկսվում է հաշվարկվել ՊՄԳ պայմանագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների (conditions precedent) իրականացման օրվանից սկսած,

2) միտված լինի հանրային ենթակառուցվածքի կառուցմանը եւ (կամ) բարելավմանը եւ շահագործմանը,

3) ապահովի հանրային գործընկերոջ եւ մասնավոր գործընկերոջ միջեւ ռիսկերի բաշխում՝ համաձայն ՊՄԳ ընթացակարգերի,

4) ապահովի Հայաստանի Հանրապետության համար տնտեսական շահութաբերություն, այսինքն՝ ունենա տնտեսական շահութաբերության ներքին դրույք, որը կգերազանցի ՊՄԳ ընթացակարգերով սահմանված բազային դրույքը,

5) համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին,

6) լինի ֆիսկալ առումով մատչելի,

7) կիրառելիության դեպքում ունենա ՓդԱ, որը մեծ է զրոյից:

2. Հարկաբյուջետային ռիսկերի կառավարման ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրներից ելնելով, լիազոր մարմինը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացված վերլուծության արդյունքում  կարող է տալ բացասական եզրակացություն, եթե հաշվարկելուց հետո կպարզվի, որ կնքվելիք պայմանագրի գծով պայմանական պարտավորությունների յուրաքանչյուր տարվա հանրագումարը, պայմանագրի իրականացման ժամկետի որեւէ տարում, կհանգեցնի ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափի գերազանցման?

3. Որոշելու համար՝ արդյոք ՊՄԳ պարտավորությունների թույլատրելի սահմանաչափը կգերազանցվի, հաշվի է առնվում հետեւյալը՝

1. սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված ՊՄԳ պայմանագրերի համաձայն իրականացվող ՊՄԳ ծրագրերը,

2. ՊՄԳ ծրագրերը, որոնց վերաբերյալ ընդունվել է մրցույթ անցկացնելու մասին որոշում, եթե տվյալ մրցույթն անցկացվելու է ընթացիկ ֆինանսական տարում:

Հոդված 5.  ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայության ոլորտները

1.ՊՄԳ ծրագիր կարող է իրականացվել հետեւյալ ոլորտներում.

1) էներգետիկայի բնագավառ (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր),

2) ջրային ոլորտ (ջրի մատակարարման, մաքրման, բաշխման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) եւ ոռոգման համակարգեր),

3) ավտոմոբիլային ճանապարհներ եւ ավտոմոբիլային ճանապարհների արհեստական կառույցներ, երկաթուղիներ, մետրոյի համակարգեր, ավտոկայաններ եւ ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ եւ ծառայություններ, այլ հանրային տրանսպորտի ծառայություններ, օդանավակայաններ, հսկիչ կշռման համակարգեր եւ այլ տրանսպորտային ենթակառուցվածքներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների այլ ոլորտներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված՝ հանրային ներդրումների կառավարման քաղաքականությամբ սահմանված գերակայություններին:

ԳԼՈՒԽ II.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 6. Քաղաքականություն մշակող մարմինը

1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը`

1) իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ,

2) իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման, տարածման եւ մասնավոր գործընկերոջ ներգրավման գործառույթներ,

3) ապահովում է ՊՄԳ ընթացակարգերի հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակումը,

4) ստեղծում եւ կառավարում է ՊՄԳ ծրագրերի տվյալների բազա,

5) իրականացնում է սույն օրենքով եւ ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ  լիազորություններ:

Հոդված 7.  Լիազոր մարմինը

1. ՊՄԳ ոլորտում լիազոր մարմինը՝

1) իրականացնում է ՊՄԳ պայմանագրով սահմանված ֆինանսական պարտավորությունների վերահսկողություն,

2) ՊՄԳ ծրագրերը ենթարկում է ընթացիկ մշտադիտարկման՝ պայմանական պարտավորությունների տեսանկյունից,

3) կատարում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված վերլուծություն,

4) տրամադրում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը,

5) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 8.  ՊՄԳ ստորաբաժանումը

1. ՊՄԳ ստորաբաժանումը՝

1) ՊՄԳ ծրագրերի պատրաստման եւ իրականացման ոլորտում հանրային գործընկերներին եւ իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական  եւ այլ տեսակի աջակցություն,

2) հանրային գործընկերների եւ իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ եւ վերջիններիս կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ,

3) իրականացնում է սույն օրենքով եւ ՊՄԳ ընթացակարգերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Իրավասու մարմինը

1) Վերհանում է ՊՄԳ ծրագրերը եւ պատրաստում ՊՄԳ ծրագրերի նախագծերը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման, իրականացվող ՊՄԳ ծրագրի փոփոխության, ՊՄԳ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ որոշման նախագիծ,

3) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան կազմակերպում է մրցույթ,

4) ՊՄԳ պայմանագիր է կնքում մրցույթում հաղթած մասնակցի հետ,

5) իրականացնում է ՊՄԳ ծրագրի մշտադիտարկումը եւ վերահսկողությունը:

Հոդված 10.  ՊՄԳ ծրագրերի պատրաստումը

1. ՊՄԳ ծրագրեր կարող են պատրաստվել իրավասու մարմնի կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի ձեւաչափով:

2. Իրավասու մարմինը վերհանում է ՊՄԳ ծրագրերը եւ պատրաստում է ՊՄԳ ծրագրերի նախագծերը ՊՄԳ ընթացակարգերում նախատեսված չափանիշներին եւ սկզբունքներին համապատասխան:

3. ՊՄԳ ծրագրերի նախագիծը պետք է պարունակի ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշներին համապատասխանության հիմնավորումը:

4. ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված դեպքերում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստումը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 11. ՊՄԳ ծրագրերի նախագծի վերլուծությունը

ՊՄԳ ծրագրի նախագիծը վերլուծության է ենթարկվում լիազոր մարմնի կողմից, որի արդյունքում լիազոր մարմինը եզրակացություն է տալիս ՊՄԳ ծրագրի՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով եւ 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ:

Հոդված 12. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը

1. ՊՄԳ ծրագրի նախագծի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշում:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ հաստատվում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը՝ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն, ինչպես նաեւ տվյալ ծրագրի իրականացմանը վերաբերող դրույթներ?

Հոդված 13.  ՊՄԳ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը

1. ՊՄԳ ծրագրերի, դրանց պատրաստման եւ իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է procurement.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ ՊՄԳ ստորաբաժանման պաշտոնական ինտերնետային կայքում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նման հրապարակման հետ կապված պահանջներ եւ (կամ) հրապարակման պարտավորությունից ազատելու դեպքեր:

ԳԼՈՒԽ III.
ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. 
Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը


Հոդված 14. 
Մասնավոր գործընկերոջ ընտրության կարգը

1. Իրավասու մարմինը մասնավոր գործընկերոջ ընտրությունը կատարում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան:

Հոդված 15.  ՊՄԳ պայմանագրի կնքումը

1. Իրավասու մարմինը մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի (կամ վերջինիս կողմից հիմնադրված իրավաբանական անձի) հետ կնքում է ՊՄԳ պայմանագիր՝ մրցութային փաստաթղթերով սահմանված պայմանների եւ ընթացակարգերի համաձայն հանրային գործընկեր դառնալու նպատակով: Իրավասու մարմինն իրավունք ունի լիազորել պետական եւ (կամ) համայնքային կազմակերպություններին եւ (կամ) այլ իրավաբանական անձանց կազմակերպել մրցույթը եւ հանդես գալ որպես ՊՄԳ պայմանագրի երրորդ կողմ:

2. Եթե ՊՄԳ պայմանագիրը կնքվում է մրցույթում հաղթող ճանաչված հայտատուի կողմից հիմնադրված իրավաբանական անձի հետ, ապա այդպիսի իրավաբանական անձը պետք է բավարարի մրցույթի ընթացակարգերի պայմաններին:

3. Եթե հաղթող հայտատուն հանդիսանում է իրավաբանական անձանց կոնսորցիում, ապա հայտում ներառվում է նաեւ կոնսորցիումի մասնակիցների բաժնեմասնակցության կառուցվածքը: Այդ կառուցվածքը չի կարող փոխվել մասնավոր գործընկերոջ հիմնադրման պահին:

4. Հայաստանի Հանրապետությունը կամ ցանկացած այլ պետական կառավարման համակարգի մարմին չի կարող ունենալ որեւէ բաժնեմասնակցություն մասնավոր գործընկեր հանդիսացող կազմակերպությունում:

ԳԼՈՒԽ IV.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 16. ՊՄԳ պայմանագրերի հիմնական պայմանները


Հոդված 16. ՊՄԳ պայմանագրերի հիմնական պայմանները

1. ՊՄԳ պայմանագիրը պետք է առնվազն ներառի հետեւյալ տեղեկություններն ու պայմանները.

1) ՊՄԳ պայմանագրի կողմերը,

2) կողմերի իրավունքները եւ պարտավորությունները,

3) ՊՄԳ ծրագրի ռիսկերը եւ այդ ռիսկերի բաշխումը հանրային գործընկերոջ եւ մասնավոր գործընկերոջ միջեւ,

4) ՊՄԳ պայմանագրի առարկան, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների շրջանակը, ՊՄԳ ծրագրի բաղադրիչները եւ բովանդակությունը եւ հանրային ենթակառուցվածքին ու հանրային ծառայություններին ներկայացվող այլ պահանջները,

5) ՊՄԳ պայմանագրի համաձայն փոխանցվող կամ կառուցվող եւ (կամ) բարելավվող եւ (կամ) զարգացվող եւ (կամ) շահագործվող եւ (կամ) սպասարկվող հանրային ենթակառուցվածքի եւ այլ գույքի նկարագրությունը, ներառյալ՝ տեխնիկական եւ տնտեսական բնութագրերը, դրանց նշանակությունը եւ օգտագործման ժամկետ(ներ)ը (առկայության դեպքում),

6) համապատասխան ենթակառուցվածքի կամ ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդգրկված այլ գույքի նկատմամբ կողմերի իրավունքների (առկայության դեպքում) բաշխումը, ինչպես նաեւ դրանց փոխանցման կարգը,

7)  ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի (անհրաժեշտության  դեպքում) տրամադրման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ դրանց վիճակի նկարագրությունը,

8) մասնավոր գործընկերոջ կողմից մատակարարվող ապրանքների, կատարվող աշխատանքների եւ (կամ) մատուցվող ծառայությունների գների (սակագների) սահմանման եւ փոփոխման  կամ դրանց առնչվող պայմանները,

9) ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետը եւ (կամ) դրա որոշման կարգը,

10) մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը տրամադրվող ապահովվածության տեսակները (առկայության դեպքում) եւ հիմնական պայմանները,

11) մասնավոր գործընկերոջը կատարվող՝ արդյունքի վրա հիմնված վճարումների, հասանելիության վճարների եւ (կամ) այլ վճարների (առկայության դեպքում) բնույթը,

12) ՊՄԳ պայմանագրում փոփոխություններ կատարելու կարգը,

13) մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող բոլոր վճարումների (առկայության դեպքում) բնույթը,

14) ՊՄԳ պայմանագրի դադարեցման (կամ դադարեցման վտանգի) հիմքերը, ընթացակարգերը եւ հանգամանքները, ներառյալ՝ վարկատուի միջամտության իրավունքները եւ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմաց վճարները,

15) մասնավոր գործընկերոջ կողմից կատարվող ներդրումների (առկայության դեպքում) նվազագույն ծավալը:

Հոդված 17.  ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը

1. Փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել, եթե.

1) նման փոփոխություն կատարելու հնարավորություն նախատեսված է ՊՄԳ պայմանագրով,

2) նման փոփոխություն կատարելու դեպքում ՊՄԳ ծրագիրը կշարունակի համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը դրական է:

Հոդված 18. ՊՄԳ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավված հանրային ենթակառուցվածքը եւ դրան առնչվող այլ գույքը

1. ՊՄԳ պայմանագրի՝ ենթակառուցվածքի եւ դրան առնչվող այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող կողմերն անհրաժեշտության դեպքում իրավասու են մյուս կողմին փոխանցել այդ իրավունքները, ներառյալ` հողամասերի եւ այլ անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ սեփականության եւ (կամ) օգտագործման իրավունքները, ինչպես նաեւ այլ գույքային իրավունքներ՝ ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան ՊՄԳ ծրագիրն իրականացնելու համար:

2. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ իրավունքը գույքի (գույքային իրավունքների) նկատմամբ իրավունքների փոխանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ երրորդ կողմերին փոխանցել հանրային ենթակառուցվածքի եւ դրան առնչվող գույքի նկատմամբ իր բոլոր իրավունքները կամ դրանց մի մասն այնպիսի ժամկետով, որը չի գերազանցում ՊՄԳ պայմանագրով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ համապատասխան իրավունքի ժամկետը:

Հոդված 19.  Հողամասերի տրամադրումը

1. ՊՄԳ պայմանագրով նախատեսված դեպքերում հանրային գործընկերը պետք է ապահովի ՊՄԳ ծրագրի իրականացման համար պահանջվող հողամասերի տրամադրումը մասնավոր գործընկերոջը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հողամասերը գտնվում են մասնավոր գործընկերոջ սեփականության կամ տիրապետման ներքո:

2. Հողամասերը կարող են տրամադրվել առանց այդ նպատակով լրացուցիչ մրցույթի անցկացման` առուվաճառքի, վարձակալության, հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրի, սերվիտուտի կամ ցանկացած այլ գործարքի հիման վրա, որը թույլ կտա մասնավոր գործընկերոջը կատարել ՊՄԳ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները:

3. ՊՄԳ պայմանագիրը պետք է նախատեսի հանրային գործընկերոջ կողմից հողամասերը կամ վերջիններիս նկատմամբ անհրաժեշտ իրավունքները մասնավոր գործընկերոջը ՊՄԳ պայմանագրով սահմանված ժամկետում չտրամադրելու հետեւանքները:

Հոդված 20.  ՊՄԳ պայմանագրի կողմերի պատասխանատվությունը

1. Կողմերից որեւէ մեկի կողմից պարտականությունների (ներառյալ՝ կատարողականի պահանջների, երաշխիքների եւ այլ պարտավորությունների) խախտումը կարող է հանգեցնել օրենքով կամ ՊՄԳ պայմանագրով սահմանված պատասխանատվության: ՊՄԳ պայմանագրում կարող են ներառվել պատասխանատվության՝ օրենքով չարգելված ցանկացած միջոցներ:

Հոդված 21.  Միջամտության իրավունքները: ՊՄԳ պայմանագրի կողմերի փոխարինումը

1. ՊՄԳ պայմանագրով կարող է սահմանվել, որ որոշակի հատուկ հանգամանքներում եւ ուղիղ պայմանագրի եւ (կամ) դրան առնչվող պայմանագրերի պայմանների համաձայն, հանրային գործընկերը կամ վարկատուն (վարկատուները) կարող են իրականացնել իրենց միջամտության իրավունքը: Այդ դեպքում համապատասխան հանրային ենթակառուցվածքի շահագործումը եւ (կամ) հանրային ծառայությունների մատուցումը՝ ենթակառուցվածքի արդյունավետ աշխատանքը եւ (կամ) ծառայությունների արդյունավետ մատուցումը եւ տվյալ ծրագրի շարունակական գործողությունն ապահովելու նպատակով կարող է ժամանակավորապես ստանձնել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) կողմից նշանակված այլ իրավաբանական անձ (անձինք): Նման միջամտության ծախսերը կրում է ՊՄԳ պայմանագրով եւ (կամ) ուղիղ պայմանագրով սահմանված կողմը:

2. Այդ դեպքում մասնավոր գործընկերոջը կարող է ժամանակավորապես (ամբողջությամբ կամ մասամբ) փոխարինել հանրային գործընկերը կամ  վարկատուի (վարկատուների) կողմից նշանակված իրավաբանական անձը (անձինք)` յուրաքանչյուր դեպքում առաջնորդվելով ՊՄԳ պայմանագրով եւ (կամ) ուղիղ պայմանագրով ավելի հստակ սահմանված կարգով եւ դրանց համապատասխան պայմանների համաձայն:

3. Եթե ուղիղ պայմանագրի հիման վրա մասնավոր գործընկերը ժամանակավորապես փոխարինվում է հանրային գործընկերոջով, ապա մասնավոր գործընկերոջ պարտքի փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանը չի կարող իրականացվել:

4. Ցանկացած փոխարինող մասնավոր գործընկեր պետք է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով համապատասխանի իր կողմից իրականացվելիք աշխատանքների եւ (կամ) մատուցվելիք ծառայությունների հետ կապված որակավորման եւ այլ էական բոլոր պահանջներին (այդ թվում՝ ունենա Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիա եւ (կամ) թույլտվություն), որոնց հիման վրա ՊՄԳ պայմանագիր էր կնքվել սկզբնական մասնավոր գործընկերոջ հետ:

5. Մասնավոր գործընկերոջ փոխարինման կարգը եւ դրա նկատմամբ կիրառելի պայմանները սահմանվում են համապատասխան ՊՄԳ պայմանագրով եւ (կամ) ուղիղ պայմանագրով: Մասնավոր գործընկերոջ մշտական փոխարինման դեպքում հանրային գործընկերը կազմակերպում է նոր մասնավոր գործընկերոջ ընտրության համար լրացուցիչ մրցույթ: Մասնավոր գործընկերոջ ժամանակավոր փոխարինման դեպքում լրացուցիչ մրցույթի անհրաժեշտություն չկա:

ԳԼՈՒԽ V.
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 22. Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները


Հոդված 22. Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները

1. Հանրային գործընկերը եւ մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են:

2. Եթե մասնավոր գործընկերը վաճառում է ապրանքներ, իրականացնում է աշխատանքներ կամ մատուցում է ծառայություններ կարգավորվող գներով (սակագներով), եւ այդ գները (սակագները) կարգավորող մարմինները մասնավոր գործընկերոջ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սահմանում են այնպիսի գներ (սակագներ), որոնք չեն ապահովում ՊՄԳ պայմանագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից կատարված տնտեսապես հիմնավորված ներդրումների հատուցումը, ապա հանրային գործընկերը կարող է ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան  մասնավոր գործընկերոջը փոխհատուցել հատուցման համար չբավարարող գումարը: ՊՄԳ ընթացակարգերով կարող են սահմանվել փոխհատուցման վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ, ուղեցույցներ, ինչպես նաեւ փոխհատուցման չափանիշներ, կանոններ կամ սահմանափակումներ:

3. Հանրային գործընկերը կարող է հայտատուին շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ ՊՄԳ ծրագրի տեխնիկական եւ ֆինանսական կենսունակությունն ապահովելու նպատակով:

Հոդված 23.  Երաշխիքներ վարկատուների համար

1. Ուղիղ պայմանագրով վարկատուների համար կարող են նախատեսվել այնպիսի իրավունքներ եւ երաշխիքներ, որոնք պայմանագրի կողմերը նպատակահարմար կգտնեն:

2. Ուղիղ պայմանագրով կարող են մանրամասն սահմանվել սույն օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ մասնավոր գործընկերոջ փոխարինման՝ վարկատուների իրավունքները, մասնավորապես այն որ հանրային գործընկերոջ կողմից առաջարկվող մասնավոր գործընկերոջ փոխարինումը չի կարող իրականացվել առանց վարկատուի հաստատման, կամ վարկատուների կողմից առաջարկվող այդպիսի փոխարինումը չի կարող իրականացվել առանց հանրային գործընկերոջ հաստատման:

3. Ուղիղ պայմանագիրը կարող է նախատեսել վարկատուների միջամտության իրավունքները, ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ վերջիններիս տեղեկատվության տրամադրման հետ կապված պայմանագրի կողմերի պարտավորությունները, ՊՄԳ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում վարկատուների փոխհատուցման վերաբերյալ դրույթները եւ կողմերի միջեւ համաձայնեցված այլ դրույթներ:

4. Ուղիղ պայմանագրով կարող է սահմանվել դրանով նախատեսված որոշակի դեպքերում մասնավոր գործընկերոջ փոխարեն ուղղակիորեն վարկատուներին պայմանագրային վճարումներ կատարելու հանրային գործընկերոջ պարտականությունը:

5. Ուղիղ պայմանագիր կնքելու նպատակով հանրային գործընկերը մրցույթ չի կազմակերպում, եթե այն կնքում է մասնավոր գործընկերոջ եւ վարկատուի հետ:

6. ՊՄԳ պայմանագիրը կարող է նախատեսել մասնավոր գործընկերոջ պարտավորությունը վարկատուներին տրամադրել իր պարտավորությունների ցանկացած տեսակի ապահովում (կապված ՊՄԳ ծրագրում ներգրավված ակտիվների, ՊՄԳ պայմանագրով (եւ (կամ) դրան առնչվող փաստաթղթերով) նախատեսված իր իրավունքների եւ ՊՄԳ ծրագրի հետ կապված գործունեության հետ), որը չի արգելվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ VI.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ տվյալների բազան եվ հաշվետվությունը
Հոդված 24. 
ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան


Հոդված 24. 
ՊՄԳ ծրագրերի տվյալների բազան

1. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը ստեղծում եւ կառավարում է Հայաստանի Հանրապետության բոլոր ՊՄԳ ծրագրերի վերաբերյալ տվյալների բազա:

2. Հանրային գործընկերը ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնին ներկայացնում է իր կողմից կնքված յուրաքանչյուր ՊՄԳ պայմանագրի, վերջինիս բոլոր հավելվածների կամ լրացումների պատճենները՝ ՊՄԳ պայմանագիրը կամ վերջինիս համապատասխան լրացումը ստորագրելուց հետո քսան (20) օրվա ընթացքում:

3. ՊՄԳ ծրագրի տվյալների բազան պետք է հրապարակայնորեն հասանելի լինի, բացառությամբ այն տեղեկատվության, որի հրապարակումը սահմանափակվում է օրենքներով եւ (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 25.  ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը

1. Հանրային գործընկերը պատրաստում եւ ՊՄԳ ստորաբաժանում է ներկայացնում ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն՝ մասնավոր գործընկերոջ կողմից ներկայացված եզրակացության հետ միասին:

2. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձեւը եւ ներկայացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. ՊՄԳ ստորաբաժանումը կարող է պահանջել լրացուցիչ պարզաբանումներ եւ բացատրություններ՝ ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ ցանկացած հաշվետվության մասով:

4. ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն պետք է հրապարակայնորեն հասանելի լինի:

ԳԼՈՒԽ VII.
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Հոդված 26. ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տեսակները

1.  ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներին կարող են տրամադրվել պետական աջակցության հետեւյալ տեսակները.

1) դրամաշնորհներ,

2) սուբսիդիաներ,

3) ՊՄԳ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ակտիվների հատկացումներ,

4) ՊՄԳ ծրագրի շրջանակներում նվազագույն հասույթի եւ (կամ) վերջնական սպառողների կամ գնորդների նվազագույն քանակի երաշխիքներ եւ (կամ) երաշխիքների եւ արտոնությունների այլ տեսակներ,

5) երաշխիքներ առ այն, որ հանրային գործընկերը սպառելու կամ օգտագործելու է ՊՄԳ ծրագրի իրականացման ընթացքում արտադրված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատակարարված ծառայությունների որոշակի ծավալ կամ մասնաբաժին,

6) վարկեր եւ ֆինանսավորման կամ ներդրումների այլ ձեւեր,

7) ՊՄԳ ծրագրի հետ կապված որոշակի տեսակի ծախսերի եւ ռիսկերի փոխհատուցում (կամ դրանց համար ուղղակի պատասխանատվություն),

8) բյուջետային երաշխիքներ,

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. ՊՄԳ ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային եւ մաքսային արտոնություններից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. ՊՄԳ ընթացակարգերով կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերում պետական աջակցության տարբեր տեսակների վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ եւ նման աջակցություն տրամադրելու վերաբերյալ ուղեցույցներ, ինչպես նաեւ որոշում է դրանց նկատմամբ կիրառելի բոլոր չափանիշները, կանոնները կամ սահմանափակումները:

Հոդված 27.  ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարումների տեսակները

1. ՊՄԳ պայմանագիրը կարող է ներառել դրույթ, համաձայն որի բացի վերջնական սպառողների կողմից կատարվող վճարումների եւ (կամ) արդյունքի վրա հիմնված վճարումների կամ դրանց փոխարեն հանրային գործընկերը մասնավոր գործընկերոջը վճարում է հասանելիության վճարներ եւ (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ հատուցումներ՝ պայմանագրով սահմանված պայմաններով:

2. Մասնավոր գործընկերն իրավունք ունի ՊՄԳ պայմանագրի շրջանակներում իր գործունեությունից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանալ շահույթ եւ շարունակել տնօրինել այդ շահույթը:

3. ՊՄԳ պայմանագրով կարող են նախատեսվել մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը կատարվող վճարումներ (մասնավոր գործընկերոջ վճարի կամ այլ ձեւով), որոնք կարող են լինել պարբերական հիմունքով հաստատագրված գումարի կամ միանվագ գումարի, կամ մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ պայմանագրի համաձայն իրականացվող գործունեությունից ստացվելիք ցանկացած հասույթի սահմանված մասնաբաժնի ձեւով, կամ մասնավոր գործընկերոջը պատկանող գույքը հանրային գործընկերոջը սեփականության իրավունքով փոխանցելու ձեւով, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձեւերով: ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել նաեւ մասնավոր գործընկերոջ վճարի տարբեր ձեւերի համադրություն:

4. ՊՄԳ պայմանագրով կարող է նախատեսվել սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված վճարումների ձեւերից ցանկացածի կամ բոլորի համադրությունը:

ԳԼՈՒԽ VIII.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված  28.  Վեճերի լուծումը

1. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրի հետ կապված ցանկացած այլ պայմանագրից ծագող ցանկացած վեճ լուծվում է համապատասխան պայմանագրում եւ (կամ) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված` ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում կողմերի միջեւ համաձայնեցված՝ վեճերի լուծման կարգով:

2. ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման մեխանիզմը, ներառյալ՝ հաշտարարությունը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամ չունեցող փորձագիտական գնահատումը կամ եզրակացությունը, ազգային կամ միջազգային առեւտրային արբիտրաժը կամ ներդրումային արբիտրաժը, ինչպես նաեւ նման վեճերի լուծման ընթացակարգային կանոնները:

3. ՊՄԳ պայմանագրից, ուղիղ պայմանագրից կամ ՊՄԳ ծրագրին վերաբերող ցանկացած այլ պայմանագրից ծագող վեճերի մասով հանրային գործընկերը չի կարող ունենալ որեւէ պետական կամ սուվերեն անձեռնմխելիություն:

ԳԼՈՒԽ IX.
ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  29. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
 
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ




1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման եւ Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն:

Կառավարության նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի եւ հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական եւ սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը:

ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը:

2017թ. նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, որը ՀՀ կառավարության առաջին քայլն էր` ուղղված ՊՄԳ իրավական հիմքերի ստեղծմանը: Այսպիսով, Կառավարությունն ստանձնեց հայաստանյան ՊՄԳ ծրագրերում եւ՛ տեղական, եւ՛ օտարերկրյա մասնավոր հատվածների մասնակցությունը խրախուսելու համար նպաստավոր միջավայր ստեղծելու հանձնառություն:

Սույն նախագծի ընդունմամբ, որպես առաջնային օրենսդրության հիմնական գործիք, կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները: Օրենքը նախատեսում է Հայաստանում ՊՄԳ-ների սահմանման, շնորհման եւ իրականացման մասով կիրառելի կանոնների եւ ընթացակարգերի հստակ համախումբ, որը կօժանդակի ՊՄԳ նոր համակարգն ավելի ամբողջական դարձնելու եւ վերջինիս համար հստակ, ուժեղ իրավական շրջանակ ապահովելու հարցում:

Կառավարության նպատակն է կիրառել եւ խթանել ՊՄԳ-ներն այն դեպքերում, երբ վերջիններս կարող են տնտեսությանը եւ հասարակությանն ավելի մեծ օգուտ բերել, քան հանրային հատվածի ավանդական ծրագրերը: ՊՄԳ-ները կկիրառվեն, եթե ողջամտորեն ցույց տրվի, որ վերջիններիս ծախսային արդյունավետությունն ավելի բարձր է, քան ավանդական պետական գնումներինը, կամ առանձին հանգամանքներում հանրային նշանակության ենթակառուցվածքների ստեղծման եւ հանրային ծառայությունների մատուցման համար ամենագրավիչ հիմքն են հանդիսանում՝ համաձայն Կառավարության կողմից դրանց համար սահմանված այլ չափանիշների:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը եւ ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Առաջարկվող իրավական ակտով կարգավորվում են պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը՝ խորհրդատուների աջակցությամբ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծում, որը կապահովի ՀՀ ՊՄԳ քաղաքականության սահմաններում ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱUԻՆ

Նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների էական նվազեցման չի հանգեցնի:
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

6  սեպտեմբերի  2018  թվականի  N 1012 - Ա
 
 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ  ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀՈՂԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. սեպտեմբերի 20
           Երեւան

 
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 
 
 
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետություն-մասնավոր գործընկերության մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1012-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ