Armenian ARMSCII Armenian
Կ-054-11.03.2019,13.03.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 4-րդ մասում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:

Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարատու պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչեւ 2019 թվականի մայիսի 31-ը:

3. Պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները սույն օրենքի կիրառման պահից շարունակում են գործել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:

3. 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2018 թվականի տարեկան, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագիր ներկայացրած անձինք ազատվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից եւ համարվում են հայտարարագիր ներկայացրած:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագիր են ներկայացնում օրենքն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

6. Մինչեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի իմաստով՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն կարդալ. «Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատավորները, փոխվարչապետները, նախարարները եւ նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ նրա տեղակալները, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, մարզերի, Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները, ինքնավար եւ անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները եւ անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը եւ նրա տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը եւ նրա տեղակալները, Պրոբացիայի ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալները, Գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենը եւ նրա տեղակալները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները, Երեւանի քաղաքապետը եւ նրա տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը եւ նրա տեղակալները, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը եւ օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները եւ օգնականները, վարչապետի խորհրդականները եւ օգնականները:»: