Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-059-15.03.2019-ՏԵ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» 2010  թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի «դիսկլամացիա» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որեւէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն.»

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական վայրի անվանում եւ գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, պայմանով, որ այդ ապրանքային նշանի օգտագործումը  կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքների իրական ծագման վայրի հարցում.».

2) 2-րդ մասի «2-4-րդ կետերը» բառերը փոխարինել «2-5-րդ կետերը» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Հանրապետությունում» բառից հետո լրացնել «նույն կամ նույնատիպ ապրանքի համար» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, եւ եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա փորձաքննության ընթացքում հայտատուի խնդրանքով կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ, պետական լիազոր մարմնի որոշմամբ, իսկ ապրանքային նշանի գրանցված լինելու դեպքում իրավատիրոջ խնդրանքով դատարանի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք, ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»:

Հոդված 5.  Օրենքի 14-րդ հոդվածի`

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:».

2)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «հաշված` հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված` երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝  «նախորդող երեք տարի» բառերով.

2)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելուց մինչեւ երեք ամիս առաջ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում «ձեւակերպման» բառից հետո լրացնել «, ներկայացման» բառը:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշված` հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված` երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝  «նախորդող երեք տարի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «իրավատիրոջ» բառից հետո լրացնել «(հայտատուի)» բառը:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 3-րդ մասի 1-ին կետում, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 26-րդ հոդվածի 6-րդ մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հանրության» բառը եւ դրա համապատասխան  հոլովաձեւերը փոխարինել «սպառող» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 11. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «գրավոր» բառից հետո լրացնել «(տպագիր)» բառը.

2) 5-րդ մասում «եւ ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման եւ քննարկման» բառերով:

Հոդված 12. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով եւ (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:» բառերը փոխարինել «ընդլայնում են հայտում նշված ապրանքների եւ (կամ) ծառայությունների ցանկը:» բառերով:

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածի`

1) 8-րդ մասում «նշանի գրանցումը մերժելու մասին:» բառերը փոխարինել «նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին` չտրամադրելով ինքնուրույն պահպանություն նշված տարրերին:» բառերով.

2) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին: Ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 14. Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետում «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը  հայտում նշված բոլոր ապրանքների եւ (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.

3) 7-րդ մասում «եւ ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման եւ քննարկման» բառերով:

Հոդված 15. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «ազգանվան» բառից հետո լրացնել «, անվանման» բառը.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ


1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) նախատեսված դրույթներին   համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Բացի այդ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաեւ այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։

2. Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից մշակվել է ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում են հետեւյալ հիմնական փոփոխությունները եւ լրացումները, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկային առնչվող եւ այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.

1. հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել,

2. կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները,

3. Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են Պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետները,

4. հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:

Այսպես՝

1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 9-րդ կետերում նշված նիշերը, բացառությամբ պետությունների պաշտոնական անվանումների, դրանց կրճատ ձեւերի եւ շփոթելու աստիճան նման նիշերի, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում, եւ եթե առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը։

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է նույն կարգավորումը նախատեսել նաեւ նույն հոդվածի 2-5-րդ կետերով սահմանված տարրերի վերաբերյալ, համաձայն որի` նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում:

2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որեւէ այլ երկրում (այսինքն՝ զուգահեռ ներկրում): Իսկ Պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն՝ նշված դրույթը կիրառվում է միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անդամ որեւէ երկրում:

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետ սահմանված է ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված՝ հինգ տարի անընդմեջ, կամ հայցը ավելի ուշ ներկայացնելու դեպքում, հայցին անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածը, իսկ Պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն՝ նշված ժամանակահատվածը սահմանված է երեք տարի:

Հետեւաբար՝ վերը նշված դրույթները համապատասխանեցվել են Պայմանագրի դրույթներով նախատեսված պահանջներին՝ հետագա հակասություններից խուսափելու նպատակով:

3. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ  ապրանքային նշանի զիջումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման պատճառով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայցը մերժելու: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ  Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին լինում են դեպքեր, երբ կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակվում է չօգտագործվել եւ հանդիսանում է չարաշահումների  պատճառ:

Հետեւաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Բացի այդ, Օրենքի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԿԱՏԱՐԵԼՈՒՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ
 

 9 օգոստոսի 2018 թվականի  N 887    - Ա


«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 2018 թ. օգոստոսի 13
           Երեւան

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 887-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ