Armenian ARMSCII Armenian
Կ-065-20.03.2019-ՖՎ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ 5.000.000 (ներառյալ՝ 5.000.000 ՀՀ դրամը) դրամ գումարի չափով եւ (կամ) դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության եւ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ) տրամադրված կրեդիտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) սպառող.

ա. անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով կրեդիտ ստացող ֆիզիկական անձ,

բ. գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող ֆիզիկական անձ, կամ գյուղատնտեսական նշանակության կրեդիտ ստացող անհատ ձեռնարկատեր,

գ. կրեդիտ ստացող՝ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր, փոքր եւ միջին առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր (այսուհետ նաեւ՝ ՓՄՁ սուբյեկտ):

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել՝ «հարյուր հազար դրամը չգերազանցող եւ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝ «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով:

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2.Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների եւ դրանց առաջացման հիմքերի եւ մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն:»:

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Սպառողն իրավունք ունի նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը ստանալ կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, ինչը չի բացառում նույն տեղեկատվությունը սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տրամադրելու կրեդիտավորողի պարտականությունը: Սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով եւ առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առոչինչ է:

Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու կամ սպառողի համար այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից:».

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա: