Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվում է առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերից մեկում: Արտագնա նիստի գումարման վայրը, ժամը, նիստի անցկացման կարգը եւ օրակարգը հաստատվում եւ հրապարակվում է արտագնա առաջիկա նիստից առնվազն տասը աշխատանքային օր առաջ:»

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի՝

«նիստերի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ արտագնա նիստերի օրակարգերի նախագծերը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի՝

«նիստերի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ արտագնա նիստերի օրակարգերի նախագծերը» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ


Տարածքների համաչափ զարգացումն, ի թիվս այնի, ենթադրում է Երեւան քաղաքի եւ մարզերի, ինչպես նաեւ մարզերի միջեւ առկա կենսամակարդակների տարբերությունների նվազեցում  եւ մարզերի զարգացման տեմպերի մոտեցում Երեւան քաղաքի զարգացման տեմպերին: Այս կարեւորագույն նպատակի իրագործմանը Ազգային ժողովի մասնակցությունը չպետք է սահմանակվի միայն այդ ուղղությամբ օրենքների ընդունմամբ եւ օրենսդրական դաշտի բարելավմամբ: Ազգային ժողովը տարբեր ակտիվ գործողություններով պետք է ցույց տա, որ ՀՀ մարզերի բնակչությունը եւ նրանց խնդիրները գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Ասվածով պայմանավորված՝ առաջարկվում է հերթական նստաշրջանի ընթացքում ՀՀ մարզերից մեկում գումարել առնվազն մեկ արտագնա նիստ՝ տվյալ մարզին նվիրված խնդիրների օրակարգով: Օրենքի նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահամանադրական օրենքում ամրագրել ՀՀ մարզերում հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ գումարելու պարտադիր պահանջ եւ դրանից բխող լրացումներ կատարել Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդի լիազորություններում: Այս լրացումներն ընդունվելու դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում կսահմանվեն արտագնա նիստերի անցկացման պարտադիր պահանջ, որը կնպաստի ընտրողների առջեւ Ազգային ժողովի եւ պատգամավորների հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաեւ Ազգային ժողովին թույլ կտա առավել արդյունավետորեն իրականացնել իր վերահսկողական գործառույթը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
 

 009                                                                                                                     «29» մարտի 2019թ.

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

   

Հարգարժան պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածների մասին տեղեկանքը, որոնցում առաջարկվում է կատարել լրացումներ:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 3 թերթ։
 
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ