Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-088-04.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց» բառերը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԳՆՈւՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանին վերաբերող հարաբերությունները: Համաձայն հիշյալ դրույթի` պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական պահպանություն տրամադրվում է`

1) Հանրապետության նախագահին.

2) վարչապետին.

3) Ազգային ժողովի նախագահին.

4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վարչապետի թեկնածուին:

Այսպիսով, պարզ է դառնում, որ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանը ներառում է ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց` Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի ծախսերի վերաբերյալ գնումները:

Այսինքն` երկրի առաջին երեք դեմքերին վերաբերվող գնումները համարվում են պետական գաղտնիք, եւ արդյունքում` այդ մասով իրականացվող պետական գնումները դուրս են մնում օրենսդրությամբ սահմանված երաշխիքներից: Սա մասնավորապես հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը, որոնց թվում է նաեւ տեղեկատվությունը պետական գաղտնիք համարվելու փաստը:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է պետական գաղտնիք հասկացությունը, որի համաձայն` պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` հիմնավորված չի կարող համարվել այն, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում կատարվող գնումների եւ կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվության ազատությունը պետք է սահմանափակվի` որպես պետական գաղտնիք, քանի որ`

- Նախ` այդ տեղեկատվությունը խիստ արժեքավոր է եւ կարեւոր պետական գնումների մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների եւ հանրությանը իրազեկելու, ինչպես նաեւ լրագրողական հետաքննություններ իրականացնելու համար:

- Երկրորդ` այդ տեղեկատվությունը պետական գաղտնիքների ցանկում ներառելը լրջորեն նվազեցնում է պետության հաշվետվողականությունը հանրության առջեւ եւ իջեցնում պետական գնումների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը: Սա խոչընդոտներ է ստեղծում նաեւ կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի գործընթացների, այդ թվում` քաղաքացիական հասարակության կողմից դրանց վերահսկելու համար: Ակնհայտ է, որ այդ պայքարը հնարավոր չէ արդյունավետ իրականացնել` բացառելով պետության առաջին դեմքերի գործունեությանը վերաբերող պետական գնումների թափանցիկությունը:

- Երրորդ` հիշյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք կարգելիս պետությունը պարտավոր էր հիմնավորել, թե ինչու է ավելի վաղ ժամանակաշրջանում այդ տեղեկատվությունը բաց եղել եւ ինչով է պայմանավորված քաղաքականության փոփոխությունը: Քանի որ Օրենքի ընդունման հիմնավորումներում առաջացած կոնկրետ խնդիրներին եւ պատճառներին անդրադարձ չի եղել, պարզ է դառնում, որ այս մոտեցումը նախկին իշխանության փակ գործելաոճի, կոռուպցիոն ռիսկերը հասարակությունից թաքցնելու ձգտման արդյունք է:

Այսպիսով, սահմանափակումը չի համապատասխանում քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքին, հակասում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրին: Քաղաքացիական հասարակությունը հնարավորություն չի ունենում վերահսկել գործարքները: Հաշվետվողականության բացակայությունը կարող է հանգեցնել մի կողմից կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, մյուս կողմից բյուջետային միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործելու պետության պարտականության կատարման նկատմամբ քաղաքացիների վստահության նվազմանը:

Ներկայացված նախագծով առաջարկվում է հանել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց վերաբերող հատվածը:

Նախագծի ընդունման արդյունքում` Օրենքով սահմանված գնումների հաշվետվողականության երաշխիքները կտարածվեն նաեւ Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի ծախսերին` թափանցիկ եւ վստահելի դարձնելով պետական գնումների խնդրո առարկա հատվածը: Բացի այդ, Օրենքի քննարկվող դրույթը կհամապատասխանեցվի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրին: Նախագծի ընդունման դեպքում կբարձրացվի պետական պաշտոնատար անձանց պատասխանատվությունը գնումների գործընթացի նկատմամբ:

Ներկայացված նախագիծը մշակվել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության հետ միասին:
 

Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

«ԳՆՈւՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի

1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 03-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

03 ապրիլի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ   65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են`

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը,

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Գորգիսյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` ___ թերթ:
 

Հարգանքով`                                           ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ