Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-102-12.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասում «23» թիվը փոխարինել «27» թվով:

Հոդված 2.

1) Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

2) Նույն մասը լրացնել նոր 2.1-ին եւ 4-րդ կետերով`

«2.1) ընդունել է երկքաղաքացիություն եւ քաղաքացիության մյուս երկրում ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այդ պետության զինված ուժերում կամ այդ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն.

4) ունի երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների:».

3) Նույն հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3.

Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝

ա) ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից սահմանված մասնագիտությունների ցուցակով մրցութային կարգով մասնագիտական ոլորտներում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին.

գ) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի պահանջներին համապատասխան մրցութային ծրագրով մագիստրատուրայում եւ ասպիրատնուրայում ուսումնառությունը սույն օրենքի հավելված 1-ով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի» շրջանակներում շարունակելու մասին:»:

Հոդված 4.

1) Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) Նույն հոդվածը լրացնել նոր 9-րդ մասով`

«9. Եթե քաղաքացու մոտ վերացել են տարկետում ստանալու համար հիմք հանդիսացած հանգամանքները հարազատի/ընտանիքի անդամի մահվան պատճառով, ապա քաղաքացին կարող է զորակոչվել, ոչ շուտ քան մահվան դեպքի մեկ տարին լրանալուց հետո հաջորդող զորակոչը:»:

Հոդված 5.

Օրենքը լրացնել Հավելված 1-ով`


ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՌԱՄԶԱԱՐԴՅՈւՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ

ԾՐԱԳԻՐ

Սահմանվող հասկացություններ

1. Հայաստանի Հանրապետության ռամզաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետության ռամզաարդյունաբերական համալիրի եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ ուսումնական ծրագիր՝ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ հայցորդության համար,

2. Մագիստրոսական ծրագիր՝ ծրագրի շրջանակներում մագիստրատուրայի ուսումնական փուլը,

3. Ասպիրանտական ծրագիր՝ ծրագրի շրջանակներում ասպիրանտուրայի ուսումնական փուլը,

4. Հայաստանի Հանրապետության ռամզաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի հավակնորդ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ տարկետման իրավունք ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

5. Ընդունող հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության եւ կրթության ոլորտներում միասնական քաղաքականություն սահմանող եւ իրականացնող լիազոր մարմինների համատեղ որոշմամբ ստեղծված մարմին, որը սահմանում է ծրագրի ընդունելության քննության անցկացման կարգը եւ կազմակերպում քննությունները,

6. Ծրագրի մասնակից՝ ընդունող հանձնաժողովի կողմից կազմակերպված եւ սահմանված կարգով քննությանն առավելագույն արդյունքներ ցուցաբերած եւ ծրագրին մասնակցելու իրավունք ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի,

7. Ընթացիկ ուսումնական հաստատություն՝ ուսումնական հաստատություն, որտեղ սովորում է հավակնորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Ծրագրի նկարագիրը

Հայաստանի Հանրապետության ռամզաարդյունաբերական համալիրը եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններն իրականացնում են համատեղ ուսումնական ծրագիր, որը նպատակ ունի նշված ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների գիտական պոտենցիալն օգտագործել ռազմաարդյունաբերական համալիրում՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր տեխնոլոգիաների եւ նորագույն գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառմանը, եւ մյուս կողմից, ստեղծել հարթակ երիտասարդ գիտնականների գիտական նոր ձեռքբերումների եւ շարունակական զարգացման համար:

Մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսումնասիրվող թեմաներն առաջարկվում են ռազմաարդյունաբերական համալիրի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում էլ պաշտպանվում է մագիստրոսական ատենախոսությունը:

Մագիստրատուրայում ուսումն ավարտելուց հետո ուսանողը հնարավորություն է ստանում ուսումը շարունակել նույն ծրագրի շրջանակներում՝ ասպիրանտուրայում, գիտական աշխատանքի թեման համապատասխանեցնելով ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման արդիական պահանջներին:

Ծրագրին մասնակցելու համար հավակնորդ քաղաքացիները, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն՝ նվազագույնը «լավ» գնահատականներով, մասնակցում են ընդունող հանձնաժողովի կողմից կազմակերպված քննությանը: Առավելագույն միավորներ հավաքած հավակնորդները դառնում են մագիստրոսական ծրագրի մասնակիցներ: Մյուս հավակնորդներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության, այդ թվում՝ ըստ ցանկության, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում:

Մագիստրոսական ծրագրի մասնակիցները, շարունակելով համարվել ընթացիկ ուսումնական հաստատության մագիստրատուրայի ուսանող, ստանում են կրտսեր սպայական կոչում եւ աշխատանքի անցնում ռազմաարդյունաբերական համալիրում՝ պայմանագրային հիմունքներով՝ առնվազն նվազագույն սպայական աշխատավարձով:

Մագիստրոսական ծրագրի ավարտից հետո լավագույն մագիստրոսները հնարավորություն են ստանում շարունակել գիտական գործունեությունը՝ որպես ասպիրանտ՝ ասպիրանտական ծրագրի շրջանակներում: Ասպիրանտուրայի ընդունելության կարգը սահմանվում է համապատասխան իրավական ակտով՝ լիազոր մարմնի կողմից: Ծրագրում ընգրկված քաղաքացիների համար սահմանվում է աշխատավարձ՝ միջին սպայական աստիճանի առավելագույն աշխատավարձին հավասար:

Ասպիրանտական ծրագրում չընդգրկված քաղաքացիներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության, այդ թվում՝ ըստ ցանկության, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում գիտական գործունեության ընթացքում մասնակցի կողմից կատարված բոլոր գիտական աշխատանքները եւ մտավոր սեփականության օբյեկտները համարվում են Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի սեփականություն: Մտավոր սեփականության նշյալ օբյեկտների նկատմամբ դրանք ստեղծող անձիք պահպանում են ոչ գույքային իրավունքները, ինչպես նաեւ ստանում 25% հոնորար ցանկացած հատուցվող գործարքից, որի առարկան են այդ օբյեկտները: Ցանկացած դեպքում դասակարգված տեղեկատվության գաղտնիությունը պահպանվում է պայմանագրի ողջ գործողության ընթացքում եւ դրա լուծումից հետո:

Ասպիրանտական ծրագրի ավարտին, մասնակիցները պաշտպանում են ատենախոսություն: Ատենախոսությունը չպաշտպանած մասնակիցներն անցնում են պարտադիր զինվորական ծառայության, այդ թվում՝ ըստ ցանկության, «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում:

Ատենախոսությունը պաշտպանած քաղաքացիներն իրավունք ունեն միակողմանի խզել պայմանագիրը ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Քաղաքացիների նկատմամբ կարող են կիառվել որոշակի սահմանափակումեր՝ ըստ աշխատանքի ընթացքում առնչված գաղտնի տեղեկությունների կարեւորության: Քաղաքացին հնարավորություն է ստանում հետագաույմ շարունաել գիտական գործունեությունը ռազմաարդյունաբերական համալիրում՝ կնքելով նոր աշխատանքային պայմանագիր՝ նոր պայմաններով:

Հոդված 6.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ «Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի» իրագործման համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն եւ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով՝

1. Օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը: Ուստի, նախագծով առաջարկվում է չսահմանել առավել խիստ տարիքային սահմանափակում ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության համար:

2. Օրենքի 21-րդ հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, որը կստեղծի բարենպաստ պայմաններ Հայաստանի Հանրապետություն վերադարձող այն քաղաքացիների համար, ովքեր ընդունել են երկրորդ քաղաքացիություն եւ քաղաքացիության մյուս երկրում ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել են այդ պետության զինված ուժերում կամ այդ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս կրել են այլընտրանքային ծառայություն: Այսպիսով, այն երկքաղաքացին, ով արդեն իսկ ծառայել է մեկ պետությունում, Հայաստանի Հանրապետությունում եւս ծառայության անցնելու պարտավորություն չի կրելու:

3. Առաջարկվում է նաեւ բանակին անհրաժեշտ մասնագիտությունների գծով թույլատրել բակալավրի աստիճանի ձեռքբերում, ինչից հետո զորակոչվելիս բանակում այդ անձիք կարող են իրականացնել բանակին անհրաժեշտ՝ իրենց մասնագիտական ոլորտի խնդիրների լուծում:

4. Ներկայիս օրենսդրությամբ սահմանված է պարտադիր զինվորական ծառայությունից ինչպես ազատման, այնպես էլ տարեկետման հիմքերը, իսկ Օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված են այն հիմքերը, որոնց պարագայում անձն ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ ընտանեկան պայմաններից ելնելով: Այսպես, առաջարկվող լրացմամաբ հստակ կերպով ամրագրվում են այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում անձը ոչ թէ ստանում է տարեկետման իրավունք, այլ տվյալ ընտանեկան պայմանները համարվում են բավարար՝ վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով ազատումը թույլատրելի ճանաչելու համար:

5. Ներկայացված նախագծով առաջարկվող մոտեցումը միտված է գիտական եւ նորարարական հայեցակետերի զարգացմանը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող հատուկ ծրագիրը, որը կթույլատրի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում շարունակել կրթությունն այնպիսի ձեւաչափով, ինչը մի կողմից, կխրախուսի, ուսանողներին զբաղվելու գիտությամբ, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին հնարավորություն կտա օգտագործելու գիտական համապատասխան պոտենցիալը: Հանրապետության բուհ-երում տարկետման իրավունք ունեցող տեղեր են սահմանվել պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 1826 տեղ, առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 137 տեղ, որը կազմում է ընդհանուր 2017/2018թթ. ուստարվա ընթացքում հատկացված կրթական տեղերի մոտ 10%-ը: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ նշված տեղերի մոտ կեսը բաժին է ընկնում իգական սեռի ներկայացուցիչներին, այսինքն՝ արական սեռի ներկայացուցիչների թիվը, ովքեր ստանում են տարկետում, կազմում է մոտ 1000: Նշված քանակի ուսանողներից միայն մոտ 10%-ն է շարունակում զբաղվել գիտական հետազոտություններով՝ ուսումը շարունակելով ասպիրանտուրայում կամ այլ հետբուհական կրթական հաստատությունում: Այսպիսով, ներկայացված ծրագիրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝

Ուսումնառության ողջ ընթացքում հետազոտությունների համար տրամադրվող դրամաշնորհները կնպաստեն բազմաթիվ հետազոտությունների, գիտական աշխատանքների իրականացմանը, թույլ կտան կիրառական նշանակության գիտական նորամուծությունները կիրառել հենց տեղում՝ ստանալով շոշափելի արդյունք: Այս ծրագրի գործարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կդառնան Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման խթանող ուժ եւ կստեղծվեն հնարավորություններ նոր գիտական կենտրոնների ձեւավորման համար, որոնք կսպասարկեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախատարության, զինված ուժերի կարիքները՝ ունենալով նաեւ կոմերցիոն զարգացման հեռանկարեր:

6. Օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայությամբ անձն ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ ընտանեկան պայմաններից ելնելով: Նշյալ հոդվածում առաջարկվում է կատարել լրացում, համաձայն որի՝ եթե հարազատի/ընտանիքի անդամի մահվան պատճառով քաղաքացու մոտ վերանում են տարեկետման հիմքերը, ապա վերջինս զորակոչվում է բանակ, ոչ շուտ քան մահվան մեկ տարին լրանալուց հետո հաջորդող զորակոչը:

ՈՐՈՇՈւՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի ___-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- դրա ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Գորգիսյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ