Armenian ARMSCII Armenian
Պ-015-18.02.2019,15.04.2019-ՊԻ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին  Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք

1. Աջակցություն ստանալու իրավունք ունի`

1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը.

2) այն անձը, որի առողջությանը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Հոդված 3. Աջակցության տրամադրումը

1. Աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

2. Աջակցություն ստանալու իրավուք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: