Armenian ARMSCII Armenian
Կ-0281-26.02.2019,15.04.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 12-րդ պարբերությունում «երկու» բառից հետո լրացնել «կարճատեւ» բառը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ պարբերություն.

«Միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատեւ տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ երեք օր տեւողությամբ: Երկարատեւ տեսակցություն տրամադրվում է նաեւ կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատեւ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ: Կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ պարբերությունից «, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց,» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) «կալանավորված» բառերը փոխարինել «ձերբակալված եւ կալանավորված» բառերով.

2) 2-րդ պարբերությունում «կարող է» բառերից հետո լրացնել «պատճառաբանված որոշմամբ» բառերը.

3) 3-րդ պարբերությունում «Կալանավորվածներին պահելու վարչակազմը» բառերը փոխարինել «Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը» բառերով, իսկ «տեղեկացնի» բառը՝ «տեղեկացնեն» բառով.

4) 4-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչեւ բուժման ավարտը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: