Armenian ARMSCII Armenian
Կ-0491-07.03.2019,15.04.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը «եւ հիմնարկների,» բառերից հետո լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավաբանական անձանց իրական սեփականատերերի,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23- 28-րդ կետերով.

«23) իրական սեփականատեր՝ ֆիզիկական անձ, որը՝

ա. առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում կամ տիրապետում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության  առնվազն 10 տոկոս հանրագումարին,

բ. վերահսկում է իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայի, այսուհետ՝ բաժնետոմս) կամ այլ արժեթղթերի միջոցով,

գ. ստանում է իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը,

դ. իրավասու է նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց,

ե. իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու իրավաբանական անձի կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով, ներառյալ՝  հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի, օպցիոնի պայմանագրի, բաժնետոմսերի (բաժնեմասերի) փոխարկվող պարտքի տրամադրման պայմանագրի  եւ այլ միջոցներով:

Սույն կետով սահմանված հիմքերով իրավաբանական անձին տիրապետելու, վերահսկելու կամ եկամուտ ստանալու դեպքերում քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է իրական սեփականատեր՝ անկախ հսկողության, մասնակցության եւ եկամտի չափից:

24) քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք (բացառությամբ քննիչների), Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ նշված անձանց ընտանիքի անդամները, այն է՝ ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը.

25) փոխկապակցված իրավաբանական անձինք՝ իրավաբանական անձինք,

ա. որոնցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի առնվազն 10 եւ ավելի տոկոսին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 տոկոս հանրագումարին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան՝ հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները,

բ. որոնցից մեկի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) եւ (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 եւ ավելի տոկոսից ավելիին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության 10 եւ ավելի տոկոս հանրագումարին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձեւով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

26) փոխկապակցված ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը հանդիսանում է՝

ա. տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 10 տոկոս եւ ավելին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարը տնօրինող մասնակից,

բ. օրենքով չարգելված այլ ձեւով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ կառավարման այլ մարմինների անդամ.

27) փոխկապակցված անձինք՝ անձի ամուսինը, անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները.

28) միջանկյալ իրավաբանական անձ՝ ընկերություն-իրական սեփականատեր շղթայում գործող ցանկացած իրավաբանական անձ:»:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-27-րդ մասերով.

«20. Օրենքով  իրական  սեփականատիրոջ  բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառվում են իրական սեփականատիրոջ վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները.

1) ֆիզիկական  անձի  ինքնությունը  հավաստող  տվյալները՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը (անձի անունը եւ ազգանունը նշվում են նաեւ լատինատառ), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, հանրային ծառայությունների համարանիշը (առկայության դեպքում), հաշվառման հասցեն, բնակության վայրի հասցեն (հաշվառման հասցեից տարբերվելու դեպքում), աշխատանքի վայրի անվանումը (վայրերի անվանումները), աշխատանքի վայրի հասցեն (վայրերի հասցեները), կապի միջոցները.

2) միջանկյալ իրավաբանական անձի (անձանց) անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), պետական գրանցման համարը գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը.

3) իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության կամ իրավաբանական անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորության մասին տեղեկություններ՝ կատարելով՝

ա. նշում առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության կամ քվեարկության իրավունքի, կամ տարբեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին տիրապետելու վերաբերյալ՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը եւ ձեռք բերելու ամսաթիվը,

բ. նշում իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով վերահսկելու մասին՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի միջոցով՝ նշելով բաժնետոմսերի քանակը, բաժնետոմսերի տոկոսը եւ ձեռք բերելու ամսաթիվը,

գ. նշում իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսի չափով ստացված օգուտի մասին,

դ. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց նշանակելու կամ ազատելու իրավասության մասին,

ե. նշում իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ իրավաբանական անձի կառավարման վրա ազդելու, կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը վերահսկելու կամ իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով կանխորոշելու հնարավորության մասին (ներառյալ՝ գործարքներ կնքելու, հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի եւ այլ միջոցներով),

զ. նշում սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձ հանդիսանալու մասին (ներառյալ՝ նշում, թե ինչ կարգով է հանդիսանում փոխկապակցված անձ).

4) իրավաբանական անձի, ինչպես նաեւ դուստր եւ կախյալ ընկերությունների՝ ֆոնդային բորսայում գրանցված լինելու դեպքում՝ ֆոնդային բորսայի անվանումը՝ ներկայացնելով համապատասխան բորսաներում առկա փաստաթղթերի հղումները.

5) պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության անվանումը, եթե իրավաբանական անձը համապատասխանաբար պետական,  համայնքային մասնակցությամբ կամ միջազգային կազմակերպություն է՝ նշելով մասնակցության չափը եւ հսկողության մակարդակը:

21. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշում է կատարվում իրավաբանական անձի (այդ թվում՝ միջանկյալ) իրական սեփականատիրոջ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսանալու մասին՝ նշելով տվյալ անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կազմակերպության անվանումը:

22. Օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը,  պետական ռեգիստր է ներկայացնում  իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարարագրեր)՝ ստորագրությամբ հավաստելով հայտարարագրված տվյալների ճշգրտությունը: Սույն հոդվածի 20-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոփոխության դեպքում 40 օրվա ընթացքում իրավաբանական անձը պարտավոր է պետական ռեգիստր ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունները: Իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում հայտարարագրին կցվում են սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ հայերենով կամ վավերացված եւ հայերեն թարգմանված:  Սույն մասով սահմանված հայտարարագիրը կամ  իրական սեփականատերերի  վերաբերյալ փոփոխված  տեղեկությունները  չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում ներկայացնողը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության: Հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

23. Սույն հոդվածով նախատեսված իրական սեփականատերերի բացահայտման պահանջը չի տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց վրա:

24. Սույն հոդվածի 22-րդ մասով նախատեսված հայտարարագրի ձեւը, լրացման եւ ներկայացման կարգը սահմանում է արդարադատության նախարարը:

25. Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքի 9-րդ գլխով սահմանված կարգով: Իրավաբանական անձի իրական սեփականատիրոջ պետական գրանցումը հավաստվում է պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաեւ հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով համապատասխան վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը). այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված՝ գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

26. Իրական սեփականատիրոջ պետական գրանցումից հետո՝ երեք տարվա ընթացքում, իրավաբանական անձը պահպանում է իր հայտարարագրում նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

27. Իրավաբանական անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության անճշտության ակնհայտ կեղծ կամ ոչ ամբողջական լինելու դեպքում գործակալությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում կեղծ կամ ոչ ամբողջական հայտարարագիր ներկայացնելու համար պատասխանատվություն կիրառող լիազոր մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Իրավաբանական անձի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների գրառման դեպքում ներկայացվում են՝

1) իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր (հայտարարագրեր).

2) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրված (այդ թվում՝ օտարերկրյա) սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ հայերենով կամ վավերացված եւ հայերեն թարգմանված.

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելը» բառերից հետո լրացնել «, իրական սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) սույն օրենքի 26-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանված տեղեկություններ իրական սեփականատիրոջ մասին (օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի դեպքում).»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից: