Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-115-23.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետը լրացնել նոր «Ժզ.» ենթակետով.

«ժզ. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, արժեթղթերով գործարքների բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունների մատուցումը, արժեթղթերի իրացվելիության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «Համահայկական բանկից» բառերից հետո լրացնել «, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 149-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրում վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտը (այդ թվում՝ դրանց օտարումից, փոխանակումից կամ նման այլ գործարքներից):»:

2) 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Առկա իրավիճակը եւ հիմնախնդրի նկարագրությունը

2018 թ.-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի համաձայն ԱԱՀ-ով սկսեցին հարկվել նաեւ արժեթղթերի շուկայում բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունները, որը թեեւ չնչին եկամուտներ ապահովեց բյուջեի համար (ըստ նախնական տվյալների 2018 թ.-ին ողջ ֆինանսական շուկայից այս ծառայություններից գանձվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ ԱԱՀ), սակայն մյուս կողմից առաջացրեց անհամեմատ ավելի մեծ բացասական էֆեկտ, մասնավորապես՝

- Շուկայի մասնակիցները որոշ դեպքերում փաստացի ավելի քիչ ԱԱՀ են վճարել բյուջե, քան կվճարեին, եթե այս ծառայություններն ԱԱՀ-ով չհարկվեին, քանի որ ԱԱՀ-ն ավելի մեծ համամասնությամբ են հաշվանցել, մինչդեռ ամբողջ բեռը մնացել է վերջնական ներդրողի վրա: Այսինքն՝ ստացվում է, որ փաստացի ներդրումներն են հարկվում ԱԱՀ-ով եւ դրանով հաշվանցվում է սպառման ԱԱՀ-ն, ինչը չի բխում ԱԱՀ-ի կիրառման տրամաբանությունից:

- Ստեղծվել է անարդյունավետ խթան շուկայում կնքվող գործարքների բնույթը խեղաթյուրելու ուղղությամբ, երբ բրոքերային ծառայություն մատուցելու փոխարեն նախընտրելի է առուվաճառք ձեւակերպել՝ արդյունքում խուսափելով ԱԱՀ-ից: Վերջնարդյունքում տուժում են գործարքները ճիշտ ձեւակերպողները՝ իրենց հաճախորդների համար դառնալով պակաս մրցունակ:

- ԱԱՀ-ի կիրառումը նաեւ էապես թանկացրել է այդ ծառայությունների արժեքը ներդրողների, այդ թվում՝ կենսաթոշակային ֆոնդերի համար: Արդյունքում աճել են կենսաթոշակային ֆոնդերի ծախսերը՝ ազդելով ֆոնդերի փաստացի եկամտաբերության վրա:

- Ներկայումս ԱԱՀ-ով հարկվում է նաեւ իրացվելիության ապահովման կամ շուկա-ստեղծողների (market-maker) ծառայությունները, ինչը թանկացնում է այդ ծառայությունները թողարկողների համար եւ բացասական խթան է ներդրողների համար առավել իրացվելի շուկա ստեղծելու տեսանկյունից:

- ՀՀ ֆինանսական շուկան դարձել է պակաս մրցունակ մեր մրցակից շուկաների համեմատ, որտեղ նմանատիպ ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից, մասնավորապես ուսումնասիրվել են ՌԴ-ի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Մոլդովայի փորձը:

Հարկային առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությունը

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է հարկային խթան նախատեսել կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերի թողարկողների համար՝ որպես թափանցիկ գործելաոճի խրախուսում, մասնավորապես՝ շահաբաժինների ազատում եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից, միաժամանակ հաշվի առնելով այդ խթանների ոչ էական ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա (ըստ նախնական տվյալների 2017 թ.-ին կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերի թողարկողների կողմից վճարված շահաբաժիններից ՀՀ պետական բյուջե վճարված եկամտահարկի եւ շահութահարկի հանրագումարը կազմել է շուրջ 38 մլն ՀՀ դրամ):

Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաեւ գործառնական ծախսերը: Առաջարկվող փոփոխությամբ մեր ֆինանսական շուկան նաեւ առավել հավասար մրցակցային պայմաններում կհայտնվի հարեւան Վրաստանի հետ, քանի որ Վրաստանում կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատված են եկամտահարկից:

Ֆինանսական շուկայի զարգացմանը նպաստող եւ հիմնախնդիրների մեղմման մասով նախագծով առաջարկվող լուծումները

Նախագիծը նպատակ ունի նպաստել ֆինանսական շուկայի, այդ թվում նաեւ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը, ինչը համահունչ է կառավարության ծրագրին:

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով՝

1. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը եւ հաղորդումը, արժեթղթերով գործարքների բրոքերային եւ այլ միջնորդական ծառայությունների մատուցումը, արժեթղթերի իրացվելիության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումը կազատվի ԱԱՀ-ից՝ վերացնելով մրցակից երկրների համեմատությամբ մեր ֆինանսական շուկայում գործող հարաբերական անբարենպաստ հարկային ռեժիմը եւ կվերացնի ֆինանսական շուկայում կնքվող գործարքների բնույթը խեղաթյուրելու հարկային խթանը,

2. կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները կազատվեն եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ խթանելով կապիտալի շուկայի զարգացումը եւ թափանցիկ աշխատող ընկերություններում կատարվող ներդրումները, այդ թվում նաեւ՝ օտարերկրյա,

3. կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարները կազատվեն եկամտային հարկից՝ վերացնելով պետական եւ կորպորատիվ պարտատոմսերի ներդրողների միջեւ եղած հարկային խտրականությունը եւ կապահովեն ներդրողների սպասարկման միատեսակ գործընթացներ՝ լրացուցիչ խթանելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը եւ տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը ի լրումն ներկայումս գերակշռող՝ բանկային վարկերով ֆինանսավորման պրակտիկայի:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Պարոն Ա. Միրզոյանին

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա.Մանուկյանի, Վ. Կարապետյանի եւ Բ.Թունյանի կողմից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ Պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

Արտակ Մանուկյան

Վարազդատ Կարապետյան

Բաբկեն Թունյան