Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-118-25.04.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 05-ի օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

2) Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի միջակետը փոխարինել վերջակետով:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ խնդիրները.

Խնդրո առարկա իրավակարգավորումը գոյություն ունի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ընդունման պահից՝ 2013 թվականի դեկտեմբերից:

Այդ ժամանակվանից ի վեր վարչական դատավարության կարգով քննվել են տասնյակ հազարավոր գործեր: Այն վարչական գործերում, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես են եկել վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցադիմումի պատճենն ուղարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ Ֆինանսների նախարարություն): Ընդ որում, քննվող վարչական գործերի մեծ մասում պատասխանող կողմը հենց վարչական մարմինն է կամ պաշտոնատար անձը: Ուստի մեծաքանակ հայցադիմումի պատճեններ ուղարկվում են Ֆինանսների նախարարություն:

Չնայած հատուկ վիճակագրության վարում այս մասով չի վարվել, ինչի մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, ընթացքում կուտակված փորձը ցույց է տալիս, որ գրեթե ոչ մի գործով Ֆինանսների նախարարությունը չի ներգրավվում կամ շատ հազվադեպ է ներգրավվում քննվող գործերում որպես երրորդ անձ, բացառությամբ այն դեպքերի, երբ հենց Ֆինանսների նախարարությունն է հանդես գալիս պատասխանողի դերում: Արդյունքում ունենք իրավիճակ, որտեղ վարչական գործով հայցվորին ուղղված օրենսդրական պահանջը կա, նա այդ պահանջը կատարում է, քանի որ հակառակ պարագայում դատարանի կողմից հայցադիմումը կարող է հետ վերադարձվել, սակայն նրան ուղղված այդ պահանջը համաչափ չէ օրենսդրի՝ Ֆինանսների նախարարության տեղեկացված լինելու նպատակին: Արդյունքում, Ֆինանսների նախարարությունում ավելանում է փաստաթղթաշրջանառությունը, իսկ հայցվորը կրում է հավելյալ դժվարություն եւ ոչ համաչափ ծանրաբեռնվածություն՝ լրացուցիչ խոչընդոտներ հաղթահարելով դատական պաշտպանության իր իրավունքից օգտվելու համար:

Ավելին, հայցվորի համար պետության տարբեր գերատեսչություններին միեւնույն փաստաթուղթ ուղարկելը ենթադրում է գործողության կրկնօրինակում եւ հակասում մեկ սուբյեկտ համարվող պետությանը մեկ անգամ ծանուցելու կամ դիմելու տրամաբանությանը:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ ենք համարում Օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ ազատել հայցվորին հայցադիմումի օրինակը Ֆինանսների նախարարություն ուղարկելու պարտականությունից:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, ինչի արդյունքում հայցվորն անհարկի չի ծանրաբեռնվի միեւնույն փաստաթուղթը մեկ այլ գերատեսչություն ուղարկելու պահանջով, կազատվի անհարկի ֆինանսական եւ ժամանակային ծախսից:

Ֆինանսների նախարարությանն անհրաժեշտության դեպքում տեղեկացնելու հարցը կարելի է լուծել ներգերատեսչական հարաբերությունների շրջանակում՝ թողնելով այն ոչ թե հայցվորի, այլ պետական գերատեսչության վրա՝ նպատակին հասնելու առավել համաչափ միջոց օգտագործելով:

Ավելին, դատարանն ինքը կարող է ներգրավել Ֆինանսների նախարարությանը՝ որպես երրորդ անձ (Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մաս), եթե նման անհրաժեշտություն առաջանա:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ո Ր Ո Շ Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի ապրիլի 23-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 06 թերթ:

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ