Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-119-26.04.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-134-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունուց հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ՝

«առեւտրային ցանց՝ ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «առեւտրի օբյեկտների տեսակներն են» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերը» բառերով:

Հոդված 3.  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

«2. Առեւտրային ցանցերում մանրածախ առեւտուր չեն կարող իրականացնել ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:»

Հոդված 4.   Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «Մանրածախ առեւտուրն իրականացվում է» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերում» բառերով:

Հոդված 5.   Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի ա կետի «հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտուրն իրականացվում է» բառերից հետո լրացնել «առեւտրային ցանցերում» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

Վերջին տարիներին մանրածախ առեւտրի շրջանառության մեջ անշեղորեն աճել է խոշոր խանութների տեսակարար կշիռը՝ կազմելով խանութների միջոցով իրականացվող մանրածախ առեւտրաշրջանառության կեսից ավելին: Դրան զուգահեռ՝ անընդհատ կրճատվում է փոքր առեւտրի օբյեկտների թիվը՝ նպաստելով առեւտրի շրջանառության կենտրոնացմանը խոշոր խանութների ձեռքում:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկությունների համար բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձեւավորման, աշխատատեղերի պահպանման եւ առողջ մրցակցային հարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, ներկայացվող օրենքի նախագծում առաջարկվում է տարանջատել մեծածախ ներկրումներն ու մեծածախ առեւտուրը մանրածախ առեւտրից, որը կնպաստի ինչպես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մրցակցային հարաբերությունների որակի բարելավմանը վերոնշյալ ոլորտում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆ
ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ