Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-125-02.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 1. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ եւ վեց անդամ, որոնցից նախագահի եւ երեք անդամի թեկնածությունը առաջարկում է վարչապետը, երեք անդամի թեկնածությունը՝ ընդդիմադիր խմբակցությունները:»

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «մյուս անդամներին» բառերից հետո հանել «վարչապետի առաջարկությամբ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական ընդդիմության դերի եւ նշանակության բարձրացման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության՝ պետության արդյունավետ կառավարմանը  նպաստելու եւ մասնակցություն ունենալու հնարավորության ապահովմամբ: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ հանձնաժողովի անդամներից երեքի առաջադրումը խորհրդարանական ընդդիմության կողմից ամենեւին չի վտանգում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ անկախ, մասնագիտական եւ ապաքաղաքական մարմին լինելու հանգամանքը, քանի որ առաջարկվող իրավակարգավորումը բացառապես վերաբերում է ընդդիմությանը թեկնածու առաջադրելու իրավունքի վերապահմանը: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

Ուստի, օրենքի սույն նախագծով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներից երեքի առաջադրման իրավունքը վերապահել խորհրդարանական ընդդիմությանը:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իշխանության տարբեր թեւերի միջեւ փոխադարձ զսպումների եւ հակակշիռների արդյունավետ մեխանիզմ՝ երաշխավորելով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, ինչպես նաեւ կնպաստի վերջինիս նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
 
 

 019                                                                                                                      «30» ապրիլի 2019թ.



 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգարժան պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել փոփոխություն:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝  4 թերթ։
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝  ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ