Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-132-08.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 12-րդ հոդվածը լրացնել նոր 41 -ին մասով՝

«41 . Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաեւ Ազգային ժողովի եւ համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը եւ դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի եւ գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչ կարգով ընդունվում է ծրագիրը:

Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը պետք է պարտադիր պարունակի հետեւյալ մասերը եւ ենթամասերը՝

1) հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների տարեկան պլանը,

2) գործողություններն իրականանցող հանձնաժողովի պատասխանատու անդամները,

3) գործողություններն իրականացնելու վերջնաժամկետները,

4) գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային, տեխնիկական եւ/կամ այլ ռեսուրսները,

5) միջազգային համագործակցության պլանը,

6) գործողությունների իրականացման արդյունավետության գնահատման չափանիշները,

7) անհրաժեշտության դեպքում՝ այլ դրույթներ:

Մշտական հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագիրը եւ գործողությունների տարեկան ծրագիրը հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական կայքի համապատասխան հանձնաժողովի էջում:»:

Հոդված 2.

- Օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «վերահսկողություն» բառը փոխարինել «վերահսկողության» բառով:

- Նույն մասի 6-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով:

- Նույն մասը լրացնել նոր 7-րդ կետով՝

«7) հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագիրը:»:

Հոդված 3.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն ընդունում են իրենց գործողությունների ռազմավարական ծրագրերը եւ 2019 թվականի գործողությունների տարեկան ծրագիրը սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքն առավել արդյունավետ եւ հաշվետվողական դարձնելու, ինչպես նաեւ հանձնաժողովների դերի բարձրացման անհրաժեշտությամբ:

Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո որեւէ գործուն քայլ չի կատարվել խորհրդարանի դերի բարձրացման ուղղությամբ: Մեր համոզմամբ՝ այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է սկսել խորհրդարանի կառուցվածքային հիմնական միավորներից՝ մշտական հանձնաժողովներից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահամանդրական օրենքի 12-րդ հոդվածում բացահայտվում է մշտական հանձնաժողովի գործիքակազմը, սակայն գործունեության նպատակների վերաբերյալ օրենքում որեւէ նշում չի պարունակվում:

Մեր կողմից առաջարկվում է յուրաքանչյուր հանձնաժողովի մասով իր գործունեության նպատակների սահմանումը թողնել Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշման նախագծով սահմանելուն, իսկ դրան համապատասխան՝ տարեկան գործողությունների ծրագրի սահմանումը՝ համապատասխան հանձնաժողովի որոշմանը՝ օրենքում տալով այդ ծրագրի հիմնական բնութագրիչները:

Գործողությունների քննարկվող ծրագիրը կարեւոր է՝

- կոնկրետ նպատակներ սահմանելու,

- ըստ դրա՝ տարեկան հստակ ծրագիր ունենալու,

- հանձնաժողովում աշխատանքի արդարացի եւ հստակ բաժանում ունենալու,

- պետական բյուջեից հիմնավորված եւ կանխատեսելի միջոցներ ստանալու համար:

Նման պրակտիկա կիրառվում է բազմաթիվ երկրներում, որոնց թվում են Դանիան, Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Վրաստանը  եւ այլք:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի մայիսի 07-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

07 մայիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ   65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:
 

Հարգանքով՝          ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ