Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-141-20.05.2019-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Դիվանագիտական ներկայացուցչին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում Հանրապետության նախագահը՝

1) դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձանց շրջանակից.

2) արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ այլ անձանց շրջանակից՝ պայմանով, որ նման նշանակումների արդյունքում այս կատեգորիայի անձանց շրջանակից նշանակվածների ընդհանուր  թիվը չի գերազանցում դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր թվի 15 տոկոսը:»:

2. Նույն հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով`

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց նշանակման առաջարկը Հանրապետության նախագահին ներկայացնելուց առաջ վարչապետը կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով, որը կարող է ներկայացնել թեկանծուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն: Եզրակացությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթին:»:

Հոդված 2.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ենթադրում է խորհրդարանին ավելի բարձր լիազորությունների վերապահում՝ նպատակ ունենալով ապահովել գործադիրի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն, թափանցիկություն, ինչպես նաեւ հաշվետվողականություն: Այս ամենով հանդերձ՝ խիստ կարեւոր է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում գործադիրի որակական գործառնականության բարձրացումը՝ որպես արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ շահի խթանման կարեւոր գործոն:

Հաշվի առնելով վերջին տարիներին դիվանագիտական ծառայության ոլորտում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում հաճախ ոչ հիմնավոր եւ անարդյունավետ նշանակումների պրակտիկան՝ պայմանավորված քաղաքական եւ երբեմն նույնիսկ անձնական շահերով, անհրաժեշտ է հարցի կարգավորումը դնել ինստիտուցիոնալ հենքի վրա՝ հետագայում քաղաքական վերադասավորումների ցանկացած պարագայում նմանատիպ պրակտիկայի բացառման համար:

Այս հանգամանքից ելնելով՝ վերոնշյալ փոփոխության նախագիծը լուծումներ է առաջարկում մի քանի հիմնական հնարավոր բացասական պրակտիկաների բացառման եւ դիվանագիտական ծառայության ոլորտի առողջացմանը նպաստելու համար:

Մասնավորապես՝ օրենքի առաջարկված կարգավորման նախագիծը նվազագույնի է հասցնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչը առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ եւ առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:

Նաեւ, սահմանելով 15 տարվա ստաժի պահանջ, օրենսդրական այս կարգավորումը  նպաստում է դիվանագիտական ծառայության պատասխանատու պաշտոններում ավելի փորձառու դիվանագետների նշանակմանը՝ որպես երաշխիք ՀՀ արտաքին քաղաքական շահի խթանման համար:

Ի վերջո, առաջարկված փոփոխության նախագիծը գործնական առումով շոշափելի լծակներ է ապահովում արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների իրացման համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լիազորությունները սահմանված են օրենսդրությամբ, անհրաժեշտ է ապահովել գործնական առումով ավելի արդյունավետ լծակներ վերահսկողության գործիքների կիրառման ապահովման համար: Այս համատեքստում կարեւորվում են ինչպես խորհրդարանի, այնպես էլ իրավասու մշտական հանձնաժողովի լիազորությունների հետ կապված համապատասխան օրենսդրական խմբագրումները, որոնք խորհրդարանին հնարավորություն կտան գործնական իմաստով իրականացնել օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունները՝ ապահովելով դիվանագիտական ծառայող չհանդիսացող անձանց նշանակման գործընթացի թափանցիկությունը եւ հավաստելով դրա հիմնավորվածությունը:

Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ ընդգծել այն հանգամանքը, որ խորհրդարանի վերահսկողության լծակների հզորացումն ամրապնդում է Կառավարության գործունեության հիմնավորվածությունը՝ քաղաքական առումով վերջինիս օժտելով կայունությամբ եւ ավելի բարձր լեգիտիմությամբ: Դեսպանի  կամ միջազգային կառույցում ՀՀ ներկայացուցչի նշանակման առնչությամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների կիրառումը նաեւ բացահայտում է կառավարության կենսունակությունը՝ հիմնավորելու, մեկնաբանելու եւ անհրաժեշտության դեպքում պատախասխանատու լինելու իր գործողություններում լիազորությունների առումով ավելի կենսունակ խորհրդարանի առջեւ:

Կարեւոր է նաեւ շեշտել, որ այլ անձանց շրջանակից դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնում նշանակումների 15 տոկոս սահմանափակումը վերաբերում է սույն օրենքի ընդունմանը հաջորդող նշանակումներին եւ օբյեկտիվորեն չի կարող մեկնաբանվել որպես հիմք 15 տոկոսը գերազանցող եւ ծառայության մեջ գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների հետկանչի համար:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ վերոնշյալ փոփոխությունների նախագիծը պետք է դիտարկել ինչպես խորհրդարանի դերի բարձրացման, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտական գործունեության  իրականացման տեսանկյունից՝ ՀՀ արտաքին քաղաքական շահերի խթանմամբ պայմանավորված:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

16 մայիսի 2019 թ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
պարոն Արարատ Միրզոյանին

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ  պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ:
 

Հարգանքով՝
 
 
ՀՀ ԱԺ պատգանավորներ՝ Ռուբեն Ռուբինյան
Արման Բաբաջանյան