Armenian ARMSCII Armenian
Կ-143-20.05.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածով նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում եւ ստաժավորում, համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների կազմակերպում, գիտահետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում եւ իրականացում, արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ փոխօգնության տրամադրում:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Ուղարկող կողմը, արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ օգնության ցուցաբերման հետ անմիջականորեն չկապված գործունեությանը մասնակցելիս հոգում է իր ներկայացուցիչների՝ մինչեւ նշանակման կետը հասնելու ճանապարհածախսը, իր ներկայացուցիչների կեցության եւ սննդի ծախսերը, իսկ Ընդունող կողմը հոգում է համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների եւ մարզումների կազմակերպման, ինչպես նաեւ իր պետության տարածքում Ուղարկող կողմի ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հարցում կատարող կողմը հոգում է Տրամադրող կողմի օգնության ցուցաբերման խմբերի կեցության, սննդի ծախսերը, ինչպես նաեւ նշված խմբերի բժշկական սպասարկումը Հարցում կատարող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում: Բացի այդ, Հարցում կատարող կողմը պետք է փոխհատուցի ծախսերը օգնության ցուցաբերման հարցումը չեղարկելու դեպքում:

Համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ իրավիճակների վերացման ընթացքում օգնությունը ցուցաբերվում է օգնության ցուցաբերման խմբեր, բժշկական խմբեր, սարքավորումներ եւ փրկարարական միջոցներ, բժշկական դեղամիջոցներ ուղարկելու միջոցով՝ կախված արտակարգ իրավիճակի բնույթից եւ ծավալներից: Գույքի պաշարների վերջանալու դեպքում Հարցում կատարող կողմն օգնության խմբերին պետք է ապահովի աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով:

Համաձայնագրի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Հարցում կատարած կողմը Տրամադրող կողմի օգնության ցուցաբերման խմբերին տրամադրում է թարգմանիչներ եւ կապի միջոցներ, ինչպես նաեւ ապահովում նրանց անվտանգությունը:

Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն՝ Հարցում կատարող կողմը հատուցում է Տրամադրող կողմի՝ օգնության ցուցաբերման հետ կապված ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել: Տրամադրող կողմն ազատվում է օդանավերի թռիչքի, վայրէջքի, օդանավակայանում կայանման եւ այնտեղից թռիչքի, ինչպես նաեւ թռիչքների կառավարման ծառայությունների համար վճարից:Հարցում կատարող կողմը փոխհատուցում է օդանավերի վառելիքի ծախսերը, եթե Կողմերն այլ բան չեն պայմանավորվել:

Համաձայնագրի 17-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է վնասների փոխհատուցում, իսկ 18-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը եւ օգնության ցուցաբերումն իրականացվում են Կողմերի պետությունների՝ ազգային օրենսդրություններով նախատեսված բյուջետային միջոցների սահմաններում:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Համաձայնագրի ընդունումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացում, հետեւաբար նաեւ պետական բյուջեի ծախսերի ավելացում:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:



ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

ՀՀ Կառավարությունը ս.թ. ապրիլի 2-ի թիվ 518-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 12-ին:

Հայ-ղազախական հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակներում, կայուն զարգացում են ապրել: Բավականին ակտիվացել են նաեւ երկու պետությունների ժողովուրդների բարեկամական կապերը: Բազմավեկտոր այդ հարաբերություններում առանձնակի տեղ ու դեր ունեն արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող աշխատանքները: Դա պայմանավորված է երկու պետությունների աշխարհագրական դիրքով, ինչպես նաեւ նույն ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) դաշինքին անդամակցությամբ եւ նույն տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությամբ (ԱՊՀ, ԵԱՏՄ): Բնական եւ տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն ունեն լուրջ նմանություն: Երկուսն էլ գտնվում են Ալպեր-Հիմալայան երկրաշարժավտանգ լեռնային գոտու վրա, երկուսին էլ սպառնում են տեխնածին նույնատիպ ռիսկերը (սառեցված քիմիական արդյունաբերություն, վտանգավոր հիդրոկառույցներ եւ այլն):

Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների մոտեցումներն ու ռազմավարությունն ունեն ընդհանուր շատ բաներ: Երկու կողմի մասնագետները բավականին հաջողությամբ են համագործակցում ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում, մշակում համատեղ փաստաթղթեր եւ այլն: Հայ-ղազախական հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը աղետների դեմ պայքարի բնագավառում բացակայում էր: Սույն Համաձայնագիրը լրացնում է նշված բացը եւ, անշուշտ, կնպաստի արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների կառավարությունների եւ իրավասու գերատեսչությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքների էլ ավելի ակտիվացմանը:

Վերը նշվածներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը նպատակահարմար է գտնում վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» Համաձայնագիրը:

Հարգանքով`
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

17 հունվարի 2019 թվականի N 45 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. հունվարի 29
Երեւան




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 17-ի N 45-Ա որոշումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (23 ապրիլի 2019 թվականի ՍԴՈ-1457):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ