Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-150-22.05.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սեւանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի (այսուհետ` Օրենք)  նախաբանը շարադրել նոր խմբագությամբ.

«Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

Սույն օրենքի առաջնային նպատակը Սեւանա լիճը` որպես խմելու ջրի պաշար պահպանելն է: Այլ նպատակով լճի ջրի օգտագործումը (հողերի ոռոգում, էներգետիկ եւ այլն) ստորադասվում է առաջնային նպատակին»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:»

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետից հանել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)»  բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սեւանա լճի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սեւանա լճի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառելու,  լիճը որպես խմելու  ջրի ռազմավարական պաշար դիտարկելու  եւ ցանկացած այլ նպատակով ջրօգտագործումը ստորադասելու անհրաժեշտությամբ:

Սեւանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այն համարվում է խմելու համար պիտանի բնական ջրամբար:

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ` 170 մլն մ3 : Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում` սահմանված կարգին համապատասխան: Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Կառավարությունը  ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել:

2012 թվականին «Սեւանա լճի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվեց` լճի ջրային բացասական հաշվեկշիռ ունենալու հնարավորություն (օրենքով նախատեսված դեպքերում),  որը տեղի ունեցավ 2012, 2014 եւ 2018 թվականներին:

Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է  քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի  եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:

Առաջարկության նպատակն է բացառել  լճի ջրային բացասական հաշվեկշիռը եւ այն` որպես խմելու ջրի պաշար պահպանել:

Օրենքի նախագծում առաջարկվում է նաեւ արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը կենտրոնական եւ անմիջական գոտիներում:

Հանրապետությունում մեծ թափ է ստացել ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացը: Որպես վերականգնվող էներգառեսուրսով աշխատող էներգետիկայի օբյեկտներ, այդ կայանները բնապահպանական տեսակետից ունեն որոշ դրական ազդեցություն, քանի որ դրանց գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտ վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետմամբ, սակայն ՓԷՀԿ-երն ունեն մի շարք թերություններ, որոնք բացասաբար են ազդում բնական միջավայրի վրա:
 

Ներկայումս գործող ջրառի սահմանափակումները կրում են զուտ սանիտարական բնույթ եւ չեն ապահովում ջրային էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտ մակարդակ:

Առանձին հիմնախնդիր է Սեւանա լճի ավազանի գետերի վրա ՓՀԸԿ-երի տեղադրման հարցը: Սիգ եւ լճածածան ձկնատեսակներից բացի, Սեւանի իշխանի պահպանված երկու ենթատեսակները (գեղարքունի, ամառային իշխան), կողակ եւ բեղաձուկ (բեղլու) ձկնատեսակները ձվադրում են լիճ թափվող գետերում եւ չափազանց կարեւոր է ձվադրման ժամանակահատվածում գետերում ապահովել ջրի քանակական եւ որակական անհրաժեշտ պայմաններ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

21.05.2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում են`

1. Նախագիծը (հիմնական զեկուցող` Վարազդատ Կարապետյան),

2. Նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Հարգանքով`
 
Ազգային ժողովի պատգամավոր` Վարազդատ Կարապետյան /070/