Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-158-24.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 09-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը «ըստ տարածքային ընդդատության» բառերից հետո լրացնել «կամ ըստ ենթակայության» բառերով։

2. Նույն հոդվածի 2-րդ մասը «ընդդատությունը» բառից հետո լրացնել «կամ ենթակայությունը» բառերով:

3. Նույն հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաեւ վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված կամ հանձնված գործի նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

Օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման եւ դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝

1. Քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի:

3. Դատարանի քննությանը ենթակա են նաեւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով դատարանների իրավասությանը վերապահված այլ գործերը:

Օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:

Օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝

1. Գործն ըստ տարածքային ընդդատության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի տարածքային ընդդատությանը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը։

3. Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

4. Սույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նաեւ վարչական դատարանի կողմից վերահասցեագրված գործի նկատմամբ:

Այսպիսով, Օրենսգիրքը կարգավորում է գործերի տարածքային ընդդատության եւ ենթակայության հարցերը՝ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա գործեր դիտարկելով այն բոլոր գործերը, որոնք ենթակա չեն քննության մասնագիտացված (սնանկության եւ վարչական) դատարանում։

Քաղաքացիական դատավարության օրենսդրության հիշյալ նորմերի կիրարկման հետ կապված խնդիրները ցայտուն են դարձել առավելապես 2019 թվականի հունվարի 01-ից սնանկության մասնագիտացված դատարանի գորունեությամբ պայմանավորված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի կարգավորումները՝ մասնագիտացված դատարանի քննությանը ենթակա գործերը նշված դատարանին հանձնելու վերաբերյալ։

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվում են մի շարք գործեր, որոնցում որպես պատասխանող կամ պատասխանող կողմում հանդես եկող երրորդ անձի կարգավիճակում մասնակցություն ունի այն անձը, ով սնանկ է ճանաչվել, հետեւաբար, առաջանում է նման քաղաքացիական գործերը սնանկության դատարանի քննությանը հանձնելու պարտականություն՝ հիմք ընդունելով ինչպես Օրենսգրքի հիշյալ դրույթները, այնպես էլ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, որի ուժով՝

Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի եւ իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ սնանկության դատարանների միջեւ այժմ առաջացել է այնպիսի իրավիճակ, որտեղ ընդհանուր իրավասության դատարանը, եզրակացնելով, որ իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանողի կամ երրորդ անձի կարգավիճակում հանդես եկող սնանկ ճանաչված անձի գույքի կազմում ներառված գույքի կամ գույքային իրավունքների վերաբերյալ վեճ է առկա (օրինակ՝ գումարի բռնագանձման, գործարքի անվավերության, աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջներով, որոնց բավարարման պարագայում ուղղակիորեն շոշափվելու է սնանկ ճանաչված  անձի գույքի կազմը՝ առաջացնելով դրա ծավալի փոփոխություն), որոշում է կայացնում գործն ըստ ենթակայության իրավասու մասնագիտացված դատարանի քննությանը հանձնելու մասին։

Հարկ է նաեւ նշել, որ առկա չէ նաեւ որեւէ չափորոշիչ (նաեւ պրակտիկա)՝ սահմանելու այն գործերի հստակ ցանկը, որոնք պետք է քննվեն ընդհանուր իրավասության դատարանի կամ սնանկության դատարանի կողմից:

Որոշումը բողոքարկման ենթակա չէ եւ կայացման պահից համարվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

Սնանկության մասնագիտացված դատարանը, ընդհանուր իրավասության դատարանից ստանալով գործը՝ համապատասխան օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ուսումնասիրելով գործի նյութերը՝ հանգում է այն եզրակացության, որ գործն իրեն ենթակա չէ (մասնավորապես նշվում է այն պատճառաբանությունը, որ քաղաքացիաիրավական վեճի առկայության վավերապայմանը կամ գույքի լրակազմին առնչվելու վավերապայմանը չի հիմնավորվել), եւ որոշում է կայացնում քաղաքացիական գործը հետ ուղարկելու վերաբերյալ։

Սնանկության դատարանի որոշումը նույնպես վերջնական է, բողոքարկման ենթակա չէ եւ օրինական ուժի մեջ  է մտնում կայացման պահից։

Այսպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ սնանկությսն դատարանն անուղղակիրորեն վերանայում է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որի իրավասությունը չունի։ Բացի այդ, երկու դատարաններն էլ գործում են նույն ատյանի սկզբունքով՝ առաջին ատյանի, եւ առաջանում է կազուս՝ երկու հավասարազոր օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության պարագայում ո՞վ է այն իրավասու անձը, որ պետք է իր վերջո պարզի, թե կոկրետ գործը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համատեսքտում համարվում է սնանկության վարույթում քննության ենթակա գործ, թե ոչ։

Օրենսգիրքն այս հարցում ունի օրենսդրական բաց՝ 26-րդ հոդվածը վերնագրված է «Ընդդատության եւ ենթակայության մասին վեճերը», սակայն բովանդակային առումով հոդվածը չի կարգավորում ենթակայության հարցում վեճի առաջացման պարագայում դրա լուծման համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ «վճռաբեկ դատարան») նախագահին դիմելու օրենսդրական կառուցակարգ՝ սահմանելով, որ դատավորը կարող է դիմել վճռաբեկ դատարանի նախագահին միայն տարածքային ընդդատության հարցում վեճի առաջացման պարագայում։

Հատկանշական է, որ նույն հոդվածի իրավակարգավորման շրջանակներում օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանից գործի ստացման պարագայում վճռաբեկ դատարանի նախագահին դիմելու հնարավորությունը, սակայն նման կարգավորում չի սահմանել սնանկության դատարանից գործերի ստացման դեպքում, ինչն արդարացված չէ:

Այսպիսով, օրենսդիրը, նպատակ ունենալով կարգավորելու հավասարապես թե? ընդդատության եւ թե? ենթակայության հարցում վեճերը, մեխանիկորեն բաց է թողել սնանկության եւ ընդհանուր իրավասության դատարանների միջեւ ենթակայության հարցերի շուրջ վեճի առաջացման դեպքում վճռաբեկ դատարանի նախագահին դիմելու հնարավորությունը, այնինչ հոդվածի վերտառությունն ուղղակիորեն վկայում է օրենսդրի նման նպատակի մասին, որը նաեւ արդարացի միջոց կհանդիսանա նոր օրենսդրական կարգավորումների համատեքստում առավել արագ լուծելու դատարանների միջեւ քաղաքացիական գործերի ենթակայության հարցը։ Այդ խնդրի հրատապությունը պայմանավորված է անձի՝ արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքների ստեղծման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ ուղղված արդարադատության արդյունավետության ապահովմանը եւ կոչված կանխելու ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովման սկզբունքների հնարավոր խախտումները (օբյեկտիվ պատճառներով պայմանավորված` ենթակայության հարցը պարզելու համար հնարավոր գործողությունների կատարմամբ գործը վարույթ ընդունելու ձգձգումներից), ինչպես նաեւ ապահովելու իրավական որոշակիության սկզբունքը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել վերնագրին:

Նման օրենսդրական փոփոխություն կատարելու հրատապությունը պայմանավորված է արդի հիմնախնդիրներով՝ սնանկության եւ ընդհանուր իրավասության դատարանների միջեւ մասնագիտացված դատարանի ենթակայությանը վերապահված քաղաքացիական գործերի բաշխման չափորոշիչները սահմանելու,  ենթակայության հետ կապված հարցերի շուրջ դատարանների միջեւ առաջացած տարաբնույթ մեկնաբանություններին արագ ու արդյունավետ լուծում տալու անհրաժեշտությամբ, ինչը բխում է քաղաքացիական դատավարության սկզբունքային նորմերից եւ արդարադատության արդյունավետության շահերից։ 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի մայիսի 23-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

23 մայիսի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Միրզոյան,
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Նախագծին կից ներկայացվում են՝
-  խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,
-  նախագծի ընդունման հիմնավորումը,
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունները:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 07 թերթ։
 
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ