Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-168-31.05.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 8.1-ին կետով.

«8.1) իրավունք ունի մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա խնդիրները

Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Նույն օրենքի  3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը, Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝

1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում.

2) հաստատում է`

ա. զինված ուժերի զարգացման պլանը,

բ. այլ զորքերի զարգացման պլանը,

գ. զինված ուժերի ծավալման պլանը,

դ. զինված ուժերի զորահավաքային պլանը,

ե. զինված ուժերի կիրառման պլանը,

զ. Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը,

է. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը,

ը. զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

3) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի հրավիրած այլ անձինք, իսկ նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:

Ազգային ժողովը եւ նրա մարմինները ունեն հետեւյալ բացառիկ լիազորությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Անվտանգության խորհրդի լիազորությունների իրականացմանը, այն է՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանմանը, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիության հարցերի քննարկմանը՝

1) պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունումը (Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մաս).

2) ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ  Ազգային ժողովի հատուկ նիստի գումարումը (Սահմանադրության 119-րդ հոդվածի 2-րդ մաս): Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունումը (Սահմանադրության 119-րդ հոդվածի 3-րդ մաս).

3) արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ  Ազգային ժողովի հատուկ նիստի գումարումը (Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մաս): Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունումը (Սահմանադրության 120-րդ հոդվածի 3-րդ մաս).

4) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվե նշանակելու մասին Ազգային ժողովի որոշման ընդունումը (Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մաս)

5) համապատասխան ոլորտներին վերաբերվող օրենքների ընդունումը.

6) Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովների կողմից համապատասխան ոլորտներին վերաբերվող օրենքների կատարման ընթացքի վերահսկողությունը («Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ).

7) համապատասխան ոլորտների խնդիրների վերաբերյալ խմբակցությունների հարցապնդումները (Սահմանադրության 113-րդ հոդված), ինչպես նաեւ Կառավարության անդամներին պատգամավորների բանավոր եւ գրավոր հարցերը (Սահմանադրության 112-րդ հոդված):

Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահը ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ: Այդ խորհրդակցություններում, կարծում ենք, որ անհրաժեշտության դեպքում՝ նպատակ ունենալով Ազգային ժողովի եւ նրա մարմինների լիազորությունների շրջանակում ապահովելու այդ մարմինների համապատասխան գործառույթների իրականացման արդյունավետությունը, կարող են նաեւ քննարկվել ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը, այնպես էլ՝ պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերվող հարցեր:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարող ենք եզրահանգել, որ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովը ներկայացնելու եւ նրա բնականոն գործունեությունը ապահովելու իր սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման նպատակով պետք է իրավունք ունենա մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաեւ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են Ազգային ժողովի իրավասությանը վերապահված հարցերի լուծմանը:

Առաջարկվող կարգավորումները

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ապահովել Ազգային ժողովի նախագահի պատշաճ մասնակցությունն Անվտանգության խորհրդի նիստերին եւ այդ կապակցությամբ լրացում կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացում կատարել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում սահմանելով, որ՝

1) Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին,

2)  Ազգային ժողովի նախագահն իրավունք ունի առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ,

3)  Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամների հետ մեկտեղ՝ Ազգային ժողովի նախագահին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն հինգ օր առաջ:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջադրված օրենքների ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի նախագահի պատշաճ մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերին՝ համապատասխան իրավասությունների շրջանակներում նպաստելով Ազգային ժողովի, նրա մարմինների եւ Անվտանգության խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ