Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-169-03.06.2019-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) «ավտոմոբիլ» հասկացության առաջին նախադասությունը «մեխանիկական տրանսպորտային միջոց» բառերից հետո լրացնել «(թեթեւ մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղեւորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ)» բառերով.

2) «կանգառ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կանգառ` մինչեւ 5 րոպե կամ ուղեւորի նuտելու, իջնելու եւ (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը.».

3) «կայանում» հասկացությունն «անշարժ» բառից առաջ լրացնել «կանխամտածված» բառով.

4) «կցորդ (կիսակցորդ)» հասկացությունը «երթեւեկելու համար» բառերից հետո լրացնել «(ներառյալ հատուկ կցորդը)» բառերով.

5) «հարկադրված կանգառ» եւ «հեծանիվ» հասկացությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղեւորի ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթեւեկության այլ մասնակցի կամ որեւէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.

հեծանիվ` առնվազն 2 անիվ ունեցող եւ որպես կանոն դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաեւ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.».

6) «մոպեդ», «մեխանիկական տրանսպորտային միջոց» եւ «մոտոցիկլ» հասկացությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«մոպեդ` 50 uմ3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատեւ ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի եւ 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.

մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները եւ մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաեւ տրոլեյբուսները եւ էլեկտրամոբիլները.

մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3 -ը կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաեւ լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, ուղեւորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաեւ առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ) չգերազանցող զանգված եւ 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաեւ մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«բեռնաուղեւորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով եւ կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաեւ ուղեւորների համար նախատեսված 6-ից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղեւորների եւ ուղեբեռի անվտանգ եւ հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.

էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչներով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի եւ տրամվայի).

հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի եւ սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.

հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի եւ սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).

տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ3 -ը եւ (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.

քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավել շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված եւ լցավորված վիճակում առանց վարորդի, ուղեւորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաեւ առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավել զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.

քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ2 ) ոչ ավել ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ եւ մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթեւեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաեւ ձյունաճահճագնացները եւ ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի «իբ» եւ«իդ» կետերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 8-րդ մասի 1-ին ենթակետը լրացնել «(հասարակ գրավոր գործարքի կատարումը եւ դրա հիման վրա տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաեւ գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը կարող է իրականացվել նաեւ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում՝ առանց ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով)» բառերով.

2) 9-րդ եւ 10-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը եւ հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելու արդյունքում` վերասարքավորման ժամանակ կատարված փոփոխությունների մասով տրանսպորտային միջոցը սարքին լինելու վերաբերյալ տեխնիկական զննության արատորոշման քարտում կատարված գրառման (դրական եզրակացության) հիման վրա: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելը, ինչպես նաեւ վերասարքավորման արդյունքում այլ մակնիշի տրանսպորտային միջոց հավաքելը (ստեղծելը) արգելվում է:

10. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) ներկայացված չեն սույն օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` տրանսպորտային միջոցների պետական գրանցման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկով նախատեսված փաստաթղթերը.

2) չի պահպանվել սույն հոդվածի 2-րդ մասով` տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքի (բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի) գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը (առոչինչ գործարք), բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը չպահպանելը (բաց թողնելը) տեղի է ունեցել առանց անձի մեղքի, որի դեպքում անձը կարող է դիմում ներկայացնել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու եւ վերականգնելու համար.

3) տրանսպորտային միջոցը չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն, բացառությամբ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի.

4) առկա է տրանսպորտային միջոցի իրական (փաստացի) եւ փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

5) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.

6) oրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառված է արգելադրում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1  -րդ  հոդվածով սահմանված դեպքերի.

7) տրանսպորտային միջոցը հավաքված է տարբեր տրանսպորտային միջոցների առանձին մասերից կամ առանձին պահեստամասերից, բացառությամբ ինքնաշեն տրանսպորտային միջոցների.

8) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով եւ (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքի արտաքին մակերեւույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ եւ այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, եթե մինչեւ տրանսպորտային միջոցի պետական գրանցումը մերժելը դրանք հնարավոր չէ վերացնել:».

3) 11-րդ մասում «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը պահվում է գրավառուի մոտ» բառերը փոխարինել «իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը գրավառուի ցանկությամբ պահվում է գրավառուի մոտ» բառերով:

4) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Տրանսպորտային միջոցի գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը կամ դրան կցվող փաստաթղթերը կամ չի պահպանվել սույն հոդվածի 11-րդ մասով` տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման ներկայացնելու համար սահմանված ժամկետը.

2) լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը կխախտի այլ անձի՝ օրենքով երաշխավորված իրավունքը.

3) լիզինգի պայմանագրով վարձակալության հանձնվող տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:»:

Հոդված 4. Օրենքի 131. հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 131. Տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ պետական հաշվառման տվյալների փոխանցումը (տրամադրումը)

Ճանապարհային ոստիկանությունում գրանցված կամ հաշվառված (վերահաշվառված) կամ հաշվառումից հանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները առանց տվյալների սուբյեկտի համաձայնության փոխանցվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին եւ փաստաբաններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ պետական կառավարման մարմիններին եւ իրավաբանական անձանց:»:

Հոդված 5. Օրենքի 182 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 182. Տրանսպորտային միջոցների շահագործման արգելումը հաշվառման փաստաթուղթը վերցնելով

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա», «ժբ» կետերով եւ երկրորդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ վերցնել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, եւ թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժա» եւ «ժբ» կետերով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր փաստաթուղթ` տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը փակցնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար: Տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տրանսպորտային միջոցների շահագործումը` տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու եւ ժամանակավոր փաստաթուղթ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում վարչական իրավախախտման արձանագրության մեջ:

4. Տրանսպորտային միջոցի շահագործումը` տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելով արգելելու հիմքերը վերացնելուց հետո, հաշվառման փաստաթուղթն անմիջապես վերադարձվում է տրանսպորտային միջոցի վարորդին, սեփականատիրոջը կամ սեփականատիրոջ ներկայացուցչին:»:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունենալու դեպքում` անմիջապես կանգնեցնել եւ (կամ) չտեղաշարժել տրանսպորտային միջոցը, օրենսդրությամբ սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը, տեղադրել «Վթարային կանգառ» ճանաչման նշանը, չտեղաշարժել պատահարի հետ կապված առարկաները, առկայության դեպքում` նաեւ դիերը, չփոփոխել ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց եւ ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, չվնասել եւ չձեւափոխել հետքերը, այնուհետեւ գործել սույն հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերով սահմանված նորմերի պահանջներով: Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է`

1) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին օգնություն ցույց տալու համար, կանչել «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն եւ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հայտնել ոստիկանություն.

2) ծայրահեղ դեպքերում` տուժածներին համընթաց շարժվող տրանսպորտային միջոցով ուղարկել, իսկ եթե դա անհնար է` իր տրանսպորտային միջոցով տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն, այնտեղ հայտնել իր անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթ) եւ վերադառնալ պատահարի վայր.

3) ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ.

4) սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն, այնուհետեւ գործել նրանց հրահանգներով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով.

«4.1. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում պատճառվել է միայն գույքային վնաս, եւ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում գույքի վնասման հետ կապված վնասվածքներ հասցնելու հանգամանքները, տրանսպորտային միջոցների տեսանելի վնասների բնույթը եւ ցանկը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջեւ.

1) առաջացնում են տարաձայնություններ կամ չեն առաջացնում տարաձայնություններ, սակայն ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը եւ (կամ) ակնկալվող հատուցման չափը) չեն համապատասխանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդը պարտավոր է տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն, սպասել ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալուն եւ մինչեւ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների ներկայանալը ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաչափ միջոցները ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների կողմից պատահարի վայրի շրջանցումը կազմակերպելու ուղղությամբ, իսկ ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի ծառայողների պատահարի վայր ներկայանալուց հետո գործել վերջիններիս կողմից տրված հրահանգներով (ցուցումներով)` մասնակցելով պատահարի գրանցման եւ անհրաժեշտ ստուգումների անցկացման հետ կապված գործողություններին.

2) չեն առաջացնում տարաձայնություններ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր չեն տեղի ունեցածի մասին հայտնել ոստիկանություն եւ կարող են.

ա. ինքնուրույն ձեւակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին համապատասխան եւ թողնել պատահարի վայրը, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հատկանիշները (պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների քանակը եւ (կամ) ակնկալվող հատուցման չափը) համապատասխանում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով տուժողների վնասների հատուցման գործընթացին ներկայացված պայմաններին.

բ. չձեւակերպել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ փաստաթղթեր, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում վնասվել են միայն դրա մասնակիցների տրանսպորտային միջոցները կամ այլ գույքը, եւ մասնակիցներից յուրաքանչյուրի մոտ բացակայում է նշված փաստաթղթերը ձեւակերպելու եւ (կամ) միմյանց նկատմամբ (այդ թվում` ապահովագրական ընկերությունների միջոցով) պահանջներ ներկայացնելու ցանկությունը:

4.2. Սույն հոդվածի 4.1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում վարորդների կողմից նշված պատահարի վերաբերյալ հետագայում ոստիկանությանը դիմում կամ հաղորդում ներկայացնելու դեպքում որեւէ վարույթ չի իրականացվում, եւ դիմումը կամ հաղորդումը թողնվում են անհետեւանք:

4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ոստիկանությունը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, հավաքագրում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների եւ պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ` կազմելով պատահարի մասին եւ պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրություններ` ամրագրելով (այդ թվում` լուսանկարահանման կամ տեսանկարահանման միջոցով) ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող տրանսպորտային միջոցների` միմյանց եւ ճանապարհային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ դիրքը, հետքերը, առարկաները, տրանսպորտային միջոցների կամ այլ գույքի վնասվածքները: Պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունը կարող է չկազմվել, եթե ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ցերեկը` օրվա լուսավոր ժամին, բավարար տեսանելության պայմաններում, եւ առկա է դրա տեղի ունենալու պահի եւ դրան անմիջապես հաջորդող` պատահարի մասնակիցների գործողությունների տեսագրություն: Պատահարի մասին եւ պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների մասին արձանագրությունները, ինչպես նաեւ տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ կարող է ցանկացած եղանակով տրամադրվել (հասանելի դարձվել) Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյին եւ (կամ) դրա անդամ ապահովագրական ընկերություններին եւ (կամ) երրորդ անձանց՝ ճանապարհատրանսպորտային պատահարի գծով իրականացվող հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների իրականացման եւ ԱՊՊԱ ոլորտում անհրաժեշտ այլ գործողություններ իրականացնելու համար: Պատահարի մասին արձանագրության ձեւը եւ դրանում պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ պատահարի հանգամանքների տեխնիկական ելակետային տվյալների կազմի ու կառուցվածքի նկատմամբ պահանջները հաստատում է ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:».

4) 5-րդ մասի «ա» կետի 1-ին ենթակետում «տվյալ կարգի» բառերից հետո լրացնել «կամ ենթակարգի» բառը.

5) 5-րդ մասի «գ» կետում «մոտոցիկլով երթեւեկելիս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մոպեդով կամ հեծանիվով երթեւեկելի մասով երթեւեկելիս» բառերը.

6) 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքը լրացնել նոր 242 -րդ եւ 243 -րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 242 .ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՄՈՊԵԴՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. 14 տարեկանից բարձր տարիք ունեցող հեծանվորդների երթեւեկությունը պետք է իրականացվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:

2. 14-ից բարձր տարիքի հեծանվորդների երթեւեկությունը թույլատրվում է`

1) երթեւեկելի մասի աջ եզրով հետեւյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթեւեկելն անհնար է,

բ. հեծանիվի, հեծանվակցորդի կամ տեղափոխվող բեռի եզրաչափային լայնությունը գերազանցում է 1 մ,

գ. հեծանվորդների երթեւեկությունն իրականացվում է շարասյան մեջ.

2) կողնակով, եթե բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով կամ երթեւեկելի մասի աջ եզրով երթեւեկելն անհնար է.

3) մայթով կամ հետիոտնային արահետով հետեւյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով կամ երթեւեկելի մասի աջ եզրով կամ կողնակով երթեւեկելն անհնար է,

բ. հեծանվորդն ուղեկցում է մինչեւ 14 տարեկան հեծանվորդի կամ լրացուցիչ նստատեղին, հեծանվասայլակում կամ հեծանվակցորդում տեղափոխում է մինչեւ 7 տարեկան երեխա:

3. 7-ից մինչեւ 14 տարեկան հեծանվորդների երթեւեկությունը պետք է իրականացվի միայն մայթերով, հետիոտնային, հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետներով, ինչպես նաեւ հետիոտնային գոտիների սահմաններում:

4. Մինչեւ 7 տարեկան հեծանվորդների երթեւեկությունը պետք է իրականացվի միայն մայթերով, հետիոտնային եւ հեծանվահետիոտնային արահետներով (հետիոտների երթեւեկության համար նախատեսված կողմով), ինչպես նաեւ հետիոտնային գոտիների սահմաններում:

5. Երթեւեկելի մասի աջ եզրով հեծանվորդների երթեւեկության ժամանակ հեծանվորդները պետք է երթեւեկեն միայն մեկ շարքով:

6. Հեծանվորդների շարասյան երթեւեկությունը երկու շարքով թույլատրվում է, եթե հեծանիվների եզրաչափային լայնությունը չի գերազանցում 0,75 մ:

7. Մեկ շարքով երթեւեկության դեպքում հեծանվորդների շարասյունը պետք է բաժանված լինի խմբերի` յուրաքանչյուրում 10-ական հեծանվորդ, իսկ երկու շարքով երթեւեկության դեպքում` յուրաքանչյուրում 10-ական զույգ հեծանվորդ: Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջեւ տարածությունը պետք է կազմի 80?100 մ:

8. Եթե հեծանվորդի երթեւեկությունը մայթով, հետիոտնային արահետով, կողնակով կամ հետիոտնային գոտիների սահմաններում վտանգում կամ խոչընդոտում է այլ անձանց երթեւեկությունը, հեծանվորդը պարտավոր է իջնել հեծանիվից եւ ղեկավարվել հետիոտների երթեւեկության համար օրենսդրությամբ նախատեսված պահանջներով:

9. Մոպեդների վարորդները պետք է երթեւեկեն երթեւկելի մասի աջ եզրով մեկ շարքով կամ հեծանվորդների համար գոտիով:

10. Մոպեդների վարորդների երթեւեկությունը թույլատրվում է կողնակներով, եթե դա չի խոչընդոտում հետիոտներին:

11. Հեծանվորդներին եւ մոպեդների վարորդներին արգելվում է`

1) վարել հեծանիվը կամ մոպեդը առանց ղեկը բռնելու,

2) փոխադրել բեռ, որը խանգարում է ղեկավարելուն կամ որը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5 մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը,

3) տեղափոխել ուղեւոր, եթե դա նախատեսված չէ տրանսպորտային միջոցի կառուցվածքով,

4) տեղափոխել մինչեւ 7 տարեկան երեխա` նրա համար հատուկ կահավորված նստատեղի բացակայության դեպքում կամ այդ նստատեղից դուրս,

5) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթեւեկությամբ, ինչպես նաեւ տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթեւեկության գոտի ունեցող ճանապարհներին,

6) հատել ճանապարհը հետիոտնային անցումներով:

12. Արգելվում է հեծանիվների եւ մոպեդների, ինչպես նաեւ հեծանիվներով եւ մոպեդներով քարշակումը, բացառությամբ հեծանիվի կամ մոպեդի հետ շահագործման համար նախատեսված հեծանվակցորդի կամ կցորդի քարշակման:

13. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները եւ մոպեդների վարորդները պետք է զիջեն ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Հոդված 243. ԼԾԱՍԱՅԼԵՐԻ (ԼԾԱՍԱՀՆԱԿՆԵՐԻ) ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ, ԲԵՌՆԱԿԻՐ ԵՎ ՀԵԾԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ՔՇԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Երթեւեկելի մասով լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել թույլատրվում է 14 տարեկանը լրացած անձանց:

2. Լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, երթեւեկելի մասի եզրով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա չի խոչընդոտի հետիոտներին:

3. Լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում` 10-ական բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ 5-ական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 80-100 մ:

4. Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից ճանապարհ դուրս գալիս սահմանափակ տեսադաշտով վայրերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

5. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին` հնարավորին չափ ուղորդելով դեպի ճանապարհի աջ եզրը:

6. Կենդանիներին երկաթուղային գծերն անցկացնելիս դրանք պետք է բաժանվեն այնպիսի քանակությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել յուրաքանչյուր խմբի անվտանգ անցումը:

7. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ եւ անասուններ քշողներին արգելվում է`

1) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության,

2) կենդանիներին քշել երկաթուղային գծերով եւ ճանապարհներով` դրա համար նախատեսված տեղերից դուրս, ինչպես նաեւ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում (բացի տարբեր մակարդակների վրա անասուններին երկաթուղային գծերը կամ ճանապարհն անցկացնելուց),

3) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե եւ ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով,

4) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100 մ մոտ տարածքներում, ինչպես նաեւ դրանց կուտակել երթեւեկելի մասերում եւ մայթերին:

8. Արգելվում է վարել լծասայլ, եթե այն`

1) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով եւ հակագլորման հենակներով.

2) առջեւի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելու համար).

3) հետեւի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգ` մոպեդներ եւ դրանց համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլներ.».

2) 1-ին մասը լրացնել լրացնել նոր 1.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով եւ ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթեւ մոտոցիկլեր).».

3) 1-ին մասի 2-րդ կետում ««A1» ենթակարգին» բառերը փոխարինել ««AM» եւ «A1» ենթակարգերին» բառերով.

4) 1-ին մասի 3-րդ կետում «քվադրոցիկլեր» բառը փոխարինել «քվադրիցիկլեր» բառով.

5) 3-րդ մասի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) «AM» ենթակարգի`  16 տարին լրացած անձանց, իսկ «A», «B» եւ «C» կարգերի ու «A1», «B1» եւ «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.».

6) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականներ, ընդ որում` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:».

8) 7-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AM,» բառը.

9) լրացնել նոր 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ եւ 19-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«10. «A» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «AM» եւ «A1» ենթակարգի, ինչպես նաեւ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող «B1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «B» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «B1» ենթակարգի (բացառությամբ մոտոցիկլային նստատեղ կամ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցներ, «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «C1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «D» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «CE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «C1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ, «DE» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք վերապահող` Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականն իրավունք է վերապահում վարել նաեւ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցներ:

11. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաեւ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչեւ 1992 թվականի փետրվարի 21-ը տրված վարորդական վկայականը կորցնելու, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վարորդական վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

12. Հայաստանի Հանրապետության` երկքաղաքացի հանդիսացող քաղաքացիների` այլ երկրներում ստացած եւ Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տրվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

13. Այլ պետություններում ստացած եւ Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականը փոխանակվում է առանց որակավորման քննություններ հանձնելու:

14. Կորցրած կամ գողացված օտարերկրյա (բացառությամբ ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից մինչեւ 1992 թվականի փետրվարի 21-ը տրված) ազգային եւ միջազգային վարորդական վկայականի փոխարեն Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականների հատկացում չի կատարվում:

15. Այլ պետություններում ստացած եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին չհամապատասխանող ազգային եւ միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականներով չեն փոխանակվում եւ կորած վարորդական վկայականի կրկնօրինակ չի տրվում:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային վարորդական վկայականով թույլատրվում է վարել տրանսպորտային միջոցներ միայն ազգային վարորդական վկայականի առկայության դեպքում:

17. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական եւ (կամ) աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի: Սույն մասով նախատեսված արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվում Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ:

18. Այլ երկրում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում միջազգային պայմանագրերի մասնակից, տրված ազգային վարորդական վկայականը փոխադարձության պայմանով համարվում է գործող Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոց վարելու համար միայն այն դեպքում, եթե այն ներկայացվում է սահմանված կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանությունով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ վարորդական վկայականի բոլոր գրառումները կատարված են կամ կրկնօրինակված են լատիներեն այբուբենի տառերի նման:

19. Օտարերկրյա ազգային եւ միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են գործող նշված վարորդական վկայականների համապատասխան կարգերի եւ ենթակարգերի տրանսպորտային միջոցների համար` տիրապետողների տարիքը սույն հոդվածով սահմանված տարիքը լրանալու պահից:»:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1.2-րդ մասում «A1» բառից առաջ լրացնել «AM,» բառը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը, բացառությամբ «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածուի: «AM» ենթակարգի տրանսպորտային միջոցի վարորդի թեկնածու կարող է դառնալ 16 տարին լրացած անձը:».

3) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործնական վարման ուսուցումը կարող է իրականացվել այն ճանապարհներին, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արգելված չէ դրա իրականացումը:»:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Վարելու իրավունքը դադարելը եւ վարորդական վկայականի ուժը կորցնելը

1. Անձի վարելու իրավունքը դադարում է, եթե`

ա) առկա է նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ եւ (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված պայմաններին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացություն.

գ) առկա է վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ իրավասու այլ մարմնի անբողոքարկելի դարձած որոշում.

դ) նա մահացել է:

2. Անձի վարորդական վկայականն ուժը կորցնում է, եթե`

ա) առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը.

բ) լրացել է վարորդական վկայականի գործողության ժամկետը.

գ) վարորդական վկայականը կորել է, եւ անձը դիմել է սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված հիմքերով ուժը կորցրած վարորդական վկայական հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը վերցնում է այդ վարորդական վկայականը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «գ» կետերով նախատեսված հիմքերով դադարեցված վարելու իրավունքը վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:»:

Հոդված 11. Օրենքի 33.1-ին հոդվածի 2-րդ մասի «ժա» կետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների խոտանված հաշվառման համարանիշերի վահանակների» բառերով:

Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ (միայն նոր լրացվող 10-րդ մասի հետ կապված) կետերը, 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման


1. Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաեւ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ եւ հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար: Մասնավորապես.

1) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`

- մի շարք հասկացություններ հստակ չեն եւ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, իսկ որոշ հասկացություններ ընդհանրապես սահմանված չեն,

- հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է եւ դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում,

- ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես` Երեւան քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարի վայրում`  առաջանելով խցանումներ,

- վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաեւ վարորդական վկայականի (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն,

- մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաեւ դրանք վարելու համար վարորդական վկայական ունենալու պահանջ սահմանված չէ: Այսինքն, ըստ էության, մոպեդները հաշվառման համարանիշեր չունենալու պատճառով դուրս են մնում երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով օգտագործվող սարքերի տեսադաշտից, ինչպես նաեւ չկա որեւէ վերահսկողություն մոպեդ վարող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կանոններին տիրապետելու հանգամանքի նկատմամբ,

- հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները հստակ չեն, սահմանված չէ, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

- հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշ դրույթներ (մասնավորապես` հասկացություններ) չեն համապատասխանում ներկայիս պահանջներին,

- նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը ենթադրում է վարչական վարույթի իրականացում, ինչի արդյունքում իրավասու մարմինը ստիպված է լինում ինչպես պատահարի վայրում, այնպես էլ` գործի քննության ընթացքում կատարել լրացուցիչ գործողություններ, որոնք այնուհետեւ կատարվում են նաեւ ապահովագրական ընկերությունների կողմից, ինչը եւս անուղղակիորեն նպաստում է խցանումների առաջացմանը.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հասկացություններ («ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական») չեն համապատասխանում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

4) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում առկա են որոշ դրույթներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով եւ ՎԻՎ օրենսգրքով  նախատեսված կարգավորումներին:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով.

1) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`

- սահմանված հասկացությունները հստակեցնել եւ համապատասխանեցնել ներկայիս պահանջներին, ինչպես նաեւ սահմանել նոր հասկացություններ,

- առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

- տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը` հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,

- հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները,

- կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաեւ վարորդական վկայականի (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները,

- սահմանել մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլ վարորդական վկայական ունենալու պահանջ,

- հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները` սահմանելով, թե մինչեւ 14 տարեկան անձը որտեղ եւ ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

- կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների եւ լծասայլերի (լծասահնակների) երթեւեկության, ինչպես նաեւ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին եւ անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները.

- Օրենքի 13.1. հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակեցնելով այն անձանց շրջանակը, ով իրավասու կլինի օգտվելու համապատասխան տեղեկատվական բազաներից: Համանման մոտեցում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրը ցուցաբերել է անշարժ գույքի գրանցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրման առումով, ինչը շարժական գույքի համեմատությամբ ունի առավել ինտրուզիվ նշանակություն:

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի`

- 123.6-րդ հոդվածում ձյունագնացից բացի նախատեսել նաեւ քվադրոցիկլը (մոտոամենագնացը) եւ ձյունաճահճագնացը, քանի որ դրանք եւս հանդիսանում են արտաճանապարհային փոխադրամիջոցներ եւ դրանց շահագործումն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով եւս արգելված է,

- 124.6-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ` հանելով նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի գործերով վարույթին վերաբերող դրույթներ սահմանող 5-րդ եւ 6-րդ մասերը.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ, 17.1-ին, 25-րդ, 26-րդ կետերում եւ 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր», «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին: Օրենքի 31-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից:

4)«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածներում առկա դրույթները համապատասխանեցվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով եւ ՎԻՎ օրենսգրքով  նախատեսված կարգավորումներին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության « կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

16 մայիսի 2019 թվականի  N 576   - Ա   
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ   «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ   ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության  կառավարության  օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի 21
         Երեւան

                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  
                                                                                                    պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 576-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:
 

Հարգանքով`
ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ