Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-175-05.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (ընդունված 2003 թվականի ապրիլի 18-ին, համարը՝ ՀՕ-528-Ն) 329-րդ 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն ապաստան հայցողների եւ փախստականների վրա, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Մինչեւ 2014 թվականը ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանն ապօրինի հատելու հանցանքի համար պարունակում էր քրեական հետապնդումից ազատում նախատեսող առանձին դրույթ «քաղաքական ապաստանի» համար դիմող անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության այն ժամանակ գործող Սահմանադրությամբ վերապահված՝ նախագահի բացառիկ իրավունքի ներքո: «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի օրենքի շրջանակներում փախստականի կարգավիճակի համար դիմող կամ փախստականի կարգավիճակ ստացած անձինք հստակ կերպով ազատված չէին պատասխանատվությունից եւ անօրինական կերպով մուտք գործելու դեպքում ենթակա էին քրեական հետապնդման եւ կալանքի վտանգին: 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ հանվեց «քաղաքական» բառը եւ ընդլայնվեց պատասխանատվությունից ազատում նախատեսող դրույթի կիրառությունը՝ տարածվելով Հայաստանում ապաստան հայցող անձանց վրա: Այդպիսով, ներպետական օրենսդրությունն առավել սերտորեն համաձայնեցվեց միջազգային չափորոշիչներին՝Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի 7.4.2 կետով նախատեսված պահանջին համապատասխան:1 ՀՀ իշխանություների եւ մասնավորապես դատական համակարգի կողմից 329-րդ հոդվածի 3-րդ մասին տրված մեկնաբանությունները ոչ միշտ են համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Որոշ դեպքերում 329-րդ հոդվածի 3-րդ մասը մեկնաբանվել է այն իմաստով, որ պատժամիջոցների չկիրառումը տարածվում է միայն որպես փախստական ճանաչված անձանց վրա (բացառելով ապաստան հայցողներին) եւ այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետություն են ժամանել՝ նախապես Հայաստանում ապաստան հայցելու մտադրությամբ: Այս կերպ մեկնաբանության արդյունքում ապաստան հայցողները ենթարկվել են երակարատեւ եւ (կամ) կամայական կալանավորման (2014-2016 թվականներին համապատասխան դիտարկումներ է իրականացրել ՄԱԿ ՓԳՀ-ն):

Նախագծով նախատեսվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում շտկել պաշտպանության հետ կապված այսպիսի բացթողումները եւ ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝ այդպիսով կատարելով «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

 Վավերացնելով «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիան եւ միանալով «Փախստականների կարգավիճակի մասին» 1967թվականի Արձանագրությանը՝ Հայաստանը ստանձնել է նշված երկու փաստաթղթերով սահմանված պարտավորությունները: Հարկ է նաեւ նշել, որ ՀՀ Սահմանդրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: ՊԱրզապես ձեւական համապատասխանությունն ինքնին չի կարող բավարար լինել. Խնդիրն այն է ՝ արդյոք ազգային օրենսդրության եւ պրակտիկայի, այդ թվում՝ վարչական հայոցողություն իրականացնելու միջոցով պետությունը կարողացել է պահպանել միջազգային չափորոշիչի պատշաճ արդյունավետությունը եւ ապահովել միջազգային պայմանագրի համապատասխան դրույթների արդյունավետ իրականացումը: Վերոնշյալ միջազգային իրավական ակտերին միացած պետությունները հանձն են առել պահպանել փախստականների հետ վարվելու որոշաի չափորոշիչներ եւ նրանց համար երաշխավորելու որոշակի իրավունքներ, այդ թվում՝ պատժամիջոցներ չկիրառելը ապօրինի մուտք գործելու կամ ներկայության դեպքում(«Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի կոնվենցիայի 31-րդ հոդված): 31-րդ հոդվածի համաձայն 1-ին կետի համաձայն՝ «պատժամիջոցներ չեն կիրառվում այն փախստականների ապօրինի մուտքի կամ ներկայության կապակցությամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր հոդված 1-ի մասով, մուտք են գործում իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլտվության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին եւ մատնանշեն իրենց ապօրինի մոըտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը»: Սույն կարգավորումը արտացոլված է «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ «ապաստան հայցողները եւ փախստականները Հայաստանի Հանրապետությունապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական պատասխանատվության»:

ՄԱԿ ՓԳՀ-ի դիտարկմամբ, ՀՀ Կառավարությունը որոշ դեպքերում հրաժարվել է ապաստան հայցողների նկատմամբ կիրառել 31-րդ հոդվածի 1-ին  կետով նախատեսված պաշտպանությունը՝ նշելով, որ նրանք կարող են օգտվել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պաշտպանությունից միայն որպես փախստականներ ճանաչված լինելու դեպքում:

«Ապաստան հայցող» եզրույթը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ում՝ միջազգային պաստպանություն ստանալու հայցի վերաբերյալ դեռեւս որեւէ որոշում չի կայացվել: հայաստանում այդպիսի դեպքերը կարող են ներառել այն հարցերը, որոնք քննվում են ընդունելիության   կամ նախնական ուսումնասիրության ընթացակարգով, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք քննվում են «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան: 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի իմաստով անձը փախստական է համարվում, եթե նա համապատասխանում է սահմանման մեջ նշված չափորոշիչներին: Սա, սովորաբար տեղի է ունենում մինչեւ նրա՝ փախստականի կարգավիճակի պաշտոնական որոշումը:Հետեւաբար, վերոնշյալ կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետին իմաստ հաղորդելու համար այն պետք է կիրառվի ոչ միայն որպես փախստական ճանաչված անձանց, այլ նաեւ ապաստան հայցողների նկատմամբ:

Խնդրահարույց է նաեւ անձի՝ սահմանը անօրինական կերպով հատելու ժամանակ ապաստան հայցելու ցանկության կամ իրական մտադրության հետ կապված հարցը: 329-րդ հոդվածի 3-րդ մասի ներկային ձեւակերպմամբ նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատում այն ժամանակ, երբ տվյալ անձը ժամանել է Հայաստան «ապաստանի իրավունքից օգտվելու համար»: Այս արտահայտության գործնական մեկնաբանման համաձայն ՝ Հայաստանում ապաստան հայցելու նախնական մտադրության առկայությունը համարվում է որպես անօրինական կերպով մուտք գործելու համար պատժամիջոցների չենթարկվելու դրույթից օգտվելու անհրաժեշտ պայման: Այդուհանդերձ, «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետում որպես պատժամիջոցների չենթարկվելու իրավունքից օգտվելու պայման ներառված չէ որեւէ դրույթ ապաստան հայցելու նախնական մտադրության մասին:

Հետեւապես, սույն Նախագիծը միտված է համապատասխանեցնելու գործող օրենսդրության քննարկված նորմերը վավերացված միջազգային չափանիշներին եւ այդ չափանիշներին համապատասխան  ապահովելու անձանց իրավական պաշտպանության իրավունքը որոշակի հանգամանքներում:

--------------------------------------------------------------------------------

1 Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 1593-Ն որոշում
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ

ՊԱՐՈՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածի մասին տեղեկանքը:
 
 

Հարգանքներով՝  Նիկոլայ Բաղդասարյան
                            Սերգեյ Ատոմյան
 

4.06.2019թ.
ք. Երեւան