Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-176-05.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք, համարը՝ ՀՕ-248) 6-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49-րդ եւ 50-րդ կետերով.

49) Ծանուցագիր՝ թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, ինչպես նաեւ դատական նիստի ժամանակ դատավորի կողմից արված հրապարակային հաղորդումը, որի վերաբերյալ առկա է ձայնագրություն, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի դատավարական գործողության կամ դատական նիստի:

50) Ծանուցում՝ դատավարական գործողություն, որով  անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը կազմակերպում է սույն օրենսգրքով նախատեսված անձանց ներկայությունը քրեական դատավարությանը՝ բնականոն ընթացքն ապահովելու համար»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 24.1

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Հոդված 174.1 Ծանուցման եղանակները

1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, ովքեր ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն:

2. Անձի ծանուցումը կատարվում է՝

1) թղթային ծանուցագրով.

2) էլեկտրոնային ծանուցագրով.

3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով, եթե արձանագրությունը կազմվում է էլեկտրոնային եղանակով:

Հոդված 174.2 Առանձին կատեգորիայի անձանց ծանուցման առանձնահատկությունները

1. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հաստատությունում գտնվելու դեպքում՝ դրա վարչակազմի միջոցով:

2. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:

3. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով:

4. Այլ պետության տարածքում բնակվող անձին, բացի սույն օրենսգրքի 174.4-րդ հոդվածով նախատեսված կարգից, թղթային ծանուցագիրը կարող է ուղարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ միջազգային պայմանագրով սահմանված այլ կարգով:

Հոդված 174.3 Ծանուցագրի բովանդակությունը

1. Ծանուցագրում նշվում է՝

1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները.

2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն եւ դատավարական կարգավիճակը.

3) ներկայանալու տեղը եւ ժամանակը (տարին, ամիսը, օրը եւ ժամը).

4) կատարման ենթակա դատավարական գործողությունը.

5) հակիրճ տեղեկություններ հարուցված քրեական գործով վարույթի վերաբերյալ.

6) ծանուցումը ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին.

7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետեւանքները, բացառությամբ սույն օրենսգրքի 448-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի.

2. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված թղթային ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների եւ պարտականությունների ցանկը:

Հոդված 174.4 Ծանուցագիրն ուղարկելը եւ հանձնելը

1. Ծանուցագիրը հանձնվում է դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ: Եթե դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:

2. Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրը ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:

3. Թղթային ծանուցագիրը ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից որեւէ մեկին, հարեւաններին, համատիրությանը կամ փոխանցվում է նրան՝ աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի կամ ուսման վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի ղեկավարին կամ իրավասու աշխատակցին, ով պարտավոր է թղթային ծանուցագիրն անհապաղ հանձնել ծանուցվողին:

4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը եւ ստացման ժամանակը, ինչը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաեւ ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:

5. Թղթային ծանուցագրի՝ ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմնին:

6. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել կարճ հաղորդագրությունը բջջային հեռախոսի կամ նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված համաձայնությունը ստանալու դեպքում, քրեական վարույթն իրականացնող մարմինը համապատասխան անձանց ներկայացնում է այն պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը, որից կուղարկի ծանուցումը:

8.Ծանուցումը բջջային հեռախոսահամարին ուղարկելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինն այդ մասին կազմում է արձանագրություն, իսկ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկելու դեպքում՝ տպում եւ քրեական գործին է կցում էլեկտրոնային նամակը:

9. էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:

Հոդված 174.5 Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետեւանքները

1. Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն, եթե ծանուցագիրը ստանալուց հրաժորվում է ծանուցագրի անմիջապես հասցեատերը եւ այդ մասին ծանուցագիր հանձնողը նշում է կատարում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է քրեական վարույթ իրականացնող մարմին:

Հոդված 174.6 Ծանուցման պատշաճությունը

1. Ծանուցումը պատշաճ է, եթե՝

1) թղթային ծանուցագիրը ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրը ստացվել է ծանուցվողի կողմից նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրը ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմնին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի նշած բջջային հեռախոսահամարին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.

6) առկա է ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.

7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.

2.Ֆիզիկական անձի էլեկտրոնային ծանուցումը համարվում է պատշաճ նաեւ այն դեպքում, երբ այն կատարվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 174.7 Քրեական վարույթն իրականացնող մարմնին հասցեի, բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային հասցեի փոփոխության մասին հայտնելու պարտականությունը

1. Ծանուցվող անձինք պարտավոր են քրեական վարույթն իրականացնող մարմնին հաղորդել գործի քննության ընթացքում նախորոք հայտնած իրենց հասցեի, բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային հասցեի փոփոխության մասին:

Հոդված 174.8 Ներկայանալու պարտականությունը եւ կանչով չներկայանալու հետեւանքները

1. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին:

2. Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ:»:

Հոդված 3. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 205-րդ հոդվածը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը վարույթ իրականացնող մարմնին վերապահում է բազմաթիվ լիազորություններ, որոնք բովանդակում են նաեւ մարդու իրավունքների իրավաչափ սահմանափակումներ:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաեւ վկան եւ տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, վկան եւ տուժողը կարող են բերման ենթարկվել, որը նրանց հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է՝ վերջիններիս նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար:

Մինչդեռ, գործող իրավակարգավորման պայմաններում՝ վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ ծանուցագրով կանչվում են միայն հարցաքննություն քննչական գործողություն կատարելու համար: Մյուս գործողություններին կանչելու վերաբերյալ քրեական դատավարության օրենսգրքում դրույթներ առկա չեն: Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ այլ դատավարական գործողություններ կատարելու համար ներկայանալու ծանուցման վերաբերյալ իրավակարգավորումներ չկան, սակայն առանց հարգելի պատճառների չներկայանալու դեպքում վերոհիշյալ սուբյեկտները կարող են բերման ենթարկվել:

Օրենսդրական բացի կարգավորմանն ուղղված այս նախագծով առաջարկվում է սահմանել ծանուցման ընդհանուր կարգ:

Ծանուցագիրն այն փաստաթուղթն է, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու որոշակի քննչական գործողության կամ դատական նիստի: Որպես ծանուցման եղանակ, միջնադարից ի վեր ավանդաբար օգտագործվել է թղթային ծանուցագիրը: Ծանուցման այս եղանակը սակայն, մի շարք խնդիրներ է առաջացնում, որոնցից ամենատարածվածը թերեւս, այն հասցեատերերին ուշ առաքելն է: Տարբեր երկրների մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում եւ դատարաններում գլխավոր հիմնախնդիրներից մեկը եղել եւ մնում է դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովումը: Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանի Դաշնությունն են, քննարկվող իրավահարաբերություններում կան կարգավորման ենթակա հարցեր: Մասնավորապես, ռուս իրավաբանների մի մասի կարծիքով՝ ՌԴ դատարաններում գործերի հեռակա քննությունը շատ հաճախ պայմանավորված է եղել հասցեատերերի պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով:

Ինովացիոն տեխնոլոգիաների ժամանակակից զարգացման պայմաններում էլեկտրոնային կապի առավելությունների օգտագործումն ակնհայտ է: Դրա մասին փաստվել է եւ մասնագիտական գրականության եւ օտարերկրյա պետությունների պրակտիկայում:

Ծանուցման էլեկտրոնային եղանակը որպես թղթային ծանուցագրի այլընտրանք, նախատեսված է էստոնիայի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, Լեհաստանի, Լատվիայի քրեադատավարական օրենսդրությամբ:

Բելառուսի Հանրապետությունում դատական ծանուցագրեր ուղարկելու համար կապի այլ միջոցների օգտագործումը, մասնավորապես՝ դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին գործի ելքով շահագրգռված անձանց ժամանակակից հաղորդակցության այնպիսի տեսակով, ինչպիսին ՍՄՍ հաղորդագրություններով ծանուցելն է, կարգավորված է դատավարական նորմերով եւ ընդհանուր իրավասության դատարաններում գործող գործավարության հրահանգներով: Այսպես, Բելառուսի Գերագույն դատարանի նախագահի 06.10.2014թ. N 81 հրամանով հաստատված «Դատական նիստին գործի նախապատրաստումը» հրահանգի 7-րդ գլխի 106-րդ կետի համաձայն՝ անձինք կարող են դատական նիստի կանչվել հեռախոսագրով, հեռագրով, էլեկտրոնային եւ ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով՝ հասցեատերերին այդպիսի ծանուցման ուղարկման եւ առաքման փաստն ամրագրելով: Բելառուսի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտության դեպքերում ծանուցումը թույլատրվում է իրականացնել էլեկտրոնային կապի միջոցով՝ հասցեատիրոջն այդպիսի ծանուցման ուղարկման եւ առաքման փաստի ամրագրմամբ:

 Ղազախստանի Հանրապետությունում որպես կողմերին դատարան կանչելու օպերատիվ եղանակ, այժմ լայնորեն կիրառվում է կարճ տեքստային հաղորդագրությունների ուղարկումը նրանց բջջային հեռախոսի բաժանորդային համարին: Բացի այդ, Ղազախստանի Հանրապետության Գերագույն դատարանի www.sud.gov.kz պաշտոնական կայքում գործարկվել է էլեկտրոնային դատական ծանուցագրի դիտման եւ արտատպման նոր ծառայություն: Տվյալ ծառայությունը հաջողությամբ կիրառվում է հանրապետության դատարանների կողմից՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հարմարավետության համար: Նշված եղանակով ստացված էլեկտրոնային ծանուցագիրը «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» 07.01.2003թ Ղազախստանի Հանրապետության օրենքի համաձայն հանդիսանում է պաշտոնեական փաստաթուղթ եւ հավասարազոր է թղթային ծանուցման:

Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի տեքստում  ՍՄՍ հաղորդագրությունների առաքում ուղղակի չի նախատեսված, Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումը իր 09.02.2012թ. N 3 որոշմամբ փոփոխություններ մտցրեց իր կողմից նախկինում ընդունված մի շարք որոշումներում, այդ թվում քրեական դատավարության ոլորտում, որոնց համաձայն՝ «մասնակիցների ծանուցումը թույլատրվում է, այդ թվում ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով՝ այդ միջոցով ծանուցմանը նրանց համաձայնության դեպքում եւ  հասցեատիրոջը ՍՄՍ ծանուցման ուղարկման եւ առաքման փաստի ամրագրմամբ: ՍՄՍ ծանուցման ստացման վերաբերյալ համաձայնության փաստը հաստատվում է ստացականով, որտեղ դատավարության մասնակցի տվյալների եւ նրա՝ այդ միջոցով ծանուցման վերաբերյալ համաձայնության հետ մեկտեղ, նշվում է բջջային հեռախոսի համարը, որին այն ուղարկվում է:»

Ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ծանուցման էլեկտրոնային եղանակի ներդրման ուղղությամբ քաղաքացիական եւ վարչական դատավարական օրենսդրությունը մի քայլ ավելի առաջ է գնացել: Այսպես, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով: Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաեւ վկաները, փորձագետները եւ թարգմանիչները: Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, հանձնվում է առձեռն, կամ ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սահմանված դեպքերում եւ կարգով: Դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով: Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով: Դատավարության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա դատական ծանուցումը կարող է կատարվել հեռախոսագրի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային հեռահաղորդակցության այլ միջոցներով: Դատարանի կողմից ֆիզիկական անձին ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը պատշաճ ձեւով ծանուցում է համարվում նաեւ այն դեպքում, երբ ծանուցումը կատարվել է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում որպես ծանուցագրերի թղթային եղանակի առաքման այլընտրանք, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հնարավորությունների օգտագործումը դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովումը կդառնա հանրային զարգացմանը համընթաց, ավելի հասանելի, օպերատիվ եւ հարմարավետ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ծանուցման 3 եղանակ՝

1) թղթային ծանուցագրով.

2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով եւ միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով եւ ծանուցվող անձից ստորագրություն վերցնելով.

3) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի, ներառյալ՝ ծանուցվող անձի կամ նրա պաշտպանի էլեկտրոնային փոստի կամ փաստաբանական պալատի պաշտոնական կայքում զետեղված էլեկտրոնային փոստի հասցեին, հեռախոսահամարին հաղորդագրություն/ կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

Երրորդ եղանակով նախատեսված էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնություն է տվել կարճ հաղորդագրությունը բջջային հեռախոսի կամ ծանուցումը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու վերաբերյալ: Ծանուցվող անձը պարտավոր է մեկ օրվա ընթացքում հաստատել ծանուցման փաստը; Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:

3. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակի ներմուծումը կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովմանը՝ դարձնելով այն հանրային զարգացմանը համընթաց, ավելի հասանելի, օպերատիվ եւ հարմարավետ՝ խուսափելով թղթային եղանակով ծանուցման համար ծախսվող ժամանակի, ռեսուրսների եւ գումարի վատնումից:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածների մասին տեղեկանքը:
 

Հարգանքներով՝    Նիկոլայ Բաղդասարյան
                              Սերգեյ Ատոմյան
 
 

4.06.2019թ.
ք. Երեւան