Armenian ARMSCII Armenian
Կ-178-05.06.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պաշտոնեական պարտականությունները կատարելու» բառերից հետո հանել «, այդ թվում՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատող համարվելու» բառերը:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1» ենթակետը «զինված ուժերի» բառերից հետո լրացնել «եւ այլ զորքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք եւ այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:»:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունում «լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն), որը հաշվի առնելու» բառերով, իսկ 3-րդ նախադասությունում «լրացուցիչ» բառը փոխարինել «այդ» բառով:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ամսին հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «օրվանից» բառով եւ հոդվածը 3.2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.

«3.3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքերով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունից ստացված  կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս՝ գործում առկա՝ մինչեւ կենսաթոշակի գործը Հայաստանի Հանրապետությունից այդ պետություն տեղափոխելը (կամ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ: Այս դեպքում՝ եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ կենսաթոշակի գործը տեղափոխելը (կամ սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11-րդ եւ 14-րդ կետերում նշված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».

Հոդված 6. Օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչեւ կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար եւ հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից:»:

Հոդված 7. Օրենքի 44-րդ  հոդվածի 1-ին մասում «մահանալու» բառից հետո լրացնել «կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու» բառերը:

Հոդված 8. Օրենքի 50-րդ  հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով, իսկ 2-րդ մասից հանել «, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա» բառերը:

Հոդված 9. Օրենքի հավելված 1-ի՝

1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:».

2) 9-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը:

Հոդված 10. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 5-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացված դիմումների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինվորական ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով:

Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում (փաստացի այսօր մարտական հերթապահություն է իրականացնում նաեւ ոստիկանությունը):

Օրենքի 34-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ նշանակելու ժամկետները: Մասնավորապես, կենսաթոշակ նշանակվում է՝

1) կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

2) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

3) կերակրողի մահվան (սույն օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) օրվանից, եթե  դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

4) զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում:

Նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Օրենքի 34-րդ հոդվածի իրավակարգավորումների (համապատասխան իրավակարգավորումների բացակայության) արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ այլ հիմքով (օրինակ՝ աշխատանքից ազատվելու հիմքով) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակը կարող է նշանակվել դիմելու օրվանից:

Միաժամանակ, գործնականում առկա են դեպքեր, երբ անձը կորցնում է որեւէ տեսակի կենսաթոշակ ստանալու իրավունքը (օրինակ՝ վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչվելու, գործում ոչ հավաստի փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով եւ այլն)՝ ունենալով այլ տեսակի կենսաթոշակի իրավունք:

Այս դեպքում եւս, համապատասխան իրավակարգավորումների բացակայության պատճառով, կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից՝ չնայած այն հանգամանքին, որ եթե շահառուն ավելի վաղ տեղյակ լիներ խնդրին, ապա կենսաթոշակ նշանակելու դիմումը կներկայացներ (կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք կբերեր) ավելի վաղ ժամկետից:

Օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու պայմաններն ու կարգը: Մասնավորապես, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում:

Այս դեպքում, եթե անձը մշտական բնակության համար վերադառնում է Հայաստանի Հանրապետություն, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում նոր հիմունքներով:

Գործող իրավակարգավորումների արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով անձը, մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո, այլեւս կենսաթոշակի իրավունք չի ունենում կամ նրան նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափը պակաս է լինում նախկինում նշանակված կենսաթոշակի չափից:

Օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք,  այդ  գումարներից հաշվանցվում են այլ կենսաթոշակի գումարները (որն անձը կստանար, եթե ժամանակին ներկայացներ դիմում):

Սակայն գործնականում առկա են դեպքեր, երբ անձը նույն ժամանակահատվածում ունենում է ոչ թե այլ կենսաթոշակի, այլ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք: Իսկ գործող իրավակարգավորումների համաձայն՝ վերը նշված նպաստի գումարը կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարներից չի կարող հաշվանցվել:

Օրենքի 44-րդ հոդվածով կանոնակարգվում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես, թաղման նպաստը տրվում է նաեւ հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում:

Գործնականում, հանդիպում են դեպքեր, երբ անձը սահմանված ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է՝ մինչեւ այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը:

Այս դեպքի համար օրենքով թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու դրույթ նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում վարչական վարույթը դադարեցվում է:

Արդյունքում՝ անհավասար պայմաններ են ստեղծվում նույն կարգավիճակն ունեցող տարբեր անձանց համար:

Օրենքի 50-րդ հոդվածը վերաբերում է կենսաթոշակառուի պարտականություններին, որի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալներ ներկայացնել լիազոր մարմին:

Սակայն, համաձայն գործող ընթացակարգերի,  կենսաթոշակառուն տվյալները ներկայացնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Ըստ այդմ, առկա է անհամապատասխանություն գործող ընթացակարգերի եւ իրավակարգավորումների միջեւ:

Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված արտականությունները չկատարելու հետեւանքով կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները ենթակա են հետգանձման օրենքով սահմանված կարգով, իսկ եթե դադարել է անձի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ապա դատարանի վճռի հիման վրա:

Այնինչ, օրենքի այլ դրույթներով արդեն իսկ սահմանված է գումարների հետգանձման դատական կարգ (այսինքն՝ ավել վճարված գումարները դատարանի վճռի հիման վրա հետգանձելն օրենքով սահմանված եղանակներից մեկն է, եւ Օրենքի 50-րդ հոդվածի խնդրո առարկա դրույթը չունի կիրառական նշանակություն):

Օրենքի հավելված 1-ով կարգավորվում են միջազգային կազմակերպությունում աշխատող ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային վճարին առնչվող հարաբերությունները:

Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակային վճարը ՀՀ պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը, սակայն գործող ընթացակարգերի համաձայն՝ այդ վճարը ՀՀ պետական բյուջե է վճարվում ՀՀ դրամով (կոնվերտացվում է մինչեւ ՀՀ պետական բյուջե մուտքագրելը):

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս՝ զինծառայության ստաժում կրկնակի չափով հաշվառվում է նաեւ այլ զորքերի զինծառայողների՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը.

2) կենսաթոշակը նշանակվում է.

ա) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.

բ) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք եւ այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր կնքած պետությունից ստացված  կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս՝ նախկին օրենսդրությամբ հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե գործող օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ, իսկ եթե նշանակվող (հաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ կենսաթոշակի գործը տեղափոխելը Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով.

4) կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետեւանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝  ավել վճարված կենսաթոշակի գումարներից հաշվանցվում է ոչ միայն կենսաթոշակի, այլ նաեւ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարը (եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք).

5) թաղման նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ այն դեպքում, երբ անձը սահմանված եռամսյա ժամկետում ներկայանում է վերափորձաքննության, սակայն մահանում է մինչեւ իր վերաբերյալ որոշում կայացնելը.

6) կենսաթոշակառուն պարտավոր է իրեն վերաբերող հավաստի տվյալները  ներկայացնել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, այլ ոչ թե լիազոր մարմին.

7) կենսաթոշակային վճարը պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով:

Նախագծի 1-ին, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են օրենքի դրույթները՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:

Միաժամանակ, նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 5-րդ հոդվածի դրույթներին տրվել է հետադարձ ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցով սահմանվող կարգավորումների հիմքում ընկած են կոնկրետ քաղաքացիների ներկայացրած դիմումները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:

4. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված չափաքանակների շրջանակներում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

23 մայիսի 2019 թվականի  N 600 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի 24
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն    ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 600-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
 
 

Հարգանքով՝  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ