Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-180-06.06.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 172.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետից եւ 254-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետից հանել «, 172.3» թիվը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները խոչընդոտող եւ անգործությամբ դրսեւորվող արարքի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարման համար: Մինչդեռ, գործնականում անձը իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը կարող է խոչընդոտել նաեւ գործողությունների կատարմամբ կամ, այսպես կոչված, ակտիվ անհնազանդությամբ: Այդ գործողությունների առավել վտանգավոր դրսեւորումները` բռնություն գործադրելը եւ դրա սպառնալիքը, քրեականացված են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:

Սակայն, բացի բռնությունից եւ դրա սպառնալիքից, հնարավոր են իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ գործողություններ եւս, օրինակ` արգելքներ տեղադրելը` ոստիկանության տրանսպորտային միջոցների եւ վերակարգերի տեղաշարժը սահմանափակելու նպատակով, ոստիկանության տրանսպորտային միջոցի անվադողերը վնասելը, որեւէ իրից բռնվելը` ձերբակալումից խուսափելու համար, ձերբակալող ոստիկանի բռնվածքից ուժով ազատվելը, նրա համազգեստից բռնելը, քաշքշելը, ձերբակալվող այլ անձին ոստիկանի «ձեռքից փախցնելը» եւ այլն: Հաշվի առնելով, որ այսպիսի գործողություններն իրենցից ավելի բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում, քան պարզապես օրինական պահանջին չենթարկվելը, առաջարկվում է այդ գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն:

Հարկ է նշել, որ ԱՊՀ մի շարք պետություններում ոստիկանության ծառայողի (իշխանության ներկայացուցչի) պարտականությունների կատարմանը խոչընդոտելու (դիմադրելու) համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (օրինակ` Բելառուս, Ուկրաինա), եւ որպես պատիժ, բացի տուգանքից, նախատեսված է կալանքը կամ ազատազրկումը, իսկ, օրինակ, ՌԴ-ում ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է եվրոպական եւ այլ երկրներին (օրինակ` ԱՄՆ, Կանադա), ապա դրանց մեծ մասում չի տարանջատվում վարչական եւ քրեական պատասխանատվությունը, սակայն վերլուծելով քննարկվող իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցները (բարձր տուգանքներ, ազատազրկում), պարզ է դառնում, որ դրանք որակվում են որպես բավականին մեծ հանրային վտանգավորությունուն ունեցող իրավախախտումներ:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցչին, նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հրապարակայնորեն վիրավորելուն, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածն այդ արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելու շրջանակները նույնպես սահմանափակել է միայն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու դեպքերով: Մինչդեռ, ոստիկանության ծառայողի կողմից այլ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ նրան հրապարակայնորեն վիրավորելը նույնպես առաջին հերթին ուղղված է կառավարման կարգն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:

Բացի այդ, ոստիկանության ծառայողին նրա ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ հրապարակայնորեն վիրավորելը օժտված է հանրային վտանգավորության այնպիսի աստիճանով, որը բավարար է այդ արարքը քրեականացնելու համար: Իշխանության ներկայացուցչին վիրավորելը ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան նրա պատվի եւ արժանապատվության, որքան` կառավարման կարգի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ: Համանման տրամաբանությամբ քրեականացված են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերնունքը (հոդված 343), դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը (հոդված 344):

Հարկ է նշել, որ ԱՊՀ եւ եվրոպական տարբեր երկրներում նմանատիպ արարքների համար նախատեսված է հենց քրեական պատասխանատվություն: Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 319 հոդվածով համանման արարքը պատժվում է տուգանքով կամ պարտադիր աշխատանքներով՝ մինչեւ 360 ժամ տեւողությամբ, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, Բելառուսի քրեական օրենսգրքի 369 հոդվածով՝ հանրային աշխատանքներով կամ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի 140 հոդվածով՝ տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 2-ից 3 տարի ժամկետով կամ նույնիսկ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բելգիայում ոստիկանության ծառայողին հրապարակայնորեն վիրավորելը նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պատժվում է 8 օրից 1 ամիս ազատազրկմամբ եւ տուգանքով (քրեական օրենսգրքի 276 հոդված), Ավստրիայում՝ տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 116 հոդված), Դանիայում՝ տուգանքով կամ կալանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով (քրեական օրենսգրքի 121 հոդված): Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածը ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելու համար` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարման հետ, նախատեսում է ընդամենը տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ` բոլոր իշխանության ներկայացուցիչների համար:

Առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են ՀՀ ------------------ կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության

Ազգային Ժողովի նախագահ
Արարատ Միրզոյանին


Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1) Օրենքի նախագիծը

2) Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3) Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը

Խնդրում եմ վերը նշված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ Արմեն Խաչատրյան