Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքի նպատակը պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների համակարգված կատարման ապահովումն է ներդրումային ծրագրերի պետական աջակցության ոլորտում:

2. Սույն օրենքի կարգավորման առարկան օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պետական մարմինների, ինչպես նաեւ այդ ծրագիրն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ տվյալ ներդրումային ծրագրի շրջանակներում հարաբերություններն են:

Հոդված 2. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության չափորոշիչները

1. Սույն օրենքով պետական աջակցության ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով 50 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը:

Հոդված 3. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության կարգը եւ լիազոր մարմինը

1. Սույն օրենքի պահանջների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

2. Սույն օրենքի պահանջների կատարումը պետական լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն  է:

Հոդված 4. Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթները

Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթներն են՝

1. մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության իրականացումը

2. սույն օրենքով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրերի իրականացման ողջ շղթայի ընթացքում պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումային ծրագրի իրագործման շրջանակներում պարտականությունների կատարման համակարգման եւ  պետական վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, անշարժ գույքի ձեռքբերման, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերման, նոր կազմակերպության ստեղծման, գործող կազմակերպության վերակազմակերպման, լիցենզավորման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումային գործընթացների նկատմամբ:

3. ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում պետական այլ մարմիններին ծրագրի իրականացմանն առընչվող դիմումների ներկայացումը եւ դրանց կատարման ընթացքի վերահսկումը

4. ներդրումային ծրագրերի էլեկտրոնային դիտանցման միասնական համակարգի կառավարումը:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայումս բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն իրագործվում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ծրագրերի իրականացումն ապահովող տարբեր փաստաթղթերի (հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, լիցենզավորման եւ ներդրումային գործընթացներին առընչվող այլ փաստաթղթերի) հաճախ անհարկի եւ անհասկանալի մերժման, ուշացման կամ անարձագանք թողնելու պատրվակով:

Օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ պետական կառավարման տարբեր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների հստակեցմամբ, օրենքով պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության ինստիտուտի սահմանմամբ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում:

Օրենքի նախագծերով կոնկրետ լիազորություններ են վերապահվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովող համապատասխան փաստաթղթերի տրամադրման եւ համապատասխան միջոցառումների իրականացման շրջանակներում: 
     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

06.06.2019թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եվ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագծերը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ