Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1821-07.06.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, որպես պետական լիազոր մարմին մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության, ներդրումային ծրագրերի ընթացքի վերահսկողության, ներդրումային ծրագրերի իրականացման դիտանցման միասնական էլեկտրոնային համակարգի կառավարման,  պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ներկայումս բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն իրագործվում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ծրագրերի իրականացումն ապահովող տարբեր փաստաթղթերի (հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, լիցենզավորման եւ ներդրումային գործընթացներին առընչվող այլ փաստաթղթերի) հաճախ անհարկի եւ անհասկանալի մերժման, ուշացման կամ անարձագանք թողնելու պատրվակով:

Օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ պետական կառավարման տարբեր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների հստակեցմամբ, օրենքով պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության ինստիտուտի սահմանմամբ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում:

Օրենքի նախագծերով կոնկրետ լիազորություններ են վերապահվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովող համապատասխան փաստաթղթերի տրամադրման եւ համապատասխան միջոցառումների իրականացման շրջանակներում: 
  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

06.06.2019թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եվ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագծերը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) օրենքի նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ