Armenian ARMSCII Armenian
Կ-1951-19.06.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձեւով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 243.1-ին հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը»,

2) 1-ին մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված» բառերով, իսկ «չափով» բառից հետո` «կամ կալանքով` մինչեւ երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:»,

4) 2-րդ մասը «զրկված» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող» բառերով, իսկ «ժամկետով» բառից հետո` «` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով,

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասեր.

«4. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ զրկման ժամկետը չի լրացել:

5. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

6. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է եւ կասեցման ժամկետը չի լրացել:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: