Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-200-21.06.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-142-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերն են`

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասներկու միլիոն հայկական դրամ է.

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է.

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը հինգ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ տասներկու միլիոն հայկական դրամով.

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` հինգ միլիոն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

2. Ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների եւ ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը:

Գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը բարձրացնել երկու միլիոն ՀՀ դրամով:

Սույն օրենքի նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ ներգրավելով նոր ակտիվներ բանկային համակարգ:

Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ համապատասխանաբար դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային ակտիվության վրա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ